Մատչելիության հղումներ

Վանեցյանի ներկայացուցիչները հերքում են վարչապետի խոսնակի հայտարարությունը. կդիմեն դատարան


Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի իրավունքների պաշտպանության համար կպատրաստվի ու դատարան կներկայացվի համապատասխան քաղաքացիական հայց, հայտարարել են նրա ներկայացուցիչները:

Հայտարարության մեջ ասված է, որ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն օրեր առաջ նշել էր. «Զանգեզուրի պղնձամոլիպդենային կոմբինատում Միքայել Մինասյանի փայաբաժինն առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող»։

«Վարչապետի մամուլի խոսնակը նաև հարկ է համարել հայտարարությամբ վարչապետի «ցուցումը» փոխանցել ՀՀ իրավապահ մարմիններին, թե «ՀՀ վարչապետը ակնկալում է, որ ՀՀ իրավապահ մամիններն ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ պատշաճ քննության կենթարկեն վերը նշվածը և Հայաստանի ժողովրդին կտան վստահելի պատասխաններ»,- նշել են Վանեցյանի ներկայացուցիչները` հավելելով, որ վարչապետի խոսնակի հայտարարության մեջ տեղ գտած այս տեղեկությունները որևէ աղերս չունեն իրականության հետ։

Անցած սեպտեմբերին պաշտոնանկ արված Վանեցյանի փաստաբանները «անթույլատրելի ու զարհուրելի» են համարել պետության ղեկավարի խոսնակի միջոցով «ակնհայտ զրպարտչական տեղեկությունների տարածումը»` նշելով, որ քաղաքական ճնշման ուղղակի տարրեր պարունակող ցուցում է այն:

«Իրավական հնարավոր ողջ գործիքակազմի օգտագործմամբ ձեռնամուխ ենք լինելու Արթուր Վանեցյանի իրավունքների պաշտպանությանը, կպատրաստվի ու դատարան կներկայացվի համապատասխան քաղաքացիական հայց»,- եզրափակել են նրանք:

XS
SM
MD
LG