Մատչելիության հղումներ

Հայաստանում 113-ով ավելացել են կորոնավիրուսի դեպքերը, գրանցվել է մահվան ևս 2 դեպք


Հայաստանում մինչ այժմ հաստատվել է կորոնավիրուսի 2 հազար 386 դեպք` մեկ օրում ավելանալով 113-ով, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պաշտոնական կայքում այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալների համաձայն` առողջացածների ընդհանուր թիվը հասել է 1035-ի` ավելանալով 25-ով: Այս պահին փաստացի բուժվում են 1312-ը:

Մինչ այժմ գրանցվել է մահվան 35 դեպք, մեկ օրում` 2 դեպք: ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ պացիենտները եղել են 79 (կին) և 58 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

«Նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 4 է»,- հայտնել է նա։

Իրականացվել է 24 հազար 177 թեստ:

Երեկ կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել էր 125-ով: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 454 հոգի ունի թոքաբորբ, 63 հոգի գտնվում է ծանր վիճակում, 28-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում, 5 անձ միացված է արհեստական շնչառության սարքին:

Հիշեցնենք, որ վաղվանից` երկուշաբթի օրվանից, տեղաշարժման թերթիկներ լրացնելու անհրաժեշտություն չի լինելու. մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումները կհանվեն, սակայն հանրային տրանսպորտը կշարունակի չաշխատել։ Չի գործելու նաև միջմարզային տրանսպորտը:

Հանվում են նաև սահմանափակումները տնտեսական գործունեության գրեթե բոլոր տեսակների վերաբերյալ, կշարունակեն փակ մնալ մոլերը։ Գրեթե չեն լինելու սահմանափակումներ մանրածախ ու մեծածախ առևտրում, բացվելու է մշակող արդյունաբերությունը՝ գործունեության բոլոր տեսակներով։ Կգործեն այն ռեստորաններն ու սրճարանները, որոնք կունենան բացօթյա տարածք:

Անհատական ծառայությունները, օրինակ՝ մաքրման ծառայությունների, վարսավիրանոցներ ի գործունեությունը ևս կթույլատրվի մայիսի 4-ից:

XS
SM
MD
LG