Մատչելիության հղումներ

Վիրտուալ շփման հարթակ՝ բրիտանական ծերանոցների բնակիչների համար


Մեծ Բրիտանիա - Լոնդոնի Թրաֆալգար հրապարակը դատարկ է, 24-ը մարտի, 2020թ.
Մեծ Բրիտանիա - Լոնդոնի Թրաֆալգար հրապարակը դատարկ է, 24-ը մարտի, 2020թ.

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով հատուկենտ այցելուներից զրկված բրիտանական ծերանոցների բնակիչների համար վիրտուալ շփման հարթակ է ստեղծվել:

Կամավորները, որոնց թիվը մի քանի օրում հասել է տասնյակ հազարների՝ աշխարհի տարբեր անկյուններից, միանալով ծրագրին՝ տատիկ կամ պապիկ են «որդեգրում»: Նրանք տեսակապի միջոցով շփվում են մեկուսացված տարեցների հետ, ովքեր այլևս չեն կարողանում տեսակցել իրենց հարազատներին՝ երկրով մեկ ահագնացող համաճարակից խուսափելու համար:

Կամավորները, ովքեր պատրաստ են նվիրաբերել իրենց ժամանակը, տարբեր տարիքային խմբերից են՝ 1-ից մինչև 75 տարեկան:

Լոնդոնի ծերանոցներից մեկի բնակիչ՝ 74-ամյա Շեյլի Ուորֆիլդին, օրինակ, «որդեգրել է» 5-ամյա Ֆեան: Փոքրիկ աղջնակի մայրիկը հարցնում է. - «Ինչո՞ւ ես որոշել տատիկ որդեգրել»: «Որովհետև նրանք միայնակ են, և ես ուզում եմ, որ նրանք ժպտան», - պատասխանում է Ֆեան և վիրտուալ տատիկին պատմում իր նախասիրությունների մասին, հպարտանում նկարչական վերջին ձեռքբերումներով:

«Այս վիրուսն ինձ զրկեց ամեն ինչից: Երկու փոքրիկ զարմուհիներս ինձ միշտ այցելում էին, պարբերաբար գալիս էին ինձ տեսակցության, հիմա այլևս չեն կարող: Ես չեմ կարողանում հանդիպել փոքրիկներին, էլ չեմ խոսում արդեն մեծահասակների մասին: Սա պարզապես հրաշալի է: Հույս ունեմ, որ մի օր կկարողանամ աղջիկներին տեսնել այստեղ», - ասում է տարեց կինը:

«Ես սիրում եմ ընտանիք, ես սիրում եմ երեխաներ», - նշում է Շեյլի Ուորֆիլդը:

Բրիտանուհի Միշել Հասըրը ցանցին միացել է երկրում հայտարարված կարանտինային միջոցառումների պատճառով գործազուրկ դառնալուց հետո:

«Մենք նրանց հետ շփման պակասն ենք լրացնում, նրանք՝ մեր, բարձրացնելով յուրաքանչյուրիս տրամադրությունը: Սա անվտանգ ու ապահով միջոց է՝ շփվելու մարդկանց հետ, ովքեր, հնարավոր է, այլ ելք պարզապես չունեն», - ասում է բրիտանուհին:

Օնլայն այս հարթակի հեղինակներն այժմ ուղիներ են փնտրում՝ ներգրավելու ավելի շատ կամավորների և գործընկեր կազմակերպությունների՝ երկրում համաճարակային ահագնացող վտանգի պայմաններում ավելի մեծ թվով միայնակ տարեցների հետ շփում ապահովելու համար:

Մեծ Բրիտանիան, ըստ կանխատեսումների, կարող է դառնալ կորոնավիրուսի հետևանքով Եվրոպայում ամենաշատը տուժած երկրներից մեկը: Կիրակի օրվա տվյալների համաձայն՝ միայն երկրի հիվանդանոցներում մահացածների թիվը գերազանցել է 10 հազարը, չհաշված համաճարակի հետևանքով իրենց տներում կամ ծերանոցներում մահացածներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG