Նոր կորոնավիրուսի դեմ պայքարում կարող է օգնության հասնել հարյուր տարի առաջ ստեղծված BCG պատվաստանյութը։
Տուբերկուլյոզի դեմ արվող BCG պատվաստման ու կորոնավիրուսի հիվանդացության, մահվան վիճակագրությունն ուսումնասիրել են ամերիկյանի մի քանի գիտական խմբեր։ Նրանք համեմատել են իրավիճակը 178 երկրներում և պարզել են, որ այն երկրներում, որպես BCG պլանային պատվաստում կա, կորոնավիրուսից մահվան ցուցանիշը տասն անգամ ցածր է։
«Դա նոր հետազոտություն էր։ Բայց BCG պատվաստանյութի, ընդհանրապես պատվաստումների այլ ազդեցությունների մասին դեռ շատ վաղուց է հայտնի։ Պատվաստանյութերը ոչ միայն կանխարգելում են տվյալ հիվանդությունը, այլ նաև թողնում են այլ դրական ազդեցություններ։ Օրինակ, հենց BCG պատվաստանյութը դեռևս տարիներ առաջ փաստվել է, որ նվազեցնում է նաև թոքաբորբերի առաջացումը մոտ 41 տոկոսով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի իմունականխարգելման բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը։
Նրա տեղեկացմամբ, Հայաստանում BCG պատվաստման ընդգրկվածությունը համարյա 99 տոկոս է։ Վերջին տարիներին ընդհանուր պատվաստումների քանակը Հայաստանում նվազել է, սակայն ավանդական BCG-ն պահպանվել է․ պատվաստումը ստանում են հենց ծննդատանը լույս աշխարհ գալուց հետո 48 ժամվա ընթացքում։
«Բնակչության մենտալիտետով, որ դա էն հին պատվաստանյութերից է, որ տարիներ շարունակ կատարվել է, և՛ իրենք են ստացել, և՛ իրենց ծնողները, տատիկ-պապիկները», - նշեց Գրիգորյանը։
Կորոնավիրուսից մահվան դեպքերի քանակը մեծ է Միացյալ Նահանգներում, Իտալիայում, Իսպանիայում, Բելգիայում, որտեղ պարտադիր պատվաստում չի իրականացվում։ Իսկ, օրինակ, Ճապոնիայում, Թաիլանդում համաճարակը ծավալվում է դանդաղ ու առանց մեծ կորուստների։ 126 միլիոնանոց Ճապոնիայում կորոնավիրուսը 100 մարդու կյանք է խլել, իսկ 11 միլիոնանոց Բելգիայում՝ ավելի քան 2 հազար։
Գիտնականները հակատուբերկուլյոզային պատվաստանյութի ու COVID-19-ի կապը փորձել են թվերով հիմնավորել։ Այս ամենը օրինաչափությո՞ւն է, թե՞ զուգադիպություն։ Ավստրալիայի գիտնականներն արդեն փորձարկում են սկսել․ չորս հազար բուժաշխատողները, որոնք շփվում են կորոնավիրուսի վարակակիրների հետ, կպատվաստվեն BCG պատվաստանյութով։ Այսպիսի ստուգողական պատվաստումներ են սկսում նաև Իսպանիան, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները։
Ի դեպ, Հայաստանը լավ օրից չէ, որ BCG-ի պատվաստումը պահում է ազգային ծրագրում։ Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի խոսքով, մեր երկիրը տուբերկուլյոզի առումով խոցելիների թվում է։
«Ինչ վերաբերում է Իսպանիային կամ Իտալիային, տուբերկուլյոզի հիվանդացության այդպիսի խնդիր չեն ունեցել, ինչպես Հայաստանում, և իրենք BCG պատվաստումները չեն արել։ Միայն միգրանտներին, փախստականներին են արել և նրանց ընտանիքի նորածիններին։ Բայց ասեմ, որ Իսպանիայի մի նահանգում շարունակել են BCG պատվաստումները և հիանալի արդյունք ունեն, այդ նահանգում շնչառական համակարգի հիվանդություններից մահացությունն ավելի ցածր է եղել, եթե չեմ սխալվում, մոտ 10 անգամ, քան մյուս նահանգներում, որտեղ BCG չի արվում»։
Հայաստանում, նրա շեշտադրմամբ, կորոնավիրուսի վարակի պատկերը համեմատաբար բարվոք է, բայց չի շտապի կապ գտնել այդ պատկերի ու BCG համատարած պատվաստումների միջև։ Դա, ըստ նրա, առայժմ վարկած է, որն ունի լրացուցիչ հետազոտությունների կարիք։