Մատչելիության հղումներ

Աննա Հակոբյան․ Մեր ինքնազգացողությունը լավ է, բավարար է


«Ազատության» հետ հարցազրույցում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի և ընտանիքի առողջական վիճակը լավ է։

Երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետը և նրա ընտանիքի բոլոր անդամները, բացի բանակում ծառայող որդուց, վարակված են կորոնավիրուսով։

«Մեր ինքնազգացողությունը լավ է, բավարար է: Երեկ երեկոյան Շուշանի ջերմությունը բարձրացել էր մի քիչ` 37,2, Արփիի ջերմությունը իջել էր` 35,1, բայց այսօր առավոտյան երկուսն էլ կարգավորվել էին, և' Շուշանինը, և' Արփիինը նորմայի սահմաններում էին: Պարոն Փաշինյանը, ես և Մարիամը չունեինք ջերմություն: Ընդհանրապես լավ ենք»:

Աննա Հակոբյանն ասաց, որ և' ինքը, և' վարչապետը մեկուսացած են երկուշաբթի օրվանից, իսկ նախորդած բոլոր աշխատանքային հանդիպումներին կրել են դիմակ, ձեռնոց, անձնական շփումները խիստ սահմանփակ են եղել։

Աննա Հակոբյանը 3 ամիս չի հանդիպել իր մայրիկին, կարճ ժամանակով հյուրընկալել են միայն վարչապետի հորը՝ Վովա Փաշինյանին. – «Հայրիկը կարճատև ընթացք եղավ տանը, մեզ հետ: Բայց մենք շատ ուշադիր էինք, հեռավորությունը պահում էինք, բայց ամեն դեպքում իսկապես անհանգիստ ենք, որովհետև բնականաբար չգիտեինք, որ վիրուսակիր ենք: Եվ եթե վարչապետի թեստը չլիներ, երևի չէինք էլ իմանա: Բայց ամեն դեպքում շատ ուշադիր էինք հայրիկի հետ կապված, որովհետև ունի առողջական խնդիրներ: Ուղղակի սպասում ենք, շատ անհանգիստ սպասում ենք որ որևէ նշան ի հայտ չգա: Կամ կթեստավորվեն հավանաբար»:

Աննա Հակոբյանի խոսքով, կորոնավիրուսի դրական թեսթերն իրենց անակնկալի են բերել, քանի որ չափազանց ուշադիր են եղել, որպեսզի չվարկվեն. – «Վարչապետը, որ ամեն օր աշխատանքի էր գնում, շատ հաճախ էր ձեռքերը ախտահանում, դիմակը կրում և այլն: Եվ ընտանիքից Մարիամն էր, որ հաճախ, եթե պետք էր լինում խանութ գնալ, Մարիամն էր գնում`կրկին ծայրահեղ ուշադիր: Ընդ որում, այս ամբողջ երեք ամսվա ընթացքում, առաջին իսկ օրից սկսած, միշտ հանրային վայրերում, մարդաշատ վայրերում եղել է դիմակով և ձեռնոցներով: Իսկապես անակնկալ էր: Ընկճվա՞ծ... Գիտեք, երբ այդքան տեղեկություն ես ստանում, երբ այդքան դեպքեր ես տեսնում, առավել ևս, երբ բժիշկները այսօր ասեցին, որ 11-ն է ավելի վատանում երբեմն, այդպիսի ընթացք կա արձանագրված, ես սկսեցի իհարկե մի քիչ ավելի վախենալ: Երեկ մի քիչ ավելի հանգիստ էի: Հաշվի առնելով, որ ասիմպտոմ էի, մտածում էի, որ երևի եթե էսպես է, էսպես էլ կգնա, բայց այսօր հասկացա, որ պարտադիր չէ, որ կարող է փոխվել ընթացքը: Էդ առումով ես բավականին լարվեցի»:

Թեև Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 10 հազարը, այնուամենայնիվ քիչ չեն մարդիկ, որոնք թերահավատորեն են վերաբերվում կորոնավիրուսին, դիմակ միշտ չէ, որ կրում են։ Աննա Հակոբյանի կարծիքով, տիրող այս մթնոլորտի պատճառը ազգային յուրահատկությունն է. - «Իմ կարծիքով, դա մեր ազգային յուրահատկությունն է, բնույթն է, հոգեբանությունն է առաջին հերթին, որովհետև մենք էդպիսին ենք, չենք վախենում: Երկար պատմություն ունենք, շատ բաների միջով ենք անցել, և էդ վախը մեր միջից դուրս է եկել: Բայց դա լավ ճանապարհ չէ մեզ համար, որովհետև իսկապես վտանգավոր է, և իսկապես իմ շրջապատում կան մարդիկ, ովքեր շատ ծանր են տանում: Զարմանում եմ, որ այդ ամբողջ տեղեկությունը ստանալուց հետո դեռ կարելի է թերահավատորեն վերաբերվել կամ չպաշտպանվել»:

Հասարակության անլուրջ վերաբերմո՞ւնք, թե՞Կառավարության ձեռնարկած ոչ բավարար քայլեր. վարչապետի տիկնոջից հետաքրքրվեցինք, ըստ նրա, ո՞րն է կորանվիրուսի նման աստիճանի տարածման պատճառը Հայաստանում։

Աննա Հակոբյան. – «Որքանով որ ես եմ տեղյակ, բոլոր երկրներում իշխանությունների կողմից, կառավարությունների կողմից արվում են բացառապես նույն գործողությունները: Այսինքն` այս վիրուսի հետ կապված, որևէ երկրում չի կատարվում որևէ այլ բան, որից մենք տեղյակ չենք: Վիրուսը հաղթահարելու, հաղթելու միակ ճանապարհն է սոցիալական հեռավորությունը, դիմակը և ձեռքերի ախտահանումը: Ոչ մի երկրում, անկախ նրանից ինչ արդյունքներ ունեն, պարծենում են, թե ոչ, որևէ այլ միջոցառում հայտնի չէ աշխարհին, որ արվում է: Էնպես որ, եթե մի երկրում արվում է և հաջողության է հասնում, մի ուրիշ տեղ` անհաջողության, կարծում եմ, որ կրկին արդեն անհատական է: Որովհետև կառավարությունը ինչ պետք է անի հաջողության հասնելու համար, երբ որ դա կախված է մեկ մարդուց, և յուրաքանչյուր մեկ հոգին պետք է պահի իր հիգիենայի կանոնները: Պետք է ամեն ինչ անել չվարակվելու համար: Որովհետև վարակվելու պարագայում մութ անտառ է, ու չգիտես, թե ամեն հաջորդ քայլին ինչի կհանդիպես, ինչ տեղի կունենա»:

XS
SM
MD
LG