Մատչելիության հղումներ

Հայաստանի այս տարվա տնտեսական ցուցանիշները էականորեն ցածր կլինեն կանխատեսվածից. Էկոնոմիկայի նախարար


Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հայտարարեց, որ ընթացիկ տարվա տնտեսական ցուցանիշները էականորեն ցածր կլինեն այն կանխատեսումներից, որ արել էին իշխանությունները 2019 թվականի վերջին։

2020 թվականի պետբյուջեի համաձայն, այս տարի Հայաստանը պետք է գրանցեր 4,9 տոկոս տնտեսական աճ։

Այսօր լրագրողների հետ զրույցում նախարար Խաչատրյանը թվեր չնշեց, սակայն վստահություն հայտնեց, որ հանրապետությունն արագ կվերականգնի իր տնտեսական ներուժը։

Կենտրոնական բանկի օրերս հրապարակած «Գնաճի հաշվետվություն» զեկույցի համաձայն, այս տարի Հայաստանը կփակի ընդամենը 0,7 տոկոս տնտեսական աճով։ 2019 թվականի դեկտեմբերին հրապարակված նախորդ զեկուցի համաձայն, 2020-ի տնտեսական աճը կանխատեսվում էր 5,3 տոկոս։

Լավ նորությունն այն է, որ գալիք տարվա համար Կենտրոնական բանկը կանխատեսում է 7,2 տոկոս աճ, մինչդեռ ըստ նախորդ զեկույցի գալիք տարի աճը ավելի համեստ պետք է լիներ՝ 5,1 տոկոս։

Հարցին, թե արդյոք կիսում է Կենտրոնական բանկի գնահատականները, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց․ - «Բոլոր թվարկված երևույթներն էլ ճիշտ են։ Բնական է, որ Ռուսաստանում տնտեսական իրավիճակը, որ նույն դժվարություններին է առերեսվել, ինչպես Հայաստանում և աշխարհի բազմաթիվ այլ երկրներում, այդպիսի ավելի դժվար ֆինանսական պայմաններում պետք է սպասել, որ կկրճատվեն նաև դեպի Հայաստան տրանսֆերները, որոնք կատարում են մեր համաքաղաքացիներին։ Բնականաբար, արտահանողներն են դժվարություններ կրում նույն շուկաներում՝ նույն պատճառներով։ Եվ ոչ միայն արտահանողները, այլև մեր ներքին շուկայում գործող կազմակերպությունները»։

«Կենտրոնական բանկի գնահատման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դա կոնկրետ իրավիճակի գնահատական է, այսինքն՝ այդ պահի դրությամբ տրված գնահատական է», - շարունակեց Խաչատրյանը։ - «Այս տարին այն տարին է, երբ որ էական է լինելու տնտեսական արդյունքի կրճատումը այն կանխատեսումների համեմատությամբ, որոնք տարվա սկզբին էին արված։ Իսկ դուք հիշում եք, որ տարվա սկզբին այդ արդյունքները բավական լավատեսական էին, և երկու ամսվա ցուցանիշներն էին ոչ ավելի վատ, քան 2019 թվականին արձանագրված շատ լավ ցուցանիշները։ Բայց սա ցույց է տալիս մեկ բան․ որ մենք կարող ենք արտադրել և մենք կարող ենք ունենալ այնպիսի տնտեսություն, որը աճում է բարձր տեմպերով։ Կանցնեն դժվար ժամանակները, չնայած 2020 թվականի դժվարություններին, մենք արագ կվերականգնենք մեր և՛ պոտենցիալը, և՛ տնտեսական ակտիվությունը»։

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի խոսքով, եթե Հայաստանը կարողանա այս տարի տնտեսական աճ ապահովել, մեծ հաջողություն կլինի․ - «Վիճակը բավականին բարդ է լինելու։ Խնդիրը կապված է նրա հետ, որ երբ որ մենք նայում ենք անցյալ տարվա մեր տնտեսական աճը ինչի հաշվին է տեղի ունեցել, ամեն ինչ այդտեղ ասված է․ հիմնականում մեր տնտեսական աճի լոկոմոտիվները եղել են հանքարդյունաբերությունը, որ անցյալ տարի աճել է 21,3 տոկոս, հանրային սնունդ, կացություն և այլն, որ աճել է 27,2 տոկոսով, ֆինանսական գործունեությունը, որը 22 տոկոսով է աճել։ Հիմա երբ որ նայում ենք այդ գործոններից որոնք կան, որոնք չկան, կացություն, զվարճություն, այստեղ մենք խնդիրներ ունենք, հանքարդյունաբերության մեջ մենք խնդիրներ ունենք, ֆինանսական միջնորդական գործունեության հետ կապված կարող է այն խնդիրները չունենանք, ինչ որ կար անցյալ տարի, բայց, համենայն դեպս, այստեղ էլ մենք չենք կարող ասել, որ 22 տոկոս տնտեսական աճ մենք կունենանք»։

XS
SM
MD
LG