Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր ասել է, որ իր երկիրը նշանակալից ներդրում կապահովի նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու գործում և ամեն ինչ կանի, որ այն հասանելի դառնա բոլորի համար:
Նախօրեին աշխարհի լիդերները հայտարարել են, որ հարկ է արագացնել պատվաստանյութերի և դեղամիջոցների ստեղծումն ու փորձարկումը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնության շրջանակներում դրանք մատչելի դարձնել մոլորակի բոլոր բնակիչներին:
«Ցանկացած մարդ կարող է վարակվել, ուստի, մեզ անհրաժեշտ է ամբողջ աշխարհի համագործակցությունը: Սա միասին աշխատելու ոչ թե հնարավորություն է, այլ անհրաժեշտություն», - ասել է կանցլերը:
Նրա փոխանցմամբ, Գերմանիան պատասխանատվության իր բաժինը կստանձնի, և հենց վակցինան ստեղծվի՝ ամեն բան կանի, որ դեղերը, ախտորոշման սարքերը, անհրաժեշտ բոլոր պարագաները մատչելի լինեն հնարավորինս մեծ թվով մարդկանց համար:
Գերմանացի մասնագետների համոզմամբ, այդ աշխատանքի համար կպահանջվի մինչև 8 միլիարդ եվրո: