Ակնկալում ենք, որ Թուրքիայի և Հայաստանի պատկան մարմինները կերկխոսեն հանուն բարիդրացիական հարաբերությունների հաստատման, իր ապրիլքսանչորսյան պատգամում ասել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
Այսօր առավոտյան պատրիարքարանի մայր եկեղեցում պատարագ է մատուցվել, որը նվիրված էր Առաջին համաշխարհային պատերազմի նահատակների ոգեկոչմանը։ Պատրիարքը, հիշելով և կարևորելով նախորդ տարիներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցավակցական ուղերձները, հույս է հայտնել, որ «այդ դրական քայլերը ապագայում կարող են բերել բաղձալի մերձեցման»:
Ուշագրավ է, որ 2014 թվականից սկսած ամեն տարի ապրիլի 24-ին ցավակցական ուղերձով հանդես եկող նախագահ Էրդողանի հայտարարությունը այս տարի փոքր-ինչ ուշացավ: Միայն երեկոյան հրապարակվեց նախագահի՝ Պոլսո Հայոց պատրիարքին և թուրքահայությանը հասցեագրված ուղերձը, որտեղ մասնավորապես ասված է. «Հարգանքով հիշում եմ Առաջին համաշխարհային պատերազմի ծանր պայմաններում մահացած օսմանյան հայերին և անկեղծ ցավակցությունս հայտնում նրանց թոռներին: Բոլորիս համընդհանուր նպատակը մեր անցյալի բարեկամությունից և մարդկային բարձր իդեալներից ուժ ստանալով միասնական ապագայի կառուցումն է»:
Ավելի վաղ նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը ևս ապրիլի 24-ի առիթով հայտարարությամբ էր հանդես եկել: Նա նշել է. «Առաջին համաշխարհային պատերազմի կործանիչ պայմաններում ընդունված տեղահանության որոշումը հայ ժողովրդի բնաջնջմանն ուղղված քաղաքականության հետևանք չի եղել»:
Քալընը հիշեցրել է պաշտոնական Անկարայի՝ պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկը, 2009 թվականի հայ-թուրքական արձանագրությունները, ինչպես նաև նախագահ Էրդողանի 2014 թվականի ուղերձը՝ փաստելով, թե թուրքական կողմի քայլերը անպատասխան են մնացել: «Թուրքիայի Հանրապետությունը երբեք թույլ չի տա պատմության խեղաթյուրումն ու նոր թշնամության սերմանումը»,- ասել է Քալընը՝ հավելելով. «Թուրքիան շարունակելու է ընդառաջ գնալ արխիվների և պատմական ճշմարտության, ընդհանուր ցավի և համատեղ ապագայի հեռանկարի վրա հիմնված ցանկացած կառուցողական մոտեցման և աշխատել տարածաշրջանային խաղաղության ու բարօրության համար»:
Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը համոզված է, որ Հայոց ցեղասպանության հարցը ուսումնասիրության առարկա պետք է դարձնել հենց թուրքական մեջլիսում։ Խորհրդարանի նախագահությանը ներկայացված առաջարկում նա պահանջել է «քննել 1915 թվականին հայ ժողովրդի վերապրած Մեծ Եղեռնը, բացահայտել պատասխանատուներին և կազմակերպիչներին, առերեսվել անցյալին և վերականգնել ուշացած արդարությունը»:
«1915 թվականի ապրիլի 24-ին 250 հայ քաղաքական գործիչ, մտավորական, լրագրողներ ձերբակալվեցին և քշվելով դեպի Չանքըրը ու Այաշ` սպանվեցին: Այդ օրը ողջ աշխարհում ընդունվել է որպես Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ոչնչացման պատճառ դարձած Հայոց ցեղասպանության սկիզբը»,-ասված է հայցադիմումի մեջ: Փայլանը շեշտել է, որ հայ ժողովրդի վերապրած ողբերգությունը բազմաթիվ երկրների խորհրդարանների օրակարգում է եղել և ճանաչվել իբրև ցեղասպանություն: Այնինչ թուրքական խորհրդարանում մինչ օրս այս հարցը չի քննարկվել: Հայազգի պատգամավորը համոզմունք է հայտնել, որ արդարության հաստատման միակ տեղը Թուրքիայի մեջլիսն է: Փայլանը այսօր իր թվիթերյան էջում նաև գրել է. «Հարգանքով ոգեկոչում եմ Հայոց ցեղասպանության զոհերին։ Հայ ժողովուրդը 105 տարի է` արդարության է սպասում»: Փայլանի ներկայացրած Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կենտրոնական մարմինը ևս հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությամբ: