Դիմակներ չկրելը Հայաստանում կորոնավիրուսի տարածման թիվ մեկ պատճառն է, պարետատան նիստից հետո հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դիմակները համարվում են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող ամենաէֆեկտիվ միջոցը՝ վկայակոչելով Forbes-ի հոդվածը հետազոտությունների մասին:
«Կարծում եմ եկել է ժամանակը խոստովանելու, որ մենք մինչև այս պահը չենք կարողացել մեր հայրենակիցներին համոզել կամ պարտադրել, որ նրանք հակահամաճարակային ամենապրիմիտիվ և ամենաէֆեկտիվ միջոցը՝ խոսքը դիմակներ կրելու մասին է: Պետք է արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունում ի հեճուկս պարետատան կայացրած որոշումների, ի հեճուկս կիրառվող վարչական վարույթների, ի հեճուկս կիրառվող լայնածավալ քարոզչության, ի հեճուկս կառավարության գործունեության թափանցիկության Հայաստանի Հանրապետությունում մարդիկ զանգվածաբար չեն կրում դիմակներ», - ասաց վարչապետը:
Փաշինյանն ընդգծեց, որ մեծացվելու են վարչական ներգործության մեթոդները, ծավալները:
«Կրկին պահանջում եմ, կոչ եմ անում, հորդորում եմ՝ կրել դիմակներ ամենուր և այդ դիմակը հանել միայն սնվելիս, սնվելու ժամանակ էլ պահել սոցիալական հեռավորություն», - ասաց Փաշինյանը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ նշեց, որ վերլուծությունները վերջին օրերին ցույց են տալիս, որ դեպքերը հիմնականում լինում են մոտ շենքերում, նույն թաղամասերում:
«Մի լավ լուր կա՝ դիմակների գները սրընթաց անկում են ապրում, և մեր ներկրողները կարծում են, որ մոտակա մեկ ամսում դրանք գրեթե կհավասարվեն միջճգնաժամային գնին», - ասաց նախարարը: