Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, թե պատրաստ է ցանկացած սցենարի


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարությամբ է հանդես եկել` կրկին ընդգծելով, որ երեկվա կատարվածը «շատ տգեղ է, կոչվում է քաղաքական պատվերով քրեական գործերի հորինում»:

«Իմ դեմ իրավապահների արշավը, քրեական գործերի հարուցումը սկսվեց օրեր առաջ՝ իմ հայտնի ելույթից հետո։ Անկեղծ ասած՝ ինձ համար դա սպասելի էր», - նշել է Ծառուկյանը` նաև շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր իրեն աջակցել են երեկ:

«Ես պատրաստ եմ ցանկացած սցենարի։ Ես դիմում եմ մեր քաղաքացիներին. մի՛ ընկճվեք, մի՛ հուսահատվեք, ամեն ինչ լավ է լինելու, մենք հաղթահարելու ենք այս ճգնաժամը, նույնիսկ եթե իշխանություններն ու անձամբ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անեն՝ իրավիճակը վատացնելու համար», - շեշտել է ԲՀԿ ղեկավարը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն երեկ առավոտյան խուզարկություն իրականացրեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Այնուհետև Ծառուկյանը տան դիմաց հավաքվածներին հայտարարեց, թե իր նկատմամբ քաղաքական ճնշման փորձ է կատարվում, և որ «ամեն ինչ սարքած է»` հավելելով, որ ինքը գնում է հարցաքննության: ԱԱԾ դիմած հավաքվել էին ԲՀԿ-ական պատգամավորները և մարդիկ, որ ներկայանում էին Ծառուկյանի աջակիցներ: Մոտ 10 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից` պնդելով, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Ծառուկյանին առնչվող միանգամից երեք տարբեր քրեական գործեր է հարուցել։ Դրանցից մեկը վերաբերում է Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատանը։ Ըստ ԱԱԾ-ի` խաղատունը գործել է առանց լիցենզիայի, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 60 միլիոն դոլարի վնաս, բացի այդ՝ չեն իրականացվել 40 միլիարդ դրամ ներդրումներ։ 2-րդ քրեական գործը վերաբերում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում կաշառք բաժանելու դեպքերին։ Ըստ ԱԱԾ-ի՝ դրանում ներգրավված են եղել ԲՀԿ ղեկավար կազմն ու կուսակցության անդամները: 3-րդ քրեական գործն էլ վերաբերում է Առինջ համայնքի պաշտոնյաներին, ովքեր, ըստ ԱԱԾ-ի, ապօրինի վարձակալությամբ տրամադրված 7,5 հա գյուղատնտեսական հողատարածքի վրա ապօրինի կառույցներն օրինականացրել, հետո էլ հողատարածքն ապօրինի կերպով օտարել էին Ծառուկյանին պատկանող ընկերությանը՝ պետությանը պատճառելով մեծ վնասներ։

XS
SM
MD
LG