Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի նկատմամբ՝ Մեծ Բրիտանիայում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը նյարդապարալիտիկ նյութով թունավորելու համար: Պետդեպարտամենտը հայտարարել է, որ նոր պատժամիջոցները կգործեն օգոստոսի 22-ին և դրանից հետո:
Սկրիպալներին անգիտակից վիճակում հայտնաբերել էին մարտի 4-ին Սոլսբերիում՝ նստարանի վրա: Շաբաթներ շարունակ հիվանդանոցում բուժում ստանալուց հետո նրանք ապաքինվել են: Բրիտանական իշխանությունները պարզել են, որ Սկրիպալները թունավորվել են ԽՍՀՄ-ում արտադրված «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով: Ռուսաստանը հերքում է մեղադրանքները:
Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանը երեկ «դրակոնային» է անվանել նոր պատժամիջոցները՝ պնդելով, որ ոչ Միացյալ Նահանգները, ոչ էլ Մեծ Բրիտանիան որևէ ապացույց չեն ներկայացրել կասկածների հետ կապված: