Կառավարությունն առաջիկայում առնվազն 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը, այս մասին «Շանթ» ՀԸ եթերում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա` հիմա խնդիրն այն է, որ պետք է միտվել ապագային և հասկանալ, թե որ ճյուղերում դա պետք է ներդնել, քանի որ կորոնավիրուսի տարածմամբ համաշխարհային տնտեսության մեջ էլ փոփոխություներ են կատարվելու:
«25 միլիարդ դրամ կհատկացվի հետևյալ ծրագրին: Մենք կասենք, որ այն ընկերությունները, որոնք հայաստանյան բանկերից դրամական արտահայտությամբ վարկ կվերցնեն՝ իրենց աշխատողների աշխատավարձը վճարելու համար, իրենց հարկային պարտավորությունները կատարելու համար, իրենց կոմունալ վճարները վճարելու համար և հումք ձեռք բերելու համար, և էլի կետեր կլինեն, կհրապարակվի այդ որոշումը, կառավարությունն այդ վարկի 50 տոկոսը կհամաֆինանսավորի զրո տոկոսով, այսինքն` կառավարությունը կհամաֆինանսավորի վարկի 50 տոկոսը զրո տոկոսով, իսկ բանկի հատվածի տոկոսը կսուբիսիդավորի, որպեսզի այդ հատվածը ևս լինի զրո տոկոսով», - ասաց նա:
Վարչապետն ընդգծեց` ստեղծված իրավիճակը դիտում են որպես զրոյական կետ, և իր մատնանշած տնտեսական հեղափոխությունը հենց այստեղից պետք է սկսել. - «Հիմա ամեն ինչ փլուզվում է, և մենք ունենում ենք մի մեծ շինհրապարակ և պետք է մտածենք այդ շինհրապարակում նոր կյանք, նոր պետություն, նոր հանրություն, նոր հնարավորություն, նոր տնտեսություն կառուցելու մասին:
Արտադրական հարաբերությունները փլուզվելու են, և պետք է հասկանալ, թե որտեղ պետք է գումար ներդնել»:
Նրա խոսքով` սա շատ լավ ժամանակ է, որ արագ աջակցություն ցուցաբերեն գյուղատնտեսությանն ու գյուղոլորտի վարկերը սուբսիդավորեն այնքան, մինչև դառնա զրո տոկոս, արդյունքում մարդկանց քաջալերել զբաղվել գյուղատնտեսությամբ:
«30 միլիարդ դրամի փաթեթ ենք պատրաստել` զուտ սոցիալական հրատապ աջակցության համար, որպեսզի մենք բացառենք այն վիճակը, երբ մարդկանց սոցիալական կարգավիճակի գահավիժում կլինի», - ասաց վարչապետը` հավելելով, որ քաղաքացին ու բիզնեսը պետք է վստահ լինեն, որ կառավարությունը հստակ կանգնելու է իրենց կողքին:
«Բոլոր այն մարդիկ, որ ունեն գաղափար, հիմա, առավել ևս հիմա պետք է վստահ լինեն, որ կառավարությունը կանգնելու է իրենց կողքին», - հայտարարեց նա: