10 հազար դրամով մարդկանց հանրահավաքի բերելու հույսերը փլուզվելու են, այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ճեպազրույցում պատասխանելով «Ազատության» հարցին, թե ընդդիմադիրները բողոքում են, որ հավաքներն արգելված են և հնարավոր չէ դժգոհություն արտահայտել, այնինչ իշխանությունները այս ընթացքում Սահմանադրության փոփոխություններ են նախաձեռնել, իրավապահներն էլ Գագիկ Ծառուկյանի դեմ են քրեական գործ հարուցել:
«Որոշ այսպես ասած այդ կարգի մեկնաբանություններ տվող շրջանակներ գերագնահատում են Հայաստանում հանրահավաքներ իրականացնելու իրենց ուժը, որովհետև եթե հանրահավաք ասելով նրանք նկատի ունեն սահմանափակ թվով մարդկանց 10 հազար դրամով հրապարակ բերելը, և նրանց հույսը դրա վրա է, ապա նրանց հույսերը շատ արագ կփլուզվեն արտակարգ դրության ժամանակ, թե դրա ավարտից հետո, դա որևէ կապ չունի», - ասաց Փաշինյանը:
Վարչապետը տարակուսանքով խոսեց, թե եթե հավաքների սահմանափակումները չլինեն, հազարավոր մարդիկ լցվելու են փողոցներ՝ աջակցելու որոշ շրջանակների:
«Ո՞վ է ասել, որ այդ պոտենցիալ հավաքի մասնակիցները պիտի պարտադիր դժգոհություն արտահայտեին գործող կառավարությունից, իսկ ո՞վ է ասել, որ այդ պոտենցիալ հանրահավաքի 5, կամ 10, կամ 20 անգամ ավելի մեծ թվով, կամ 100 անգամ ավելի մեծ թվով մասնակիցներ դժգոհություն չպիտի արտահայտեին որոշ կոռուպցիոներների գործունեության հետ կապված: Կարծում եմ՝ սա պետք է հաշվի առնել, կարծում եմ՝ քիչ չեն այն մարդիկ, որ պետք շնորհակալ լինեն: Հայաստանում արտակարգ դրություն է և հավաքներ անելու հնարավորություն չկա, հակառակ դեպքում, օրինակ, կարծում եմ՝ հեղափոխություն կողմնակիցները առնվազն մի քանի դեպքերում զանգվածային հավաքներ կանցկացնեին և իրենց խոսքը կասեին մի շարք կոնկրետ դեպքերի, անձանց և շրջանակների գործունեության կապակցությամբ», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելուց հետո նրա ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, թե ստորագրություններ են հավաքելու Սահմանադրական դատարան դիմելու համար, որպեսզի վերանայվի արտակարգ դրության ժամանակ հավաքների արգելքը:
«Լուսավոր Հայաստան»-ը, առանց որի ԲՀԿ-ն չի կարողանա դիմել բարձր դատարան, հայտարարում է, թե այդ դրույթը կարելի է նաև վերանայել խորհրդարանի միջոցով:
«Խորհրդարանի ցանկացած խմբակցություն կարող է նախաձեռնել արտակարգ դրության իրավական ռեժիմի մի միջոցառման կամ մի քանի միջոցառումների չեղարկում և կառավարությանն առաջարկեն չափանիշներ, թե հանրային հավաքն ինչպիսին կարող է լինել: Եթե պետությունն ասի, որ «բողոքի ակցիա եք ուզում անել, արեք, բայց էս չափանիշները ես սահմանում եմ», բողոքի ակցիայի կազմակերպիչը, ծանուցողը պատասխանատվություն է կրում չափանիշների պահպանման համար, այլապես այն կցրվի: Ես կարող եմ Իսրայելի օրինակը բերել, որ ֆուտբոլի դաշտում մարդիկ բողոքի ակցիա էին անում, երկու մետր հեռավորությամբ կանգնած, շատ տպավորիչ ակցիա էր», - ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Վարչապետ Փաշինյանն ասում է՝ հիմա խնդիր է դրված, որ մարդիկ հնարավորինս քիչ վարակվեն․ «Եվ եթե մենք այսօր գիտական հաստատությունների, բուհական համակարգի, դպրոցների գործունեությունն ենք սահմանափակել և մնացած բազմաթիվ գերծունեություններ, կարծում եմ, այդ մեկնաբանությունը տեղին չէ: Էլի ուզում եմ ասել՝ իրավական հնարավորություն ի հայտ գալու պարագայում դեռ հարց է ովքեր՝ հեղափոխության կողմնակիցները, թե կառավարության հակառակորդներն ավելի շուտ և ավելի շատ, ավելի մեծաքանակ ու բազմաքանակ հանրահավաքներ կանեն: Դեռ հարց է՝ ովքեր այդ հանրահավաքով շատ ավելի կոնկրետ, շատ ավելի գործնական, շատ ավելի արագ հարցեր կլուծեին կամ դեռ կլուծեն էդ հանրահավաքների միջոցով»: