Վենետիկի հանձնաժողովն այս շաբաթ հրապարակելու է Հայաստանի Սահմանադրական դատարանի բարեփոխման առաջարկի և սահմանադրական կարգի տապալման քրեական հանցագործության վերաբերյալ կարծիքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Այս շաբաթվա մեր նստաշրջանում մենք հաստատելու ենք շուրջ 10 առավելապես բարդ և զգայուն կարծիքներ», - Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի խոսքերն է մեջբերել արդարադատության նախարարը՝ ընդգծելով, որ ի թիվս այլ հարցերի անդրադարձ է լինելու նաև Հայաստանին վերաբերող վերոնշյալ երկու հարցերին։
Վենետիկի հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանի ՍԴ ճգնաժամի վերաբերյալ կարծիքը հրապարակվելու է վաղը։
Կառավարությունը Սահմանադրական դատարանի ճգնաժամը հանրաքվեի փոխարեն խորհրդարանում լուծելու վերաբերյալ հարցադրումներ էր ուղղել Վենետիկի հանձնաժողովին դեռևս մայիսին։ Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ սպասում են Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմին հանդիսացող Վենետիկի հանձնաժողովի արձագանքին մինչև ՍԴ հարցի լուծմանը ձեռնամուխ լինելը։ Իշխող «Իմ քայլը» առաջարկում է պաշտոնազրկել ՍԴ այն դատավորներին, ովքեր պաշտոնավարել են 12 և ավելի տարիներ, ինչպես նաև Հրայր Թովմասյանին հեռացնել բարձր դատարանի նախագահի պաշտոնից։ Հենց այս, ինչպես նաև ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեն չեղարկելու վերաբերյալ էր Կառավարությունը հարցեր ուղղել Վենետիկի հանձնաժողովին։
Ջիանի Բուքիքիոն, ըստ Հայաստանի արդարադատության նախարարի, երեկ Եվրախորհրդի Նախարարների կոմիտեին ներկայացնելով իրենց նախորդ տարվա գործունեության մասին զեկույցը՝ նշել է, որ երկու անդամ պետություններում՝ Հայաստանում և Մոլդովայում, օլիգարխիկ ռեժիմներ են տապալվել, և իրենք աջակցում են այս երկու պետություններին՝ ժողովրդավարական համակարգեր ձևավորելու իրենց ջանքերում։ Մարտահրավերներից մեկն, ըստ Բուքիքիոյի, վերաբերում է, մի կողմից, ժողովրդի ակնկալիքները բավարարելուն և երկրում իրական փոփոխություններ բերելու անհրաժեշտությանը, իսկ մյուս կողմից՝ իրավական կայունության պահանջներն ու օրինականության չափորոշիչները պահպանելու միջև ճիշտ հավասարակշռություն ապահովելուն:
Եթե չլիներ կորոնավիրուսի համաճարակն ու դրանով պայմանավորված արտակարգ դրությունը, Հայաստանում երկու ամիս առաջ՝ ապրիլի 5-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե կանցկացվեր։ Դրանով իշխանություններն առաջարկում էին դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները, ինչով, ըստ իշխող ուժի, կյանքի կկոչվեն Սահմանադրությամբ նախատեսված դրույթները։
Բացի ՍԴ ճգնաժամի վերաբերյալ կարծիքից, ըստ Վենետիկի հանձնաժողովի կայքի, հանձնաժողովն այսօր կհրապարակի իր կարծիքը սահմանադրական կարգը տապալելու մասին Հայաստանի քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։ Այս խնդրով հանձնաժողովից շուրջ մեկ տարի առաջ խորհրդատվական կարծիք էր խնդրել Հայաստանի Սահմանադրական դատարանը։ Պատճառը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործն է։ Երևանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը նախորդ տարվա մայիսին կասեցրել էր «Մարտի 1»-ի քրեական գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան։ Գրիգորյանը բարձր դատարանին խնդրել էր որոշել Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող՝ սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը։ Հայաստանի բարձր դատարանն էլ այս հարցով դիմել էր Վենետիկի հանձնաժողով և Մարդու իրավունքների եվրոպական դատարան։