Մատչելիության հղումներ

Դրամն ամրապնդում է կայունությունը. տնտեսագետները սա ոգևորիչ չեն համարում


Ամերիկյան դոլարը վերջին շաբաթվա ընթացքում դրամի նկատմամբ էժանացել է: Եթե ապրիլի սկզբին բանկերում և տարադրամի փոխանակման կետերում 1 դոլարը վաճառվում էր 500-ից 505 դրամով, այժմ դոլար կարելի է ձեռք բերել 487 դրամով։ Նույն ժամանակահատվածում դրամն արժևորվել է նաև եվրոյի նկատմամբ` ավելի քան տասը դրամով։ Ռուսական ռուբլու արժեքը շարունակում է տատանվել 6,7-ից 6,8 դրամի սահմաններում։

Առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ դրամը շարունակում է ամրապնդել կայունությունը։

Տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի գնահատմամբ` դոլարի թանկացման հարցում մեծ դեր խաղացին քաղաքացիների փոքր խնայողությունները, որոնք վերափոխում էին դոլարի: Ըստ տնտեսագետի` դոլարի արժեքի թռիչքը հիմնականում սրանով էր պայմանավորված.- «Իհարկե, սա ժամանակավոր էր և պետք է նստեր»:

Ասատրյանի պնդմամբ` այս պահին էական տատանումների մասին խոսելը վաղ է, դրամը կայուն կմնա, այդուհանդերձ, այս հանգամանքը տնտեսագետն այդքան էլ ոգևորիչ չի համարում.- «Կայուն դրամն էապես ազդում է մեր տնտեսական վիճակի վրա, մասնավորապես դեպի Ռուսաստան արտահանման, իսկ սրա հետևում ավելի լուրջ տնտեսական հետևանքներ են, մասնավորապես վերամշակող արդյունաբերության ճակատագիրը, հետագայում ճանապարհները բացվեն, նաև զբոսաշրջության: Գաղտնիք չի, որ զբոսաշրջիկների զգալի մասը Ռուսաստանից էր, իսկ այս պարագայում այդ երկրի համար նման ծառայությունները թանկանում են»:

Ըստ տնտեսագետի՝ առայժմ ոչ մի լուրջ գործոն չկա, որ դրամի էական արժևորման կամ արժեզրկման վրա մեծ ազդեցություն ունենա.- «Մեկ, երկու, երեք տոկոսը ես չեմ կարծում, որ մեզ բոլորիս պետք է անհանգստացնի: Ավելի պետք է անհանգստացնի սպառողական շուկայի վիճակը, սպառողական գների մակարդակը»:

Վարչապետ Փաշինյանն այսօր Եվրասիական միջկառավարական խորհրդի տեսակոնֆերանսին հայտարարեց՝ ռեցեսիան անխուսափելի է.- «Ավելին, ոչ ոք չգիտի, թե ինչպիսին կլինի այդ ճգնաժամի սցենարը։ Որքա՞ն կտևի պանդեմիան: Արդյո՞ք այն ապագայում կունենա ռեցիդիվ: Որքա՞ն խորը կլինի ճգնաժամը, և ինչպիսի՞ն կլինի համաշխարհային տնտեսության վարքն այդ պայմաններում»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով` պետք է արագ քայլեր ձեռնարկվեն ԵԱՏՄ-ի ներսում իրականացվող առևտրում ազգային արժույթներով վճարումների մասնաբաժինն ավելացնելու համար։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը դոլարի փոխարժեքի նվազման պատճառը տնտեսական ակտիվության նվազումն է համարում ՝ քաղաքացիները գործարքներ չեն իրականացնում, ազդեցություն է ունեցել նաև կառավարության և Կենտրոնական բանկի վարած քաղաքականությունը:

«Վերջին շաբաթների ընթացքում Կենտրոնական բանկը սկսել է որոշակի ներարկումներ անել բանկային համակարգ»,- ասաց նա:

Պարսյանն ընդգծում է՝ վերջին շաբաթներին դոլարի արժևորումը հանգեցրեց որոշ ապրանքների գների աճին.- «Դա իր սոցիալական բացասական հետևանքները թողեց մեր տնտեսության վրա, նաև կառավարության ծրագրերի վրա: Եվ նրանք փորձում են այդ իրավիճակը շտկել»:

Տնտեսագետը պնդում է՝ ամեն գնով դրամն արժևորել պետք չէ, համոզված է՝ դա բացասական ազդեցություն կունենա արտահանումների վրա, արտահանվող ապրանքը ռուսական շուկայում ավելի թանկ կդառնա.- «Մի շիշ գինին եթե արժեր 500 ռուբլի, դրամի արժևորման պայմաններում կդառնա 600»:

Պարսյանը դրամի արժեզրկումն անխուսափելի է համարում, բայց այն կառավարելի պետք է լինի.- «Մեզ մոտ մեկ շաբաթվա ընթացքում կտրուկ բարձրացավ դրամի կուրսը և դարձյալ մեկ շաբաթվա ընթացքում իջավ: Սա մեծ վնաս է հասցնում տնտեսությանը և ազգաբնակչությանը»:

Տնտեսագետն ակնկալում է, որ դրամի արժեզրկումը կարող է շարունակվել, ինչպես նավթի համաշխարհային գների նվազման, այնպես էլ կառավարության կողմից տնտեսության մեջ ֆինանսական միջոցների ներարկման հետևանքով։

XS
SM
MD
LG