Մատչելիության հղումներ

ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության շուրջ բանավեճին


Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյան, ապրիլ, 2020թ.
Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյան, ապրիլ, 2020թ.

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է Կրոնական ազատությունների մասին տարեկան զեկույցը, որտեղ անդրադարձ կա Թուրքիայում ապրող ոչ մուսուլմանական համայնքների կրոնական ազատությունների սահմանափակումներին:

2019 թվականը ամփոփող զեկույցում հիշատակվել է անցած տարեվերջին կայացած Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացը: Զեկույցում արձանագրվել է այն հանգամանքը, որ չնայած Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը պատրիարք է ընտրվել, այնուհանդերձ, հայ համայնքի որոշ անդամների համոզմամբ, «ընտրական գործընթացին կառավարության միջամտությունը և պետության սահմանած ընտրական կանոնադրությանը չառարկելու որոշումը խաթարել է ընտրության օրինականությունը»:

Անցած տարվա սեպտեմբերին Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության համար համապատասխան կանոնադրություն էր ուղարկվել, որի համաձայն՝ Պատրիարքի թեկնածու կարող էին լինել միայն Պոլսո պատրիարքական աթոռին ենթակա եպիսկոպոսները: Զեկույցում նշվել է, որ այս սահմանափակումը ներհամայնքային բանավեճերի ու հակասությունների պատճառ էր դարձել:

Պետքարտուղարության զեկույցում հիշատակվել է նաև անցած տարվա մայիսին թուրքական ATV հեռուստաալիքի ուղիղ եթերով 13-ամյա հայաստանցի պատանուն առանց ընտանիքի համաձայնության կրոնափոխելու սկանդալային միջադեպը, որը համացանցում մեծ աղմուկ էր բարձրացրել: Զեկույցում նշվել է, որ այս դեպքը հայ համայնքի կողմից որակվել էր որպես ոչ մուսուլման փոքրամասնությունների իրավունքները սահմանող Լոզանի պայմանագրի դրույթների խախտում, իսկ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Կրոնական հարցերի նախարարությանը նամակ էր ուղարկել՝ մտահոգություն հայտնելով տեղի ունեցածի վերաբերյալ:

XS
SM
MD
LG