ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պաշտպանի կողմից համացանցում տարածված հրապարակման վերաբերյալ, այն մասին, թե մեղադրանքի ոչ ճիշտ է որակված:
«Այդ կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների փոխկապակցված համակցությամբ՝ 2019թ. սեպտեմբերի 18-ին Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով:
2019 թվականի սեպտեմբերի 25-ին ստացվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումը՝ Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և վերջինիս ավելի ծանր հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով մեղադրանք առաջադրելու մասին, որի հիման վրա նախատեսվում է փոփոխել Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքը և նրան նոր մեղադրանք առաջադրել՝ առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու համար», - ասված է այս կապակցությամբ հրապարակված հաղորդագրությունում:
Ավելի վաղ Քննչական կոմիտեից «Ազատությանը» տեղեկացրել էին, որ նույն գործի շրջանակում «ՀՀ երրորդ նախագահի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի կողմից ամբողջությամբ՝ 54.790.433 դրամի չափով, վերականգնվել է Վլադիմիր Գասպարյանի և այլ պաշտոնատար անձանց հանցավոր գործողությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը»:
Սեպտեմբերի 18-ին Քննչական կոմիտեն իշխանությունը չարաշահելու մեղադրանք էր առաջադրել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
Ըստ մեղադրանքի, Գասպարյանը 1997-2011-ը թվականները, երբ զբաղեցրել է ռազմական ոստիկանութան պետի, այնուհետև Պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, տեղյակ է եղել, որ Պաշտպանության նախարարության զորամասի 3 զինծառայողներ՝ Նելսոն Սարոյանը, Արմեն Մովսեսյանը և Խաչիկ Բադեյանը 2001, 2004, և 2009 թվականներից զորամասում հրամանագրված են եղել որպես ռազմական ոստիկան, բայց նշանակման օրվանից չեն ներկայացել զինծառայության: Դրա փոխարեն կատարել են այլ աշխատանք՝ նրանցից մեկն աշխատել է որպես Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր՝ Լյովա Սարգսյանի վարորդ, իսկ երկուսը՝ մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներ։ Երեք զինծառայողներն այս գործով որպես վկա են անցնում։
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Վլադիմիր Գասպարյանը Սարգսյանների բարեհաճ վերաբերմունքին արժանանալու համար է չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները և թույլ է տվել իր աշխատողներին կատարել իրենց կարգավիճակից չբխող աշխատանքներ: