Մատչելիության հղումներ

Հեռակա բանավեճ Պոլսո Հայոց պատրիարքի և Գարո Փայլանի միջև


Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյան, ապրիլ, 2020թ.
Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյան, ապրիլ, 2020թ.

Պատրիարքական ընտրություններից շուրջ կես տարի անց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանն ու Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը հեռակա բանավեճի են բռնվել ընտրությունների օրինականության հարցի շուրջ:

Օրերս Փայլանը կրկին հայտարարել էր, թե Մաշալյան արքեպիսկոպոսին չի ճանաչում որպես պատրիարք՝ ընտրական գործընթացը համարելով անարդար:

Սահակ երկրորդ պատրիարքը, հակադարձելով Փայլանին, նախօրեին իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ինքն ընտրվել է արդար պայքարում՝ ստանալով քվեարկող պատվիրակների ձայների մեծամասնությունը: Նա նաև շեշտել է, որ պատրիարք ընտրվելու կապակցությամբ շնորհավորանքներ է ստացել Թուրքիայի և Հայաստանի ղեկավարություններից, հոգևոր և աշխարհիկ բարձրաստիճան այրերի կողմից, որոնք ոչ մի կասկած չեն հայտնել ընտրության արդյունքների լեգիտիմության վերաբերյալ:

Հիշատակելով իր նախորդի՝ Մեսրոպ Մութաֆյան պատրիարքի և Հրանտ Դինքի միջև եղած հակասությունները, Սահակ Մաշալյանը ցավով է արձանագրել, որ Փայլանի նման դիրքորոշումը կարող է պառակտիչ ազդեցություն ունենալ ներհամայնքային կյանքում: Այնուհանդերձ, Մաշալյան պատրիարքը հույս է հայտնել, որ «հետդարձի ճանապարհ դեռ կա, և Փայլանը չի այրել բոլոր կամուրջները»:

Ի պատասխան՝ Գարո Փայլանը գրել է, թե հնչեցված քննադատության նպատակը Պոլսո պատրիարքական աթոռն ավելի ուժեղ տեսնելն է: Նա նշել է, որ այս դժվարին ժամանակաշրջանում կործանիչ բանավեճերը հայ համայնքին ամենաքիչն են պետք, առաջարկելով ուժերը կենտրոնացնել կուտակված համայնքային խնդիրների լուծման վրա:

12 տարվա սպասումից հետո անցած տարվա դեկտեմբերին Սահակ Մաշալյանը հոգևոր ու աշխարհական պատվիրակներից կազմված Ազգային պատգամավորական ժողովի կողմից ընտրվեց Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք: Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից նոր պատրիարքի ընտրության համար ուղարկված կանոնադրության համաձայն՝ պատրիարքի թեկնածու կարող էին լինել միայն Պոլսո պատրիարքական աթոռին ենթակա եպիսկոպոսները: Այս սահմանափակմամբ խոչընդոտվել էր Թուրքիայից դուրս ծառայող մի շարք եպիսկոպոսների առաջադրվելու հնարավորությունը, ինչը դժգոհության ալիք էր բարձրացրել պոլսահայ համայնքում:

XS
SM
MD
LG