Մատչելիության հղումներ

Առաջին անգամ Հայաստանում կորոնավիրուսից բուժվածների թիվն ավելի մեծ է, քան վարակվածներինը


Նախորդ մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 20-ով՝ հասնելով 853-ի: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պաշտոնական կայքը:

Կայքէջում այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալներով, կորոնավիրուսային հիվանդությունից բուժվածների թիվը նախորդ օրվա համեմատ աճել է 25-ով և այժմ 87 է: Փաստորեն, առաջին անգամն է, որ կորոնավիրուսից բուժվածների թիվը գերազանցել է վարակվածների թվին։

Ընդհանուր առմամբ, մինչև օրս բացասական են եղել կորոնավիրուսի 4 հազար 287 թեստերի արդյունքները: Կորոնավիրուսային հիվանդությունից բուժվողների թիվը տվյալ պահին Հայաստանում 758 է: Հիվանդությունից մահացել է 8 մարդ:

Առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ թարմ տվյալներին անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ - «Այսօր խորհրդակցություն ունեցանք, և Առողջապահության նախարարությունը, Պարետատունը շարունակում է պահպանել զգուշավոր լավատեսություն։ Երեկվա մեր նոր դեպքերը 20-ն են։ Նախորդ օրվա հետ համեմատած ավելի շատ է։ Իհարկե, թեստերը մի քիչ ավելի քիչ են, թեստերի քանակը՝ 211, բայց Առողջապահության նախարարությունը և Պարետատունը կարծում են, որ երեկվա մեր գնահատականը շարունակում է պահպանվել։ Եվ երեկ նաև շատ բացառիկ օր է եղել նրանով, որ փաստորեն մեր դուրս գրված, այսինքն՝ առողջացումով դուրս գրված պացիենտները ավելի շատ են եղել առաջին անգամ, քան նոր ախտորոշումները։ 20 հոգի նոր ախտորոշում ունենք և 25 հոգի առողջացումով դուրս գրված պացիենտ ունենք, և սա լավ նորություն է»։

Նախորդ օրը կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել էր 11-ով, մինչդեռ ապրիլի 4-ին հաստատված նոր դեպքերը 52-ն էին:

Փաշինյանը երեկ առավոտյան հույս էր հայտնել, որ այդ դինամիկան առաջիկա օրերին կպահպանվի, և այդ պարագայում հնարավոր կլինի գալիք երկուշաբթի օրվանից թուլացնել սահմանափակումները․ - «Մեր առաջիկա մարտավարությունը հետևյալն է․ Առողջապահության նախարարությունը պիտի ամեն ինչ անի, որպեսզի մինչև շաբաթվա վերջը արդեն օրը հազար հետազոտության հասնենք։ Եվ այդ հազար հետազոտությունը ավելի ամբողջական պատկերացում կտա մեր իրավիճակի մասին»։

Վարչապետը շարունակեց. - «Այսօրվա դրությամբ մենք 1400 մահճակալ ունենք կորոնավիրուսի համար նախատեսված, բայց այս պահի դրությամբ փաստորեն այդ մահճակալների կեսն է միայն զբաղված, ինչը նշանակում է, որ առողջապահական համակարգը շատ լարված չէ»։

Այսօր հայտարարվեց, որ կորոնավիրուսով վարակված առաջին դեպքն է գրանցվել Արցախում։ Ըստ Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարության, նախորդ օրը կորոնավիրուսի կասկածանքով Հայաստանի Հանրապետություն ուղարկված երկու փորձանմուշների թեստավորման արդյունքներն այսօր ստացվել են, որոնցից մեկը՝ դրական, մյուսը՝ բացասական: Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացու հետ շփված 17 քաղաքացիները ինքնամեկուսացվել են։

Պաշտպանության նախարարության և Ոստիկանության լրատվական ծառայություններից «Ազատությանը» փոխանցեցին, որ իրենց մոտ նոր դեպքեր չեն գրանցվել։

XS
SM
MD
LG