Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանն ու ընտանիքի անդամները ապաքինվել են


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները ապաքինվել են: Այս մասին Հայաստանի վարչապետը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:

Վարչապետը գրել է, որ այսօր են ստացել կրկնակի թեստերի պատասխանները և բոլորինը բացասական է: Բացասական պատասխաններ են ստացել նաև երեկ:

«Իհարկե, մեր վարակվելու ժամկետները և հանգամանքները պետք է որոշակիորեն վերանայենք: Բայց այս պահին կարևոր է, որ մենք բոլորս առողջ ենք և ունենք իմունիտետ: Ես վերադառնում եմ լիարժեք աշխատանքի», - գրում է Փաշինյանը, որը վարակվելու մասին հայտարարել էր հունիսի 1-ին:

Անցած մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 195 նոր դեպք։ Ապաքինվել է 85, մահացել՝ 11 հիվանդ։

Անցած մեկ օրում վարակվածների թիվը մի քանի անգամ քիչ է նախորդ օրերից։ Պատճառն այն է, որ երեկ չի գործել հետազոտությունների մեծ մասն իրականացնող առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Կենտրոնը չի աշխատել ախտահանման պատճառով։

Առողջապահության նախարարության տվյալներով, երեկ թեստավորվել է 829 մարդ, իսկ նախորդ օրն իրականացվել էր եռակի ավելի թեստավորում։ Անցած մեկ օրում մահացած 11 հիվանդներից 5-ը տղամարդ էր, 6՝ կին։ Նրանցից երիտասարդը 52, իսկ տարեցը 88 տարեկան էր։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր երեկոյան պարետատան նիստից հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ այս պահին կա 403 ծանր և 94 ծայրահեղ ծանր հիվանդ։

«Այդ թիվը կարծեց թե կայուն է վերջին օրերին, ինչը մի կողմից լավ է, բայց միևնույն ժամանակ բացարձակ թվով շատ բարձր է: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը քչանա, իսկ դրան կարող ենք հասնել միայն ընդհանուր թվի քչացման արդյունքում: Այսինքն՝ այն քաղաքականությունը, որ մենք վարում ենք՝ ծավալների մեծացման, բնավ չպետք է փոխարինի հակահամաճարակային կանոնների պահպանմանը, հակառակը, պետք է դրանք լրացնեն իրար, որպեսզի մենք կարողանանք կառավարելի վիճակով շարժվել առաջ՝ պահպանելով տնտեսության մյուս ճյուղերը գործունակ վիճակում, ինչպես նաև մեր ընդհանուր կենսագործունեությունը», - ասաց Թորոսյանը:

Հայաստանում կորոնավիրուսի տարածումից ի վեր վարակվել է 13 հազար 325 մարդ, նրանցից 4 հազար 99-ը ապաքիվնել է, իսկ 8 հազար 943 մարդը դեռ բուժվում է։

Համաճարակաբան Արման Բադալյանն «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով օրեցօր աճող թվերին, շեշտում է՝ շատ բան մարդկանց ձեռքերում է՝ թիվն իջեցնելու համար պետք է պահպանել կանոնները։

«Մեր ձեռքերում է, որպեսզի կարողանանք այդ թիվն իջեցնել, և այդ դեպքում էլի ինքը ակտուալ կլինի մինչև երբ, բայց այդ մինչև երբը, էդ ճանապարհը ուղղակի դանդաղ կգնանք, և մեր առողջապահական համակարգը կփորձի հասցնել: Քանի որ այսօր տեսնում ենք արդեն բավական ծանրաբեռնվում է, միավոր ժամանակում հիվանդանում են մեծաթիվ քանակ, դրանց շրջանում է տոկոսային մեծահասակ քրոնիկ հիվանդություններով, և առողջապահական համակարգը չի հասցնում: Հիմա սա ինչքանով է լուրջ, ինչքանով է վտանգ, մահաբերություն, մահացություն, այս տվյալները անընդմեջ որոշում ենք, բայց մեկ է ունենք այն, ինչ ունենք, և ամեն ինչ պետք է անենք, որ այս կոնտակտները քչանան և փորձենք օգնել, որպեսզի մեր առողջապահական համակարգն անցնի այս ամեն ինչով», - նշեց համաճարակաբանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարեց՝ 200 մարդ սպասում է հոսպիտալացման իր հերթին, քանի որ հիվանդանոցները գերծանրաբեռնված են։

Խնդիրը քիչ թե շատ լուծելու համար համաճարակաբանը երկու ուղղության մասին է խոսում. առաջինը՝ պահպանել անվտանգության կանոնները, որոնք արդեն հայտնի են բոլորին։ Պահպանել սոցիալական հեռավորություն, դիմակ կրել և հաճախ լվանալ և ախտահանել ձեռքերը։

«Կոնսոլիդացիա՝ մի ուղղությամբ այս հիգիենիկ, այս հակահամաճարակային կանոնները տարրական կիրառելու և շատ կարևոր է նաև կոնսոլիդացիան բժշկական ուժի, մտքի էսօր, որովհետև տեսնում ենք, որ այսօր արդեն հիվանդությունը տարածվում է և ամենայն հավանականությամբ արդեն բոլոր հիվանդանոցները մարզային քաղաքներում էլ, ես կարծում եմ, ներգրավվեն այս պրոցեսի մեջ, որովհետև իրենք արդեն յուրաքանչյուր հիվանդին տեսնում են որպես պոտենցիալ Covid-ով հիվանդ: Կարծում եմ, որ բժշկական ուժի և մտքի, անկախ տարիքից և փորձեից, կոնսոլիդացիա պետք է գնա, որպեսզի կարողանանք հաղթահարել», - ասաց Արման Բադալյանը:

Երեկ վարչապետ Փաշինյանն իր էջում վկայակոչել էր որոշ տվյալագիտական վերլուծություններ, ըստ որոնց Հայաստանում այս պահին 100 հազարից ավել վարակակիր կա։

Երևանի կենտրոնում «Ազատության» նկարահանումները, սակայն, ցույց տվեցին, որ դեռ կան մարդիկ, որ չեն պահպանում անվտանգության կանոնները՝ շրջում են դիմակները գրպաններում կամ քթից ներքև են այն կրում, հավաքվում են խմբերով՝ չպահպանելով սոցիալական հեռավորությունը։

Ոստիկանության կենտրոնական բաժնի ոստիկան Հմայակ Գալստյանն ու գործընկերները շրջում էին քաղաքով՝ ստուգելով՝ պահպանում են քաղաքացիները կանոնները, թե չէ։

«Ստուգումներն իրականացնում ենք Կենտրոն վարչական շրջանում: Քաղաքացիները պետք է ունենան պարտադիր պաշտպանիչ դիմակ, լինեն պաշտպանիչ դիմակով, առկա չլինելու դեպքում կազմվում է վարչական արձանագրություն: Այսօր կազմվել է մոտ 11 վարչական արձանագրություն, իրավախախտում է հայտնաբերվել», - ասաց Գալստյանը:

Ոստիկանն այնուհանդերձ, ասում է՝ քաղաքացիների մեծ մասը սկսել են պահպանել կանոնները՝ չտուգանվելո՞ւ, թե՞ սեփական անվտանգության համար, հստակ չէ։

XS
SM
MD
LG