Մատչելիության հղումներ

Նպաստի 50 տոկոսի չափով աջակցություն շուրջ 85 հազար նպաստառու ընտանիքների


Կառավարությունն այսօր հաստատեց պետական աջակցության արդեն 13-րդ միջոցառումը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի տեղեկացմամբ, պետությունը գումարի 70 տոկոսն առձեռն կփոխանցվի, իսկ 30 տոկոսն էլ էլեկտրաէներգիայի սպառած վճարի համար կտրամադրի․ - «Հատկացված լրացուցիչ միանվագ աջակցությունը կազմում է 1,2 միլիարդ դրամ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ նախորդ ծրագրերում ներառված չեն եղել նպաստառու ընտանիքները։ Նա անդրադարձավ նաև այն քննադատությանը, թե պետությունը աջակցություն չի տրամադրում չգրանցված, օրավարձով աշխատող քաղաքացիներին․ - «Մեր կանխավարկածն այն է, որ օրավարձով աշխատողները այս հինգ կատեգորիաներից որևէ մեկում, որոշ դեպքերում նույնիսկ երկուսում կարող են լինել»։

Կառավարությունը ընդլայնում է նաև նախկինում ընդունված 3-րդ, 8-րդ և 9-րդ աջակցության ծրագրերի շահառուների շրջանակը։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ 3-րդ ծրագրով կփոխվեն փոքր և միջին ձեռնարկությունների համար նախատեսվող վարկերի տրամադրման պայմանները։

Վարկ կստանան նաև հարկային պարտավորությունները թերի կատարած քաղաքացիները, բայց՝ որոշ բացառությամբ․ - «Եթե, այնուամենայնիվ, որևէ մեկը նախորդ տասներկու ամիսների ընթացքում ունեցել է վարչական վարույթ բռնագանձումների առնչությամբ, բայց 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պետության նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների չի ունեցել, նա նույնպես համարվում է շահառու կազմակերպություն՝ պայմանով, որ առաջին՝ ավելի բարեխիղճ հարկատուների նկատմամբ, պետք է վճարի մեկ տոկոս հատկացման վճար»։

8-րդ միջոցառմամբ աջակցություն կտրամադրվի նաև հանրային տրանսպորտի ոլորտի, մասնավոր նախակրթարանների, մարզասրահների ու զվարճանքի վայրերի աշխատակիցներին։

Զարուհի Բաթոյան․ - «Մենք նաև ընդարձակում ենք 9-րդ միջոցառման շրջանակը, որտեղ սահմանում ենք, որ ընտանիքը միջոցառման շահառու կարող է հանդիսանալ նաև այն դեպքում, երբ գրանցված աշխատանք ունեցող ծնողը 2020 թվականի մարտի 12-ի դրությամբ գտնվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հայտնեց, որ 8-րդ ծրագրով արդեն ավելի քան 44 հազար քաղաքացու, 9-րդով՝ 20 հազար երեխայի է գումար են փոխանցվել։

Վարչապետ Փաշինյանը խոսեց նաև աջակցության ծրագրերի իրազեկման կարևորության մասին։ Ասաց, որ Ֆեյսբուքով բազմաթիվ նամակներ է ստացել քաղաքացիներից, և մեծ թվով մարդիկ տեղյակ չեն, որ այս կամ այն ծրագրի շահառու են․ - «Ունենք բոլոր հնարավորությունները յուրաքանչյուր մարդու մանրամասն իրազեկել, թե Կառավարության որոշման հետ ինքը ինչպես է առնչվում»։

Զարուհի Բաթոյան․ - «Կան քաղաքացիներ, որոնք շատ պարզ տեղեկատվության կարիք ունեն։ Օրինակ, ինչ է ՀԾՀ-ն, սոցիալական քարտը և այլն։ Այս ուղղությամբ ևս հնարավորինս պարզ ու մատչելի ներկայացրել ենք»։

«Տեսնում եք, - միջամտեց վարչապետը, - էդ նշանակում ա, որ մեր լրատվական համակարգը չի աշխատում։ Եթե էդ ՀԾՀ կոչվածը սկզբունքային նշանակություն ունի նրանում, [թե] մարդը կկարողանա ճիշտ լրացնել դիմումը թե չէ, ապա մենք․․․ Հիմա, օրինակ, կներեք, բայց ես չգիտեմ ՀԾՀ-ն ինչ ա, մի հատ ասեք ՀԾՀ-ն ի՞նչ ա»։

Վարչապետը հայտարարեց, որ խնդիր կա Կառավարություն ընդունած աջակցության միջոցառումներով նախատեսվող օգնությունը ժամանակին և արդյունավետ տեղ հասցնելու։ Հարցը վրդովեցրել էր վարչապետին, և նա հանձնարարեց գործադիրի բոլոր ուժերը կենտրոնացնել՝ խնդիրը լուծելու համար․ - «Պարոն Գրիգորյան, ես էլի կրկնում եմ՝ ամեն օր էրկու ժամը մեկ ստուգեք անձամբ դուք՝ ո՞նց ա աշխատում համակարգը, ի՞նչ ա արվում էս հանձնարարականները կատարելու ուղղությամբ։ Էդ օգնությունը մենք չենք որոշումը ընդունում, որպեսզի ուղիղ եթերում ասենք՝ վայ, որոշում ընդունեցինք, մարդկանց օգնեցինք։ Դա նրա համար ա, որ էդ օգնությունը գնա մարդկանց տեղ հասնի րոպե առաջ»։

Հետո էլ Փաշինյանը քաղաքացիների համար ևս մեկ անգամ պարզաբանեց, թե ինչ է ՀԾՀ-ն ու ՀՎՀ-ն․ - «Սիրելի բազմաթիվ հայրենակիցներ, ովքեր նամակ են գրել ինձ այդ թեմայով։ Ուրեմը հանրային ծառայության համանիշը սոցիալական քարտի համարն ա, ոչ մի բարդ բան։ ՀՎՀ-ն էլ հարկ վճարողի համարանիշն ա, որով նույնականացնում ենք հարկ վճարողին»։

XS
SM
MD
LG