Ոսկեվանում երեկ երեկոյան խոշոր տրամաչափի զինատեսակներից վիրավորված Արման Օհանյանը լավ է զգում իրեն:
«Լավ եմ տատ, արխային, լավ եմ»,- ասում է նա տատիկին` Ջեմմա Գալստյանին.- «Դու տատի գանձն ես, լավ պետք է լինես, քաղցրս, լավ եղնես»:
Տատիկն անձամբ էր ուզում լսել թոռնիկի ձայնը, վստահ լինել, որ վիրահատությունը բարեհաջող է անցել, ու առողջական վիճակը լավ է։ Բոլոր հարազատները հավաքվել ու հարցուփորձ էին անում՝ ինչպե՞ս եղավ, որ անցած տարիներին երբեք գյուղի այս թաղամասը չէր գնդակոծվել, հանկարծ ադրբեջանական կողմն ակտիվացավ հենց այդ հատվածում։
«Աստծո քաղցր աչքն ա եղել էլի, որ փրկվել ա, էտ անիրավների ձեռքից փրկվել ա: Էս տարածված վիրուսից էլ չեն վախում, որ կգնա, իրանց էլ կհասնի, վախ չունեն, ոչ մի բանից վախըմ չեն»,- ասում էր Սվետլանա Մարկոսյանը:
Այսօր Օհանյանների ընտանիքին այցելել էին նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները։ 15-ամյա տղայի պապը՝ Գերվազ Օհանյանը, նրանց էլ էր պատմել եղելությունը, թե ինչպես էին պատշգամբում նստած թոռնիկի հետ, ու ինչպես հակառակորդի կրակոցներն անսպասելի հասան իրենց։ Գնդակը մտել է Արմանի աջ ուսի ներքևի հատվածից և մնացել թիկունքում։
«Փոքրիկ փամփուշտ էր, հանեցին փամփուշտը: Այդպիսի բան չէր եղել ոչ մի անգամ, ներքևի մասը ուղիղ նշանառության տակ է, բայց մեր տները, էս թաղի տները ոչ մի անգամ էտպիսի բան չէինք տեսել»,- «Ազատությանը» պատմեց պապիկը` Գերվազ Օհանյանը:
Երեկ Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` ադրբեջանական կողմը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել։ Գործողությունների հետևանքով հայկական կողմում թեթև վիրավորում է ստացել նաև երկու զինծառայող:
Նախարարությունը նաև նշել էր. «Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և ադրբեջանական սահմանապահ ուժերի՝ պանդեմիայի պայմաններում ձեռնարկած անպատկառ գործողությունները սաստելու նպատակով Հայաստանի զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։
Ոսկեվանցիները ևս նշում էին, որ կորոնավիրուսի տարածման վտանգի պայմաններում իրենց համար անսպասելի էր հակառակորդի նման գործողությունը։ Եթե մինչև հիմա մեկ հակառակորդ ունեին, այժմ պայքարում են նաև կորոնավիրուսի դեմ։
«Ես եսա 25 տարի է, վախեցած եմ ապրում, որովհետև 94 թվին իմ տղան զոհվել է, նրա անունն էլ էր Արման, ու Արման անունը նորից դրեցի թոռնիկիս վրա և հիմա փոշմանել եմ, որ դրել եմ, որովհետև շատ եմ մտածում, ասում եմ` ինչի՞ դրեցի: Սահմանի բերանըմ ապրըմ ենք ահուդողով, վիրուսն էլ մի կողմից, էտ էլ ահավոր է»,- ասում է կինը: