Մատչելիության հղումներ

Կորոնավիրուս. իրավիճակն աշխարհում ապրիլի 13-ին


Ապրիլի 13-ին` Երևանի ժամանակով 19:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով ախտահարվածների թիվն անցել է 1 միլիոն 861 հազարը, մահացել է մոտ 15 հազար մարդ, ապաքինվել է 431 և կես հազար հիվանդ: Մտահոգիչ վիճակագրությամբ առաջին տեղում Միացյալ Նահանգներն է, որտեղ վարակվել է մոտ 560 հազար մարդ և մահացել է շուրջ 22 հազար 100 մարդ: Իտալիայում զոհերի թիվ մոտենում է 20 հազարի: Իսպանայում մահացել է մոտ 17 և կես հազար հիվանդ: Դա աշխարհում երրորդ ամենաողբերգական ցուցանիշն է:

Այսօր Մադրիդի մոտակայքում գտնվող Սևերո Օչոա հիվանդանոցում լացով, երգով և ծափողջույններով հրաժեշտ են տվել անցյալ ուրբաթ օրը կորոնավիրուսից վախճանված վիրահատարանի 57-ամյա բուժակ Էստեբանին. նա Մադրիդում այդ հիվանդությունից մահացած արդեն երրորդ բուժաշխատողն է:

«Շատ ենք հուսահատված մեր հիվանդների վիճակից, մեր անպաշտպանությունից: Չունենք անհրաժեշտ պարագաներ, ես բուժքույր եմ, իսկ կորոնավիրուսով վարակված մայրս հենց հիմա վերակենդանացման բաժանմունքում է»,- ասել է բուժքույր Մար Մորալեսը:

Հայաստանի հարևան Իրանում վարակվել է ավելի քան 73 հազար 300 մարդ: Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Կիանուշ Ջահանփուրը նոր տվյալներ է հայտնել.- «Դժբախտաբար, մեր սիրելի քաղաքացինեից ևս 111-ը մահացան, այսպիսով, մահերի թիվն Իրանում հասավ 4 հազար 585-ի»,- ասել է խոսնակը:

Հայաստանի մյուս հարևան Թուրքիայում մոտ հազար երկու հարյուր զոհ է: Ֆրանսիայում ախտահարվածների թիվն անցել է 132 և կես հազարը, մահացել են ավելի քան 14 հազարը: Ուշագրավ է, որ Գերմանիան վարակվածների թվով 5-րդ երկիրն է՝ 128 հազար դեպք, սակայն այդ երկրում ԱՄՆ-ի և Եվրոպայի մնացած երկրների համեմատությամբ ավելի քիչ թվով մարդ է վաճխանվել, զոհերի թիվը երեկ անցել է 3 հազար 20-ի շեմը:

Միանգամայն այլ վիճակ է վարակակիրների թվով 6-րդ երկրում՝ Բրիտանիայում, որտեղ հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 84 հազար դեպք, իսկ մահացել է Գերմանիայի համեմատությամբ գրեթե երեք անգամ ավելի շատ մարդ՝ զոհերի թիվն անցել է 10 հազար 600-ը: Վարակված և հիվանդանոց տեղափոխվածների շարքում էր նաև վարչապետ Բորիս Ջոնսոնն, ով արդեն դուրս է գրվել և տնային պայմաններում է կազդուրվում: Հատուկ ուղերձով դիմելով հայրենակիցներին` վարչապետը հայտարարել է, որ Թագավորությունը միացյալ ջանքերով անպայման կհաղթահարի այս պատուհասը: Ջոնսոնը նաև խոստովանել է, որ վերակենդանացման բաժանմունքում բառիս բուն իմաստով պայքարել են նրան մահից փրկելու համար, և որ եղել են շատ ծանր, երբեմն անհույս րոպեներ: Նա շնորհակալություն է հայտնել Լոնդոնի Սուրբ Թոմասի հիվանդանոցի անձնակազմին և ասել է, թե երբեք չի մոռանա նրանց կատարած աշխատանքը:

«Թող ներեն, եթե ոչ բոլորին եմ հիշատակում, բայց ուզում եմ առանձնացնել բուժքույր Ջենիին Նոր Զելանդիայից և բուժակ Լուիսին Պորտուգալիայից, իմ օրգանիզմը սկսեց վերջապես բավարար չափով թթվածին ստանալ նախևառաջ նրանց ջանքերի շնորհիվ, նրանք են զօրուգիշեր հերթապահել իմ պալատում և հարկ եղած պահին միջամտել, երախտապարտ եմ, երբեք չեմ մոռանա»,- ասել է Ջոնսոնը` հավելելով, որ այսօր բրիտանական բուժհիմնարկներում լարված պայմաններում հերոսաբար աշխատում են բոլորը՝ բժիշկները, անձնակազմը, մատակարարները, առանց բացառության՝ բոլոր ծառայությունները:

Ջոնսոնն ասել է, թե Էն-Էյչ-Էսը՝ Ազգային առողջապահության ծառայությունը Բրիտանիայի բաբախող սիրտն է, այդ համակարգի ջանքերով թագավորությունը կհաղթի նենգ և անտեսանելի թշնամի վիրուսին: Բայց վարչապետը նաև ընդգծել է, որ հաղթանակ չի լինի, եթե հանրությունը չաջակցի Ազգային առողջապահության ծառայությանը, սատարելու միակ ճիշտ միջոցն է ենթարկվել օրենքներին, պահպանել սոցիալական հեռավորության կանոները:

Ջոնսոնի այս դրամատիկ խոստովանությունը կարևոր նշանակություն ունի, քանի որ ամիսներ առաջ, երբ հրատապը ոչ թե կորոնավիրուսն էր, այլ «Բրեքզիթն» ու պահպանողականների և լեյբորիստների պայքարը, Բրիտանիայում քննարկվում էր Առողջապահության ազգային ծառայությունն օպտիմալացնելու կամ մասնավորեցնելու հնարավորությունը, ինչը կփոխեր մատչելիությունը: Այսօր Բրիտանիայում քաղաքացիների և բնակության իրավունք ունեցողների համար բժշկությունը դեռ անվճար է:

Մինչդեռ, վարակի ծագման վայր համարվող Չինաստանում իրավիճակն օրըստօրե բարելավվում է, Պեկինից Ուհան գործուղված բժիշկները հիվանդանոցի վերակենդանացման բանժանմունքից ընդհանուր պալատ են տեղափոխել կորոնավիրուսի ախտահարումից ծայրահեղ վատ վիճակում հայտնված վերջին պացիենտին: Մասնագետների համոզմամբ` հաջողության գրավականը չհուսահատվելն է:

«Նույնիսկ եթե կա մարդուն փրկելու ամենաանշան, ամենահամեստ շանսը, մենք պարտավոր ենք մեր ուժերի հարյուր տոկոսով աշխատել»,- ասել է Պեկինի բժշկական քոլեջի հիվանդանոցի պատասխանատու Ժան Շույանգը:

XS
SM
MD
LG