Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերն արդեն մոտենում են 10 հազարին


Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 210-ով։ Հաստատված դեպքերն արդեն մոտենում են 10 հազարին՝ ընդհանուր 9 հազար 492 վարակման դեպք, որից փաստացի բուժվողները 5 հազար 896-ն են։

«Մենք այսօր արձանագրում ենք, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում մոտավորապես 18-20 հազարի կարգի կարող են ասիմպտոմ, այսինքն չախտորոշված դեպքեր լինել, սա այն պարագան է, երբ որ մարդիկ իրենք չգիտեն, որևէ կասկած չունեն ինձ նման, որ վարակված են կորոնավիրուսով», - հայտարարեց վարչապետ Փաշինյանը:

«Մենք բազմիցս նաև նախկին քննարկումների ժամանակ շեշտել էինք, որ եթե համաճարակաբանական այս տեմպերը պահպանվեն, մենք մայիսի վերջ կունենանք մոտ 10 հազար վարակակիր և փաստորեն այդ կանխատեսումներն իրականացան», - ընդգծեց Արսեն Թորոսյանը:

Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ երեկ կորոնավիրուսից մահվան 8 դեպք է գրանցվել։ Մահացածները 63-ից 82 տարեկան էին: Նրանցից հինգը տղամարդ են, երեքը՝ կին: Բացառությամբ մահացած կանանցից մեկի, մյուս բոլոր անձինք ունեցել են քրոնիկական հիվանդություններ:

Կորոնավիրուսից մահացածների թիվը Հայաստանում հասավ արդեն 139-ի։ Առողջապահության նախարար Արսեն Թորսյանն ասում է՝ ծանրաբեռնված է հիվանդանոցային մահճակալների ֆոնդը։

«Լարված է մնում նաև հիվանդանոցների մահճակալների ծանրաբեռնվածությունը հատկապես ռեանիմացիոն մահճակալների, որոնք որ ամենակարևորն են այս պահին: Ունեն ժանր վիճակում 440 քաղաքացի և ծայրահեղ ծանր վիճակում 55 քաղաքացի, որոնցից 16-ը միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին», - ասաց Թորոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ոստիկանության և տեսչական մարմինների աշխատանքը ցույց է տալիս, որ հանրապետությունում դեռ շատերը շարունակում են չպահպանել հակահամաճարակային կանոնները։

«Ոստիկանությունը 1232 տուգանք է արձանագրել, 134 օբյեկտ փակ է այս պահին: Ասեմ, որ ռեյդերը շարունակվելու են, և այսօր մենք քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը և, իհարկե, քննարկումների արդյունքում միայն որոշում կկայացվի: Ես ուզում եմ ևս մեկ անգամ բոլորիդ կոչ անել, որպեսզի պահպանեք հակահամաճարակային կանոնները», - ընդգծեց վարչապետը:

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ հիվանդությունից բուժվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 16-ով և հասել է 3 հազար 402-ի:

Երեկ, ի դեպ, վերջին մեկ ամսվա ընթացքում ամենաքիչ թվով թեստերն են անցկացվել՝ 603: Թե ինչո՞ւ են ավելի քիչ հետազոտություններ անցկացվել, քան նախորդ օրերին, պարետատան նիստից հետո անցկացված ճեպազրույցի ընթացքում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մի քանի պատճառ նշեց։

«Թեստերի քիչ քանակ է արվել կիրակի օրը, որովհետև լաբորատորիաները ոչ բոլորն էին աշխատում ամբողջական ծանրաբեռնվածությամբ, ինչպես նաև դրանք պարբերաբար պետք է կանգնեն պրոֆիլակտիկ հանգստի, որպեսզի թեստերի որակյալ արդյունքներ ունենանք», - ասաց նախարարը:

Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն էլ հայտնեց, որ Հայաստանում մեկնարկել է թեստերի արտադրությունը և վաղն արդեն տեղական արտադրության թեստերի առաջին խմբաքանակը, թվով 356 հանձնվելու է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին։

XS
SM
MD
LG