Մատչելիության հղումներ

Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց` փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ Covid-19-ի հաստատման պատճառով


Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և բարձրաստիճան այլ նախկին պաշտոնյաներ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց կորոնավիրուսի պատճառով։

Մեղադրյալ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբաններից Ինեսսա Պետրոսյանի մոտ հաստատվել է Covid- 19-ը։ Նրա ամուսինը՝ փաստաբան Կարեն Մեժլումյանը, որի թեստը բացասական է եղել, սակայն ինքնամեկուսացման մեջ է, այսօր դատավոր Աննա Դանիբեկյանին հեռավար միջնորդություն էր ներկայացրել նիստերը ժամանակավորապես հետաձգելու վերաբերյալ։

«Միջնորդությունում նշված չէ, թե որ օրվանից են մեկուսացված Ինեսսա Պետրոսյանը և Կարեն Մեժլումյանը: Պարո՛ն Օհանյան, Դուք տեղեկություններ ունե՞ք այդ մասին»,- դիմելով Սեյրան Օհանյանին` հարցրեց դատավորը:

«Կոնկրետ տեղեկություն չունեմ, բայց շուրջ 4-5 օր է, կարծում եմ»,- պատասխանեց Օհանյանը:

«Այսինքն` նրանց առողջական վիճակի մասին ստույգ տեղեկությունները կարող ենք ստանալ 2 շաբաթ հետո»,- արձանագրեց Աննա Դանիբեկյանը:

Նիստին ներկա չէր նաև գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը: 65-ամյա պաշտոնաթող նախագահը տևական ժամանակ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է։ Ամսվա սկզբին նա վիրահատվել էր։ Հաշվի առնելով նաև այս հանգամանքը՝ դատավոր Դանիբեկյանը նիստը նշանակեց հունիսի 9-ին։

Ավելի վաղ «Ազատության» հետ հեռախոսազրույցում Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանն ասաց, որ իր պաշտպանյալի հետ վերջին երկու շաբաթվա ընթացքում շփում չի եղել, սակայն Մեժլումյանին մտահոգում է, որ համաճարակի ժամանակ անցկացվող դատական նիստերը վտանգավոր պայմաններում են իրականացվում, առաջարկում է նաև հետաձգել նիստն այնքան ժամանակ, քանի դեռ կորոնավիրուսի հետ կապված անորոշություն է տիրում։

«Մանավանդ նման նիստերը, երբ մի փոքր տարածքում մոտ 30 անձ նստում ենք, համենայն դեպս 20-ից ավելի ամեն դատական նիստի, պահպանված չէ այն նվազագույն գոնե ֆիզիկական կամ սոցիալական հեռավորությունը, որ պետք է լինի: Հիմա պատկերացնո՞ւմ եք` Ինեսսա Պետրոսյանը նախորդ նիստին հանկարծ գար դատական նիստին, չկար [ախտանշան] կորոնավիրուսի հետ կապված, ու կվարակվեին, իրար կողք ենք նստում, և տուժողների, և ամբաստանյալների մեջ տարիքով մարդիկ կան, հիվանդություններ խոցելի, այսպես ասած, ռիսկային խմբում գտնվող մարդիկ կան: Դիմում ներկայացրել եմ հետաձգելու, ընդ որում նաև նշել ենք, որ հետաձգեն մինչև այս համաճարակի հետ կապված դեմն առնելը, որովհետև հիմա տեսնում ենք, արդեն երկրաչափական պրոգրեսիայով աճում է, ռիսկը շատ է: Նաև նշել ենք, որ մինչև ապահովվեն անվտանգության կանոնները», - ասաց Կարեն Մեժլումյանը:

Նիստին չէր մասնակցում նաև տուժող կողմը: Քոչարյանի պաշտպանական թիմը բազմիցս խոսել է նիստերը ձգձգելու մասին և դրանում հիմնականում մեղադրել դատավոր Աննա Դանիբեկյանին: Փաստաբաններից Արամ Վարդևանյանն ընդունում է, որ հիմա աշխատում է ռիսկային պայմաններում, սակայն իրավիճակի պատասխանատվությունը նորից դնում է դատավորի վրա.- «Ցանկացած առողջական ռիսկ, որը տեղի է ունենում, ու նաև պայմանավորված լինի կալանավորման հանգամանքով, պատասխանատուներից մեկը լինելու է Աննա Դանիբեկյանը»:

«Ազատության» հարցին, թե ինչպես են առհասարակ պատկերացնում այս իրավիճակում նիստերի կայացումը, նա պատասխանեց.- «Ես կարծում եմ` այդ հարցը կարելի է հասցեագրել Դատական դեպարտամենտին, մենք ամեն դեպքում, մեր փաստաբանական թիմը մշտապես ջանասիրաբար մոտեցել է ցանկացած դատական նիստին»:

Ի դեպ, օրեր առաջ Քոչարյանի փաստաբանական խումբը հայտարարեց, որ ետ է վերցնում Վերաքննիչ դատարան ներկայացրած բողոքները՝ ընդդեմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումների։ Հիշեցնենք` դատարանը մերժել էր պաշտպանական կողմի միջնորդությունները գրավով, ինչպես նաև Հայաստանի և Արցախի նախկին վարչապետների անձնական երաշխավորության դիմաց կալանքից ազատ արձակելու մասին։ Բողոքը ետ վերցվեց անմիջապես այն բանից հետո, երբ պարզվեց, որ այն մակագրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։ Նկատենք՝ հենց Դանիելյանի որոշմամբ է երկրորդ նախագահը կալանքի տակ անցած տարվա հունիսի 25-ից։

Փաստաբան Վարդևանյանը թեպետ պնդում է, որ խնդիրը չեն անձնավորում, սակայն պատահական էլ չի համարում, որ 18 դատավորներից հենց Դանիելյանին հասավ Քոչարյանի գործը.- «Արմեն Դանիելյանն արդարադատություն և դատարան Ռոբերտ Քոչարյանի գործով չի կարող լինել»:

Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը «Մարտի 1-ի» քրեական գործի շրջանակում մեղադրվում են սահմանադրական կարգի տապալման մեջ: Վերջիններս իրենց մեղքը չեն ընդունում։

XS
SM
MD
LG