Քիչ առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ավելի քան 10 ժամ տևած հարցաքննությունից հետո դուրս եկավ Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ): Գագիկ Ծառուկյանը չմանրամասնեց, թե ինչ քրեական գործի շրջանակներում է հարցաքննությունը եղել, միայն կրկնեց, որ այս բոլոր գործողությունները քաղաքական հետապնդում են իր նկատմամբ:
«Այսօրվա բոլոր կատարած գործողությունները, որը տեղի են ունեցել իմ ելույթից հետո, ես բոլորը դա ընդունում եմ քաղաքական: Ես ինչ որ ասել եմ, մնացած բոլոր հարցերին կպատասխանեմ: Կան թղթեր, սարքած թղթեր, ամեն ինչը եթե եղել է իմ հայտարարությունից հետո, դա միայն քաղաքական եմ ես համարում: Ուրեմս քննությունը կատարվում ա, որը լիարժեք բոլորդ էլ տեղյակ կլինեք, ասենք թե կարաք դիմեք համապատասխան օրգաններին, որը ասեմ, բայց ես ասում եմ` դա ընդունում եմ քաղաքական, որովհետև պապուս թվի, որ թվի գործերը նայելով, ինչ-որ ասելով` ես ասում եմ` այսօր ես սեփականատեր եմ, ոչ մի կառավարման հետ գործ չունեմ, և բոլորը ես ընդունում եմ իմ ելույթից հետո: Ելույթից առաջ լիներ, կարար 50-50, բայց ասում եմ` իմ ելույթից հետո է եղել, դա ընդունում եմ քաղաքական»,- հայտարարեց ԲՀԿ ղեկավարը:
ԱԱԾ-ն այսօր առավոտյան խուզարկություն իրականացրեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Այնուհետև Ծառուկյանը տան դիմաց հավաքվածներին հայտարարեց, թե իր նկատմամբ քաղաքական ճնշման փորձ է կատարվում, և որ «ամեն ինչ սարքած է»` հավելելով, որ ինքը գնում է հարցաքննության: ԱԱԾ դիմած հավաքվել էին ԲՀԿ-ական պատգամավորները և մարդիկ, որ ներկայանում էին Ծառուկյանի աջակիցներ: ԲՀԿ-ականները նշում էին, որ թույլ չեն տալու իրենց լռեցնել: Նրանք նաև շեշտում էին, որ Ծառուկյանի աջակիցներն ինքնակամ են այստեղ եկել: Ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար 100-ից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել:
Ազգային անվտանգության ծառայության այսօր տարածած հաղորդագրության համաձայն` Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» ընկերությունների ապօրինի գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 29 միլիարդ դրամի վնաս: Մյուս հաղորդագրությամբ, ըստ ԱԱԾ-ի, բացահայտվել են ԲՀԿ անդամների կողմից ընտրողներին կաշառելու հարյուրավոր դեպքեր 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
3-րդ քրեական գործի մասին հաղորդագրությունը տարածվեց, երբ Ծառուկյանն արդեն ԱԱԾ-ում էր։ Ըստ դրա` Առինջ համայնքի պաշտոնյաները ապօրինի վարձակալությամբ տրամադրված 7.5 հա գյուղատնտեսական հողատարածքի վրա ապօրինի կառույցներն օրինականացրել, հետո էլ հողատարածքն ապօրինի կերպով օտարել էին Ծառուկյանին պատկանող «Ֆիրմա Նյու» ընկերությանը։ ԱԱԾ-ից հայտնում են՝ ապօրինության հետևանքով համայնքի բյուջե չի մուտքագրվել ավելի քան 370 միլիոն դրամ։
Մանրամասները տե՛ս այստեղ