Մատչելիության հղումներ

Գյումրու գործարարներն ակնկալում են պետության օգնությունը


Անցած տարի տուրիստական մեծ հոսք արձանագրած Գյումրիում հյուրանոցների, հյուրատների ու սրճարանների մեծ մասն այսօր փակ էր։

«Արաքս» հյուրանոցն ունեցել է մեծ թվով ամրագրումներ, սակայն դրանք չեղարկվել են:

Տնօրեն Վարդան Սրտաշյան․ - «Էս պահին ընդհանրապես հյուրանոցը դատարկ է։ «Պոբեդա» ավիաընկերությունը Գյումրիում չի գործում։ Տուրիստների մեծամասնությունը էս ամիսներին ռուսներն էին, ռուսներն էլ ընդհանրապես․․․ տեսնում եք, փակվել են թռիչքները։ Էս դեպքից հետո ընդհանրապես կարելի է ասել, որ տուրիստի մասին խոսելն անիմաստ է»։

Հյուրանոցն իր աշխատակիցներին հարկադիր պարապուրդի է ուղարկել: Սրտաշյանը պնդում է, որ եթե հարկադիր պարապուրդի ընթացքում աշխատավարձեր վճարեն, կսնանկանան․ - «Իհարկե, աշխատողների իրավունքները պաշտպանել պետք է, բայց պետք է էստեղ տարանջատուն դնել։ Եթե խոսքը գնում է խոշոր ձեռնարկությունների մասին, բնական է, խոշոր ձեռնարկությունները իրենց պահուստային ֆոնդից ինչ-որ կոմպենսացիաներ կարող են անել, բայց փոքր ձեռնարկատիրության մասին եթե էդ օրենքը ընդունվի, կարելի է ասել, որ էդ ձեռնարկությունները ամբողջովին բանկրոտի առաջ կկանգնեն»։

Հյուրանոցից բացի, նաև ընկերության սրճարանն ու ռեստորանը չեն գործում: Հաշվարկ չունեն, թե որքան վնաս են կրել այս իրավիճակում: Սրտաշյանը կարծում է, որ առանց պետության աջակցության բիզնեսը այս իրավիճակից միայնակ չի կարող դուրս գալ․ - «Միգուցե եթե պետությունը փորձեր կոմպենսացնել կոմունալների հետ կապված, հարկերի հետ կապված, կամ անտոկոս վարկեր տրամադրեր, իհարկե՝ մեծ սիրով։ Մենք էլ հասկանում ենք, բոլորն էլ մեր քաղաքացիներն են․բոլորն էլ ուզում ենք, որ պրոբլեմի առաջ չկանգնեն։ Բայց պետությունը անպայման պետք է միջամտի ու ամեն ինչ չթողնի տնտեսվարողի թիկունքին։ Էդ դեպքում էլ ինչների՞ս է պետք պետությունը»։

Գյումրիի կենտրոնում գտնվող «Հերբս ընդ Հանի» թեյարանը չի գործում արդեն մեկ շաբաթ: Սեփականատեր Արտուշ Եղիազարյանն ասում է, որ հատկապես Գյումրիում այս ոլորտը լուրջ խնդրի առաջ է կանգնած․ - «Մենք ֆինանսապես հազիվ դուրս եկանք ձմռանից, սպասում էինք, որ հիմա արդեն պետք է լավ լինի։ Ու հիմա մի հատ էլ սենց բան էղավ։ Հիմա եթե պետությունը նույնիսկ մեզ անտոկոս պարտքով փող ա տալիս․․․ ես չեմ կարող նորից հիմա պարտքի տակ մտնել»։

15 աշխատակից հիմա տանն է՝ հարկադիր պարապուրդի: Մեծագույն ցանկության դեպքում անգամ նրանց պարապուրդը վճարել չեն կարող:․ - «Մենք չենք կարող տալ, մենք նույնիսկ դադարեցրել ենք մեր գործունեությունը։ Մենք մոտավորապես 250-300 հազար կոմունալ վարձ ենք տալիս։ 15 հոգի աշխատող ունենք, մոտավորապես 200 հազարից անցնում է դրա եկամտահարկը․․․ Ու ես խոսում եմ միայն փետրվարի մասին»։

Գործարարը հետևում է կառավարության քայլերին, կարծում է, որ իշխանությունները չպետք է սահմանափակվեն երկարաժամկետ ծրագրերով, այլ, օրինակ, սպասարկման ոլորտին աջակցեն կարճաժամկետ ծրագրերով ու կանխիկ գումարով․ - «Եթե կարճաժամկետը չօգնի հենց հիմա, էդ երկարաժամկետը կարող է շատ-շատ դժվարությամբ տեղի ունենա, որովհետև հիմա եթե չբուժի էդ հիվանդին, հիվանդը երկարաժամկետ կարող է ոտքի չկանգնի»։

Գործարարն ասում է՝ կառավարությունից հետագա քայլերի վերաբերյալ հստակ մեսիջի են սպասում, որ իրենց գլխի ճարը տեսնեն․ - «Մի քիչ ավելի հստակ մեսիջների կարիք ունենք, էսօրվա, կարճաժամկետ օգնության կարիք կա»։

Արտուշ Եղիազարյանի կարծիքով, առանձնակի տարբերակված մոտեցում է պետք է մարզերի փոքր ու միջին բիզնեսին, քանի որ դրանք ի տարբերություն մայրաքաղաքի, նոր-նոր են սկսում զարգանալ։

XS
SM
MD
LG