Մատչելիության հղումներ

Տեղերի խնդիր առայժմ չկա, քանի որ վարակակիրների մի մասը հյուրանոցներում է բուժում ստանում. ԱՆ խոսնակ


«Գոլդեն Փելես» հյուրանոցը, արխիվ
«Գոլդեն Փելես» հյուրանոցը, արխիվ

Կորոնավիրուսային վարակի հետևանքով 48-ամյա կին է մահացել: Սա վարակի բռնկման պահից մահվան 43-րդ դեպքն է:

«Պացիենտը եղել է 48 տարեկան կին և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություն: Ինչպես նաև նախորդ օրը արձանագրվել է մահվան մեկ դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվն արդեն տասն է»,- «Ազատությանը» փոխանցեց Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Վերջին մեկ օրում վարակակիրների թիվն ավելացել է 145-ով: Ալինա Նիկողոսյանի տեղեկացմամբ ՝ սովորաբար օրական մոտ հազար թեստավորում էր անցկացվում, այժմ իրականացվել է 1188 հետազոտություն.- «Եթե ընդհանուր առմամբ ասենք, ապա ունեցել ենք ընդհանուր 3 հազար 29 դեպք, որոնցից 1218-ն առողջացած են»:

Հիվանդանոցներից դուրս է գրվել 33 քաղաքացի, առայժմ մեկ օրում ապաքինվածների թիվը 4 անգամ պակաս է հաստատված նոր դեպքերի թվից: Այս պահին կորոնավիրուսային հիվանդությամբ 1758 հոգի է փաստացի բուժում ստանում։ Այնինչ հայաստանյան բուժհաստատություններում վարակակիրների համար 1550 մահճակալ է առանձնացված: Առողջապահության նախարարության մամլո խոսնակի պարզաբանմամբ՝ տեղերի խնդիր առայժմ չկա, քանի որ վարակակիրների մի մասը հյուրանոցներում է.- «Շատ թեթև դեպքերը հյուրանոցներում են արդեն բուժվում, խոսքը բացարձակ սիմպտոմներ չունեցող մարդկանց է վերաբերում»:

Հարցին` բոլոր մահճակալները` հիվանդանոցային տեղերը, զբաղված չե՞ն, նա պատասխանեց.- «Այդպես փորձում ենք կոմպենսացնել»:

Նախարարությունն այսօր կորոնավիրուսից մահվան 43 դեպքերի վերլուծություն է ներկայացրել: Հիմնականում պացիենտներն ունեցել են մեկից ավելի խրոնիկ հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, շաքարային դիաբետ 38 տոկոսի դեպքերում, սրտի ռիթմի խանգարումներ: Մահվան հիմնական պատճառ է դարձել երկկողմանի թոքաբորբը, որ հիվանդների մոտ առաջացրել է բազմաօրգանային կամ սուր շնչառական անբավարարություն:

Հինգերորդ օրն է, ինչ երկրում արտակարգ դրության սահմանափակումները մեղմվել են: Գործում են բացօթյա սրճարանները, առևտրի կետերը: Կարանտինային սահմանափակումներ են միայն Գեղարքունիքի մարզի երկու՝ Վարդենիս և Դդմաշեն համայնքներում, այստեղ ելումուտ միայն խիստ անհրաժեշտության դեպքում է հնարավոր:

Մայիսյան տոների առթիվ քաղաքացիների մասնակցությամբ միջոցառումներ չեն լինելու, միայն պաշտոնական արարողակարգային այցեր են նախատեսված: «Հաղթանակ» զբոսայգին, Կոմիտասի պանթեոնը փակ են այցելուների համար, իսկ «Եռաբլուր» զինվորական պանթեոն պարետատունը հորդորում է այսօր այցելել փոքր խմբերով:

Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը քաղաքացիներին հիշեցնում է արտակարգ դրության պայմանները խախտելու դեպքում իրավական հետևանքների մասին.- «Այդ կանոնները խախտելու դեպքում կենթարկվեն տուգանքի նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկու հարյուր հիսունապատիկի չափով, ինչպես նաև կխնդրեմ, որ ենթարկվեն ոստիկանության օրինական պահանջներին և այդ պահանջները չկատարելու պարագայում կենթարկվեն տուգանքի նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի սահմաններում: Ոստիկանությունն այս օրերին կլինի աչալուրջ, կպահպանի հասարակական կարգը, և հուսով եմ` մենք ծառայություն կիրականացնենք, ինչպես որ ամսի 24-ին Եղեռնի հիշատակի օրը»:

Արցախում իրավիճակը շարունակում է կայուն մնալ: Պարերատատան մամուլի հետ կապերի պատասխանատու Տիգրան Աբրահամյանի տեղեկացմամբ` այսօր նոր դեպքեր չեն գրանցվել: Ապրիլի 7-ից` առաջին դեպքի հաստատումից մինչև այժմ 10 քաղաքացու մոտ է հաստատվել վիրուսը, նրանցից 6-ն արդեն ապաքինվել են: Հակահամաճարակային սահմանափակումները Արցախում շարունակվում են.- «Այս պահին երկու համայնքում են սահմանափակումները, բայց ընթացքում հնարավոր է, որ դրանց թիվը աճի: Դա պայմանավորված է վարակված քաղաքացիների շրջանակներից»:

Շահումյանի շրջանի Քնարավան ու Նոր Վերինշեն գյուղեր ելումուտն է սահմանափակված: Տիգրան Աբրահամյանը տեղեկացրեց` վաղը մարդաշատ տոնական միջոցառումներ չեն լինելու.- «Դա առաջին հերթին վերաբերում է ամեն տարի իրականացվող երթին, որը չի կայանալու, և Շուշիում տեղի ունեցող տարբեր միջոցառումներին, որի մասնակիցների թիվը որպես կանոն շատ է լինում»:

Հայաստան-Արցախ անցակետերում սահմանափակումները պահպանվում են, ելումուտ հնարավոր է միայն պարետի սահմանած բացառությունների դեպքում:

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG