Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը կրկնապատկվում է արդեն ութ օրը մեկ. Թորոսյան


Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը կրկնապատկվում է արդեն ութ օրը մեկ, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Թորոսյանն ասաց, որ նրանց մեծ մասը նույնիսկ ջերմություն չունի, 146 հոգի ունի թոքաբորբ, երեկվա դրությամբ մոտ 35 հոգի ծանր վիճակում են գտնվում և ծայրահեղ ծանր՝ 8-ը:

«Կոչ եմ անում նորից՝ տեղավորվել արտակարգ դրության և պարետի ցուցումների շրջանակներում, տնից անհարկի դուրս չգալ, օգտվել միայն կենսական անհրաժեշտության ծառայություններից՝ խանութ, դեղատուն և այլն», - նշեց Թորոսյանը:

Նախարարն ասաց, որ օրական տոկոսային աճով նայելու դեպքում վերջին երեք օրերին պատկերը հետևյալն է՝ 4,6 տոկոս, 6,8 տոկոս և վերջին օրը 1,3 տոկոս:

«Մենք արդեն ունենք ութ օրը մեկ կրկնապատկման տեմպ: Մեր խնդիրն է այդ տեմպը գցենք ինչքան հնարավոր է», - ընդգծեց առողջապահության նախարարը:

Արսեն Թորոսյանը նշեց, որ ընդամենը 11 հաստատված նոր դեպքը, իհարկե, դրական հանգամանք է, սակայն պետք է մտածելու տեղիք տա, որպեսզի շարունակենք կանխարգելիչ միջոցառումները՝ այդ թիվը պահպանելու համար:

Նախարարն ընդգծեց, որ այս պահին կա 1400 մահճակալային ֆոնդ՝ առանձնացված միայն կորոնավիրուսային հիվանդության համար, այս պահին զբաղված է մոտ կեսը:

«Պացիենտների մի մասը, որոնք գանգատներ չունեն կամ ունեն շատ թույլ գանգատներ, հիվանդանոցներում չեն գտնվում, գտնվում են հյուրանոցներում, բայց, իհարկե, բժշկական հսկողության տակ», - ասաց նա:

Հիշեցնենք, Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում ավելացել է ընդամենը 11-ով՝ հասնելով 833-ի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարել է՝ կառավարությունը մեկ շաբաթից հնարավոր է աստիճանաբար թուլացնի սահմանափակումները, եթե կորոնավիրուսի հաստատված դեպքերը նվազեն:

Մինչ այս պահը կորոնավիրուսից բուժվել է 62 քաղաքացի, 8-ը՝ մահացել։

Օրեր առաջ առողջապահության նախարարը Ֆեյսբուքում գրել էր, որ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը կրկնապատկվում է յուրաքանչյուր յոթ օրը մեկ, և կոչ էր արել համատեղ ջանքեր գործադրել՝ այդ տեմպը դանդաղեցնելու համար:

XS
SM
MD
LG