Մատչելիության հղումներ

Իշխանությունները տարեց մոսկվացիներին պարտադրում են ինքնամեկուսանալ


Մոսկվայի և մերձմոսկովյան շրջանների տարեց բնակիչներին իշխանությունները պարտավորեցրել են ինքնամեկուսանալ:

Օպերատիվ շտաբի տվյալներով, Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվելու 71 նոր դեպք է արձանագրվել: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 438-ի: Բոլոր նոր դեպքերը գրանցվել են Մոսկվայում:

Ռուսաստանի մայրաքաղաքում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 262 մարդ, սա երկրում գրանցված բոլոր դեպքերի 60 տոկոսն է: Վերջին մեկ օրում Մոսկվայում հիվանդանոցից դուրս է գրվել կորոնավիրուսից բուժված մեկ մարդ, ամբողջ երկրում ապաքինվել է 17 հիվանդ:

Այսօր առավոտյան Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը տարեց ու քրոնիկ հիվանդություններ ունեցող մոսկվացիներին կոչ է արել մարտի 26-ից մինչև ապրիլի 14-ը պահպանել տնային ռեժիմ:

«Բոլոր 60-ն անց և քրոնիկ հիվանդություններ ունեցող մոսկվացիներին քաղաքի իշխանությունները կտրամադրեն միանվագ ֆինանսական օգնություն` չորս հազարական ռուբլի», - հայտարարել է Սոբյանինը:

Այսօրվա կուրսով դա 50 դոլար է: Գումարի կեսը տարեց մոսկվացիները կստանան մինչև մարտի 26-ը, իսկ մյուս կեսը` ինքնամեկուսացման ռեժիմի ավարտից հետո և պայմանով, որ կպահպանեն տնային ռեժիմը:

Ռուսաստանում արտակարգ դրություն չի հայտարարվել. առևտրի կենտրոնները, քաղաքային տրանսպորտը, այդ թվում մետրոն, գործում են: Գործում են նաև սրճարաններն ու ռեստորանները, թեև դրանց սեփականատերերը հայտարարում են, որ հաճախորդներ գրեթե չկան:

Մինչև այս պահը չի չեղարկվել նաև ապրիլի 22-ին նախանշված սահմանադրական փոփոխությունների համառուսաստանյան քվեարկությունը: «Վեդոմոստի» պարբերականը, սակայն, վկայակոչելով իր աղբյուրները, այսօր գրել է, թե առաջիկա օրերին իշխանությունները կարող են հայտարարել քվեարկությունը մի քանի ամսով հետաձգելու մասին:

Կորոնավիրուսի այս համաճարակը մեծ վնաս է հասցնում նաև Ռուսաստանի տնտեսությանը: Նավթի գների անկման ֆոնին ռուսաստանյան ռուբլին գրեթե ամեն օր անկման նոր ռեկորդ է սահմանում: Այսօր, օրինակ, մեկ դոլարի գինը փոխանակման կետերում 81 ռուբլի է:

XS
SM
MD
LG