Վրաստանում այսօրվանից մեկ ամիս ժամկետով` մինչև ապրիլի 21-ը արտակարգ դրություն է հաստատվում: Այդ մասին այսօր կեսօրին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան` նշելով, որ կառավարությունը այս քայլին է դիմում կորոնավիրուսի հետագա տարածումը երկրում կանխելու համար:
«Այս պահին մեր գլխավոր նպատակը բնակչության շրջանում կորոնավիրուսի արագ տարածման կանխումն է: Արտակարգ դրության պայմաններում կարանտինային ռեժիմի խախտման համար պատժամիջոցներն են սահմանվում, սահմանափակվում է նաև տրանսպորտային երթևեկությունը` բացառությամբ բեռնափոխադրումների», - ասում էր Գախարիան`չբացառելով նաև, որ արտակարգ դրության ռեժիմի պայմաններում կառավարությունը կարող է սահմանափակել ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն այս պահին Վրաստանում կորոնավիրուսի 47 վարակակիր է առկա,վերջին 24 ժամերին երկրում կորոնավիրուսի երեք հաստատված դեպք է արձանագրվել: