Մատչելիության հղումներ

«Պատերազմի մեջ ենք, թշնամին աներևույթ է», - շեշտում է Ֆրանսիայի նախագահը


Ֆրանսիա, Փարիզ, 15-ը մարտի, 2020թ.
Ֆրանսիա, Փարիզ, 15-ը մարտի, 2020թ.

«Մենք պատերազմի մեջ ենք, թշնամին աներևույթ է, բայց սպառնում է մեր առողջությանը», - երեկ հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը` անցած մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ դիմելով ֆրանսիացիներին: Ելիսեյան պալատում Անվտանգության խորհրդի անդամների հետ մի քանի ժամ շարունակված նիստից հետո Մակրոնը հայտարարեց` Փարիզն է՛լ ավելի է խստացնում սահմանափակումները` նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Ըստ այդմ, Ֆրանսիան այսօր կեսօրից կփակի սահմանները առնվազն 15 օրով, ֆրանսիացիները կարող են տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, զանգվածային միջոցառումներն արգելվում են, տեղական ընտրությունները` հետաձգվում:

«Ես հասկանում եմ, որ այն, ինչ խնդրում եմ հիմա, աննախադեպ զոհողություն է, սակայն, ցավոք, առկա հանգամանքներն են դա պահանջում: Մենք պատերազմի մեջ ենք, ու թեև կռիվն այլ պետության դեմ չէ, սակայն թշնամին այստեղ է` անտեսանելի է, անշոշափելի, բայց` առաջ է տանում դիրքերը, ինչը պահանջում է համազգային մոբիլիզացիա», - շեշտեց Ֆրանսիայի նախագահը:

Հաստատված սահմանափակումներին հետևելու համար առավոտից փողոցներում հսկողություն կիրականացնեն 100 հազար ոստիկաններ, կարգազանցները` կպատժվեն: Մակրոնը միաժամանակ հայտարարեց` սոցիալական ու տնտեսական լարվածությունը մեղմելու համար կառավարությունը կդադարեցնի բոլոր բարեփոխումները, այդ թվում՝ կենսաթոշակի ռեֆորմը, որի դեմ ամիսներ շարունակ հարյուր հազարավոր աշխատողներ բողոքի ցույցեր էին անցկացնում: Բացի այդ, իշխանությունները նաև որոշել են ֆրանսիացիներից գումար չգանձել ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի ու գազի համար, որպեսզի որևէ մեկը չմնա ձեռնունայն`առանց գումարի:

Երեկ ուշ երեկոյան հավելյալ սահմանափակումներ մտցրեց նաև Մեծ Բրիտանիայի կառավարությունը: «Ժամանակն է դադարեցնել շփումները, եթե դրանք ծայրահեղ անհրաժեշտ չեն», - հայտարարեց երկրի վարչապետը:

Բորիս Ջոնսոնն առանձին ուղերձով դիմեց հատկապես երկրի 70-ն անց տարիքի բնակչությանը` հորդորելով այս շաբաթավերջից առնվազն երեք ամսով մեկուսանալ: Ավելի վաղ Առողջապահության նախարարը BBC-ին ասել էր`այդ ընթացքում կառավարությունը մինչև տարեցների դուռը կհասցնի անհրաժեշտ սնունդն ու դեղորայքը. - «Շատերը կպնդեն, թե այս քայլերն ավելորդ են, դրանց կարիքն ամենևին չկա: Սակայն, պետք է ասեմ, կարծում եմ` սրանց մեծ մասն անհրաժեշտ են, որպեսզի մենք կարողանանք նվազեցնել վիրուսի տարածումը, կարողանանք փրկել մարդկանց կյանքը և հնարավորություն տանք մեր ազգային առողջապահական ծառայությանը դիմակայել այս մարտահրավերներին»:

Մի քանի օր է` հիվանդացության աճ է գրանցվում նաև Ռուսաստանում: Անցած 24 ժամում այստեղ վարակվածության ևս 30 դեպք էր արձանագրվել, ըստ պաշտոնական տեղակատվության՝ այս պահին երկրում մոտ 100 հիվանդ կա: Տարածումը կանխելու համար կառավարությունը երեկ որոշել է արգելել օտարերկրացիների մուտքը երկիր: Սահմանափակումն ուժի մեջ կմտնի այսօր կեսգիշերին և կշարունակվի մինչև մայիսի 1-ը:

Ավելի վաղ Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց էր ունեցել ռուս գործընկերոջ հետ, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը պայմանավորվել են երկու շաբաթով սահմանափակել ուղևորափոխադրումները Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ ապահովելով երկու երկրների քաղաքացիների վերադարձը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Միշուստինն ու Փաշինյանը նաև պայմանավորվել են անխափան պահել բեռնափոխադրումների գործընթացը:

XS
SM
MD
LG