Մատչելիության հղումներ

«Խղճահարության չեմ ուզում արժանանալ, միայն աշխատել եմ ուզում»


Լիդա Սումբատյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 20-ը ապրիլի, 2020թ.
Լիդա Սումբատյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 20-ը ապրիլի, 2020թ.

Փոքրիկ վարսավիրանոցի տեր, 3,5-ամյա Տեոյի մայր Լիդա Սումբատյանը փորձել է օգտվել Կառավարության սոցիալական աջակցության ծրագրից, սակայն՝ ապարդյուն։

«Առցանց ներկայացրել եմ դիմումը, լրացրել եմ՝ թե՛ որպես անհատ ձեռնարկատեր, թե՛ որպես միայնակ մայր, երկուսն էլ մերժվել է», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Բացատրություն այդպես էլ չի ստացել, թե ինչու համակարգն իրեն չի ճանաչել որպես միայնակ մայր, որ նպաստ չի ստանում և փաստացի զրկվել է աշխատանքից։

«Մի թեժ գիծ զանգում ես՝ մյուս թեժ գծի համարն են տալիս, մյուս թեժ գիծը զանգահարում ես՝ պատասխանող ընդհանրապես չկա», - նշեց Սումբատյանը:

«Խղճահարության չեմ ուզում արժանանալ, միայն աշխատել եմ ուզում», - ասաց Լիդան՝ ցույց տալով եկամտի միակ աղբյուրը՝ մեկ-երկու հաճախորդ սպասարկող փոքրիկ գեղեցկության սրահը։

Լսել էր, որ կառավարության 8-րդ ծրագիրը պետք է սոցիալական աջակցություն ցուցաբերեր վարսավիրանոցներին էլ, սակայն ինքը բացառությունների շարքում է հայտնվել՝ երեք ամիս չկա, ինչ այն գործարկված է։

«Ամբողջ փետրվար ամսին ես լիքը վարկեր ու ապառիկներ եմ վերցրել՝ բացելու իմ սեփական բիզնեսը, աշխատելու, քանի որ այս մասնագիտությամբ եմ սովորել: Մարտի 1-ից գործել եմ մինչև մարտի 23-ը, շրջանառություն նորմալ ցույց եմ տվել, 23-ից սկսած փակ եմ առայսօր ու ընդհանրապես եկամտի աղբյուր չունեմ, քանի որ երեխայիս միակ խնամակալը ես եմ, երեխաս էլ 3,5 տարեկան է, այսինքն՝ ներկա պահին էլ հնարավորություն չկա թեկուզ ինչ-որ ուրիշ ոլորտում աշխատանք գտնելու, քանի որ խնամակալ չունեմ ու չեմ կարող երեխային ոչ մեկի մոտ թողնել», - ասաց Լիդա Սումբատյանը:

Երիտասարդ մայրը սրտնեղած էր, մատուցողուհի:աշխատելով մի կերպ հավաքել էր այդ գումարը, վարձակալել տարածքը, հիմա, սակայն, ոչ օգնություն է հասնում, ոչ էլ աշխատելու հնարավորություն ունի։

Նախորդ օրը որոշել էր շրջանցել օրենքը, բացել էր վարսավիրանոցը, փորձել այցելուներ ընդունել, սակայն հարդարվել ցանկացողների փոխարեն ոստիկաններն էին այցելել. - «Մարդիկ իրենց նախազգուշացումը գրեցին, տվեցին, գնացին: Դեռ չեն տուգանել, բայց զգուշացրել են, որ եթե երկրորդ անգամ էլ ինձ արդեն բաց տեսնեն, տուգանելու են»:

Պատմելով իր սուղ պայմանների մասին՝ փոքրիկի հետ հանրակացարանում է ապրում, ցույց էր տալիս իր աշխատանքային տարածքն ու մտահոգություն հայտնում՝ գործ չի անում, փող չի ստանում, սակայն ամսվա ավարտին պետք է տարածքի համար 250 հազար դրամ վճարի։

«Մասկաները, ձեռնոցները, ամեն ինչ դրված է, ես ուղղակի լոգիկան չեմ հասկանում թույլ չտալու: Եթե արտակարգ դրությունը հայտարարելուց հետո մինչ օրս մարդիկ խանութներում խսիր, հա՞, էսպես, կասսայի մոտ, ավելի մոտ կանգնած իրար՝ առանց դիմակների, առանց ոչ մի բանի, առևտուր են անում, իմաստը գեղեցկության սրահում արգելելու, եթե ես նույն հաջողությամբ դիմակով և ձեռնոցով հաճախորդին ետևի կողմից սպասարկելու եմ», - ընդգծեց Լիդա Սումբատյանը:

Կառավարությունը տեղյակ է այս խնդիրներին, «Ազատության» հետ զրույցում ասաց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը՝ հավելելով, որ հենց հիմա էլ քննարկումներ են ընթանում, և Կառավարությունը փորձում է սոցիալական աջակցության այլ տարբերակներ գտնել ծրագրերից դուրս մնացած մարդկանց համար ևս։

XS
SM
MD
LG