Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսային վարակը չի նշանակում, որ մարդիկ անբուժելի են, շեշտում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ փոխտնօրենը


Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվն աճում է: Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը:

Ստորև՝ հատված հարցազրույցից.

Պետրոս Մանուկյան. – Կորոնավիրուսային վարակը դա դեռ չի նշանակում, որ մարդիկ անբուժելի են, կորոնավիրուսային վարակը՝ անգամ իր ամենաարտահայտված բարդություններով, բարդագույն թոքաբորբերով, նույնպես ունեն բուժման հավանականությունը և հնարավորությունները, որը ցույց է տալիս այսօրվա մեր գործելաոճը:Պատկերացնենք, որ այսօր մեր ախտորոշված հիվանդների ընդամենը 0,1 տոկոսի սահմաններում է կազմում մահացությունը, մի քիչ ավել՝ 0,15, այսինքն՝ մեր մոտ բարդագույն դեպքերը շատ հաճախ ավարտվում են ապաքինումով՝ օգտագործելով ժամանակակից բժշկական սարքավորումները, ախտորոշման նորագույն սարքավորումները և, իհարկե, այսօրվա Հայաստանի Հանրապետությունում նույնպես բժշկական ներուժն ու գիտելիքները:

Այո, այսօր մեր կլինիկայում նույնպես բուժման մեջ գտնվում են ծանրագույն հիվանդներ, որոնք բուժման ընթացքում, մենք հույս ունենք, կապաքինվեն:

«Ազատություն». – Իսկ ինչո՞ւ է մեզ մոտ այսքան ցածր մահացության աստիճանը՝ այն դեպքում, երբ Իտալիայում, Միացյալ Նահանգներում և մյուս երկրներում՝ Իսպանիայում, շատ ավելի բարձր է այդ մահացության աստիճանը: Ինչպե՞ս կբացատրեք, ի՞նչ է դա նշանակում, որ հայերը ավելի ուժեղ իմունային համակա՞րգ ունեն, թե՞ այստեղ ուրիշ գաղտնիք կա:

Մանուկյան. – Գաղտնիքը, առաջին հերթին, կան տարբեր, տարբեր մոտեցումներ հարցին, տարբեր գիտական աշխատություններ են հիմա տարվում ամբողջ աշխարհով մեկ՝ գտնել պատճառահետևանքային կապ՝ ինչ պատճառներով է որոշ էթնիկ պատկանելիության խմբերի մեջ մահացության տոկոսները ավելի շատ, որոշների մոտ՝ ավելի քիչ: Հիմա տարբեր տեսակի աշխատություններ կան՝ սկսած ժամանակին BCG վակցինացիայի հիմնավորումից...

«Ազատւթյուն. – Այ, եթե կարող եք, դրա մասին էլ ասեք...

Մանուկյան. – Նու, կան աշխատություններ, գիտե՞ք, դրանք ամեն ինչը ենթադրություններ են, ապացուցողական , բժշկական հիմնավորումներ դեռ չկան բոլոր այդ ենթադրություններին: Կան նմանատիպ ենթադրություններ՝ այն պոպուլյացիաները մարդկային, ովքեր ժամանակին եղել են պատվաստված BCG վակցինայով, նրանց մոտ ավելի թեթև են ընթանում հիվանդությունները, եթե թեթև են ընթանում, իհարկե, հավանական ծանրագույն բարդություններն ավելի քիչ են լինում, և քիչ են լինելու մահվան դեպքերը: Եվ, իհարկե, եթե տարածաշրջանը նկատենք՝ ոչ թե միայն Հայաստանում, այլ մեր տարածաշրջանում՝ դա կլինի մեր հարևան երկրները, բացառությամբ՝ Իրանը, որտեղ մահացությունը մի քիչ բարձր է, մնացած երկրներում նույնպես մահացության տոկոսը այդքան բարձր չի, դա նույնպես կարելի է կապել տարածաշրջանային առանձնահատությունների հետ: Սակայն տվյալ պահին ապացուցողական նման բազա դեռևս չկա՝ ինչ պատճառով, վերցնենք՝ Իտալիայում այսօր շատ-շատ արագ մոլեգնում է մահվան փոթորիկը, Ամերիկայում նույնպես՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ունենալով հզոր տնտեսություն, ունենալով մեծ բժշկական ներուժ, սակայն մահվան տոկոսը բավականին բարձր է նման եվրոպական երկրներում և Ամերիկայում:

Հուսանք, որ ժամանակին կլինեն համարժեք ուսումնասիրություններ, և պարզ կլինի այդ ամենի պատճառը:

Սակայն այս ամենի մեջ կրկին անգամ չանտեսենք առողջապահական համակարգի աշխատելաոճը և մոտեցումները՝ այսօր այն մոտեցումներով, ինչ որ կատարվում է Հայաստանի Հանրապետությունում առողջապահական համակարգում՝ հիվանդների վաղ հայտնաբերումը, անգամ ամենաթույլ նշաններով հիվանդներին բուժման մոտեցումները և, իհարկե, ծանրագույն հիվանդների հանդեպ առանձին լրջագույն մոտեցումները:

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի ապրիլի 12-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG