Մատչելիության հղումներ

Հունվարի 1-ից գույքահարկը կարող է զգալիորեն աճել


Գալիք տարվա հունվարի 1-ից հայաստանցիները զգալիորեն ավելի շատ հարկ են վճարելու իրենց անշարժ գույքի համար։

Հարկային օրենսգրքում կառավարության այսօր ընդունած փոփոխությունների համաձայն, 2021 թվականի հունվարի 1-ից անշարժ գույքի համար գանձվող հարկը՝ գույքահարկը, այլևս հաշվարկվելու է տվյալ գույքի ոչ թե կադաստրային, այլ շուկայականին մոտարկված արժեքի հիման վրա։

Հայտնի է, որ Հայաստանում անշարժ գույքի կադաստրային արժեքը անգամներով զիջում է շուկայական արժեքին, և ներկայում գույքահարկը հաշվում են՝ հիմք ընդունելով կադաստրային արժեքը։ Սակայն գալիք տարվա հունվարի 1-ից, եթե, իհարկե, այս փոփոխությունները անցնեն Ազգային ժողովում և ստորագրվեն նախագահի կողմից, հայաստանցիների անշարժ գույքի հարկը հաշվարկելիս այլևս հիմք են ընդունելու դրա շուկայական արժեքը, որը որոշելու է Կադաստրի կոմիտեն։

Ինչ վերաբերում է հարկի դրույքաչափերին, դրանք չեն փոխվելու. սեփականատերերը շարունակելու են վճարել գույքի արժեքի 0,05 տոկոսից մինչև 1 տոկոս գույքահարկ՝ կախված դրա շուկայականին մոտարկված արժեքից։

Գործադիրի նիստում փոփոխությունները ներկայացնում էր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

«Առաջարկվող փոփոխության արդյունքում ակնկալվում է, որ պոտենցիալը գույքային հարկերի հարկման մոտավորապես 4,3 անգամ առաջարկվող մոտեցման ընդունման դեպքում կաճի: Սա իրա հերթին նշանակում է, որ հնարավորություն կընձեռվի համայնքներին, որոնց համար հիմնական աղբյուրը եկամուտների բյուջեների տեսակետից հանդիսանում են հենց գույքային հարկերից ստացվող եկամուտները, իրենց առջև ծառացած խնդիրների այլ որակի լուծման հասնել», - ասաց Ջանջուղազյանը:

Ըստ կառավարության պատրաստած տեղեկանքի, Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից վարվող պետական ֆինանսների վիճակագրության համաձայն՝ Հայաստանում անշարժ գույքի հարկ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 0,2 տոկոս, իսկ եվրոպական մի շարք երկրների, Հայաստանին հարևան երկրների, ԵՏՄ անդամ երկրների, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրների շարքում 0,2 տոկոսից ցածր ցուցանիշ ունեն միայն Մոլդովան և Ինդոնեզիան՝ 0,1 տոկոս: Օրինակ՝ հարևան Վրաստանում այդ ցուցանիշը կազմում է 1,1 տոկոս, Ռուսաստանում՝ 1,2 տոկոս, Մեծ Բրիտանիայում՝ 1,4 տոկոս, Ճապոնիայում՝ 1,9 տոկոս, Իսրայելում՝ 2 տոկոս, ԱՄՆ-ում՝ 2,7 տոկոս:

Եթե գործող կարգի համաձայն չի հարկվում մինչև 3 միլիոն դրամ կադաստրային արժեք ունեցող անշարժ գույքը, ապա ըստ փոփոխությունների, չհարկվող անշարժ գույք այլևս չի լինելու։ Անշարժ գույքը բաժանված է երկու խմբի՝ բազմաբնակարան բնակելի շենքերում բնակարաններ և անհատական բնակելի տներ, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին ունի վեց մակարդակ, և որքան գույքի արժեքը բարձր է, սեփականատերը այնքան շատ գույքահարկ է վճարելու։

Առաջարկվող փոփոխությամբ բնակարանների գույքահարկի չափը
Առաջարկվող փոփոխությամբ բնակարանների գույքահարկի չափը

Բնակարանների դեպքում առաջին մակարդակը մինչև 10 միլիոն դրամն է, որի համար տարեկան պետք է վճարեք 0,05 տոկոս գույքահարկ, իսկ անհատական բնակելի տների դեպքում՝ 7 միլիոնը, որի պարագայում, դարձյալ, պետք է վճարեք 0,05 տոկոս գույքահարկ։

Օրինակ՝ եթե Կադաստրի կոմիտեն ձեր բնակարանը գնահատել է 9,5 միլիոն դրամ, տարեկան կվճարեք 4 հազար 750 դրամ գույքահարկ։

Այնուհետև, յուրաքանչյուր նոր մակարդակի, այսինքն՝ ավելի թանկ բնակարանի կամ տան դեպքում գույքահարկի չափն աճում է։ Օրինակ՝ եթե բնակարանի արժեքը 10-ից 25 միլիոն դրամի շրջակայքում է, ենթադրենք՝ 23 միլիոն դրամ, ապա սեփականատերը տարեկան կվճարի հինգ հազար դրամ և տասը միլիոն դրամը գերազանցող մասի 0,1 տոկոսը, այս պարագայում՝ 13 միլիոն դրամի 0,1 տոկոսը կամ 13 հազար դրամ, և սրան էլ գումարում ենք հինգ հազարը՝ ընդհանուր առմամբ տարեկան կվճարի 18 հազար դրամ։

Իսկ եթե ձեր բնակարանի արժեքը 58 միլիոն դրամ է, ապա ձեր բնակարանը ընդգրկված է, այսպես ասած, չորրորդ մակարդակում, ուր արժեքները տատանվում են 47-ից 75 միլիոնի միջև։ Դուք պետք է տարեկան վճարեք 64 հազար դրամ և 47 միլիոն դրամը գերազանցող մասի 0,4 տոկոսը։ Այսինքն՝ 58 միլիոնից հանում ենք 47 միլիոն, ստանուն ենք 11 միլիոն, պետք է տարեկան վճարեք 11 միլիոնի 0,4 տոկոսը կամ 44 հազար՝ գումարած 64 հազարը, ընդհանուր՝ տարեկան 108 հազար դրամ գույքահարկ։

Բնակարանների դեպքում ամենաթանկ՝ վեցերորդ մակարդակը 100 միլիոն դրամը գերազանցողներն են, որոնց դեպքում սեփականատերերը վճարելու են 326 հազար դրամ՝ գումարած 100 միլիոն դրամը գերազանցող մասի 1 տոկոսը։

Առաջարկվող փոփոխությամբ անհատական բնակելի տների գույքահարկի չափը
Առաջարկվող փոփոխությամբ անհատական բնակելի տների գույքահարկի չափը

Անհատական բնակելի տների դեպքում ամենաթանկ՝ վեցերորդ մակարդակը 120 միլիոն դրամը գերազանցողներն են, որոնց դեպքում սեփականատերը վճարելու են 423 հազար 500 դրամ՝ գումարած 120 միլիոն դրամը գերազանցող մասի 1 տոկոսը։

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշեց, որ առնվազն երկու տարին մեկ վերանայելու են հայաստանյան անշարժ գույքի գները, որպեսզի դրա հիման վրա էլ որոշեն տվյալ տան գույքահարկի չափը։

«Շուտով Կադաստրի էլեկտրոնային հարթակում հասանելի կլինի հաշվիչը, որով քաղաքացիները կկարողանան իրենք իրենց հասցեն, գույքի համարը հավաքելով, ծածկագիրը կամ հասցեն հավաքելով տվյալ հաշվիչում ստանալ իրենց ներկա գույքահարկի չափը և ստանալ այն գույքահարկի չափը, որը իրենք պետք է վճարեն էս բարեփոխումների վերջնարդյունքում՝ չորս տարի հետո», - ասաց Թովմասյանը:

Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն աստիճանաբար: 2021 թվականին վճարման ենթակա կլինի անշարժ գույքի նոր արժեքի հիման վրա հաշվարկված գույքահարկի 25 տոկոսը, 2022 թվականին՝ 50 տոկոսը, 2023-ին՝ 75-ը, և նոր համակարգը ամբողջությամբ կներդրվի 2024 թվականից:

«Այսօր մեծ առանձնատներ կան, առանձնատուն չէ, դղյակներ կան, որոնք, օրինակ, տարեկան վճարում են 800 հազար դրամ, բայց օրենքի փոփոխությունից հետո պետք է վճարեն 15 միլիոն դրամ: Ակնհայտ է, որ այդ սեփականատերերի համար այդ 15 միլիոն դրամը ոչ մի բան է ըստ էության: Համենայն դեպս, եթե մարդն էդ կարգի դղյակ է կառուցել, ուրեմն դա պետք է այդպես էլ լինի», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հրատապ ճանաչեց նախագիծը և ուղարկեց Ազգային ժողով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG