Մատչելիության հղումներ

Հայաստան մշտական բնակության վերադարձած ընտանիքը մաքսատնից իր գույքը ստանալու հետ կապված խնդիր ունի


13 տարի Թուրքիայում ապրելուց հետո Վահրադյանները հայրենիք վերադառնալուց հետո խնդրի առաջ են կանգնել:

Երեք երեխաների, սկեսուր-սկեսրայրի հետ Գյումրի վերադարձած Արփինե Վահրադյանն ասում է, որ մեկ ամիս է չեն կարողանում իրենց հետ բերած անձնական իրերն ու տանն օգտագործած գույքը տուն հասցնել. – «Էնտեղ ինչ օգտագործել ենք, ամբողջությամբ բերել եմ: Հագուստ, սառնարան, լվացքի մեքենա, էդ տեսակի բաներ, բոլորն այնտեղ օգտագործված, ոչ մի նոր բան չունեմ: Պարոն Փաշինյանի խոսալը լսել էինք, որ ինքը հայտարարություն արեց, որ մեր հայրենադարձները կարող են իրենց գույքը իրենց հետ բերել, օգտագործել: Հիմա ստեղ մի մեծ խնդրի առաջ ենք կանգնել, թե գույքը ինչի չենք կարողանում վերցնել: Ու ամեն օր նոր բան, ամեն օր մի նոր պատճառ...»

Մոտ մեկ ամիս առաջ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությամբ Ազգային ժողովը հայրենադարձությունը խթանող օրենք ընդունեց: Այն արտոնություն է տալիս վերջին հինգ տարում Հայաստանում չբնակված այն քաղաքացիներին, որոնք որոշել են վերադառնալ հայրենիքում մշտապես բնակվելու:

«Եթե քաղաքացին, անկախ նրանից նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, թե այլ երկրի քաղաքացի, վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն կեսը բացակայել է Հայաստանի Հանրապետությունից և վերադառնում է Հայաստան մշտակություն հաստատելու նպատակով, դիմում է համապատասխան լիազոր մարմնին, որը Անձնագրերի և վիզաների վարչությունն է, ստանում է այդ տեղեկանքը, որ նա վերջին հինգ տարվա առնվազն կեսը բացակայել է Հայաստանի Հանրապետությունից և ցանկանում է մշտապես բնակվել Հայաստանում: Այդ տեղեկանքի հիման վրա ներկայանում է մաքսային մարմիններ և անվճար ստանում է իր անձնական օգտագործման գույքը, ինչպես նաև մեկ տրանսպորտային միջոց, եթե դա պատկանել է իրեն վերջին վեց ամսում», - պարզաբանել էր Գաբրիելյանը:

Հենց այս օրենքից է ուզում օգտվել Վահրադյանների ընտանիքը: Եթե մեկ ամսից խնդիրը չլուծվի, ստիպված կլինեն վճարել նաև պահեստի վճարը:

Արփինե Վահրադյանը մաքսային մարմին դիմում ներկայացրել է, ներկայացրել է նաև փաստաթուղթ, որ վերջին տարիներին կացության իրավունք է ունեցել ու բնակվել է Թուրքիայում: Հիմա պահանջում են գույքի յուրաքանչյուր կիլոգրամի համար երկու եվրո վճարել` շուրջ 2 հազար 300 եվրո: Ընտանիքը, Արփինեի խոսքով, այդ գումարը չունի:

Սիսակ Գաբրիելյանն ասում է, որ հարցը վերաբերում է մի քանի հարյուր քաղաքացու. հիմնական խնդիրը Թուրքիայում բնակվելու մասին փաստաթղթի բացակայությունն է. – «Օրենքը հստակ նշում է, որ պետք է վերադարձող քաղաքացին ներկայացնի փաստաթղթեր, որով կհիմնավորվի, որ ինքը մշտապես կամ ինչ-որ ժամանակահատված ապրել է իքս երկրում: Իմ տեղեկություններով, մաքսային ծառայության ղեկավարի հետ հանդիպած անձինք որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել: Տեսականորեն ստացվում է, որ եթե այդ քաղաքացիները չունեն որևէ փաստաթուղթ, որով իրենք կարողանում են մաքսային մարմիններին, ընդհանրապես Հայաստանի Հանրապետությանը հիմնավորել, որ իրենք պայմանական ասած 5 տարի կամ 10 տարի ապրել են մեկ այլ երկրում, տեսականորեն կարող է ստացվել, որ, օրինակ, դուք կամ մեկ այլ անձը կարող է գնալ ասել, որ ես, օրինակ, նույնպես տասը տարի ապրել եմ Միացյալ Նահանգներում կամ եվրոպական որևէ երկրում, և հիմա ուզում եմ անձնական օգտագործման իմ գույքը մաքսազերծել: Դրա համար էլ նախատեսված է այդ հիմքերից մեկը, որ անձը, բնական է, պետք է հիմնավորի, որ ինքը Հայաստանից դուրս ապրել է այլ երկրում»:

Պատգամավորը հավելեց, որ մաքսային մարմինների հետ կփորձի հասկանալ խնդիրը և լուծում առաջարկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG