Մատչելիության հղումներ

Անցած մեկ օրում աշխարհում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 620 մարդ


Իտալիա - Թուրինի փողոցներից մեկում, մարտ, 2020թ.
Իտալիա - Թուրինի փողոցներից մեկում, մարտ, 2020թ.

Անցած օրվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 620 մարդ:

Ամենածանր իրավիճակն Իտալիայում է: Այնտեղ վերջին մեկ օրվա ընթացքում 349 մահվան դեպք է գրանցվել, ընդհանուր առմամբ համաճարակի սկզբից ի վեր երկրում մահացել է 2 հազար 158 մարդ, մոտ 23 հազար մարդ հիվանդ է:

Այսօրվանից Եվրամիությունը մեկ ամով փակում է իր սահմանները օտարերկրացիների համար՝ բացառությությամբ բրիտանացիների:

Աշխարհի տարբեր երկրներ մեկը մյուսի հետևից արտակարգ միջոցներ են կիրառում: Կանադան փակում է մուտքը բոլոր օտարերկրացիների համար՝ բացառությամբ ամերիկացիների, Ֆինլանդիան փակում է դպրոցներն ու համալսարանները: Գերմանիայում փակվել են որոշ խանութներ, բարեր, ակումբներ, թանգարաններ, թատրոններ ու եկեղեցիներ:

Ֆրանսիան սահմանափակում է երկրի տարածքում քաղաքացիների տեղաշարժը և կասեցնում ընթացող բոլոր բարեփոխումները, ներառյալ՝ կենսաթոշակային: Երեկ երեկոյան նախագահ Էմանյուել Մակրոնը նոր հեռուստաուղերձով դիմեց քաղաքացիներին, որում հայտարարեց երկրում սահմանափակումների մասին: Նախագահը ֆրանսիացիներին կոչ արեց խուճապի չմատնվել, ցուցաբերել համերաշխություն և պատասխանատվություն:

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 6 հազար 700-ին, համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 148 մարդ: «Ֆրանսիան երբեք նման միջոցներ չի ձեռնարկել խաղաղ ժամանակ», - ասել է պետության ղեկավարը:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը չեղարկել է գարնանային նստաշրջանը:

Ռուսաստանում Covid-19-ի դեպքերի թիվը հասել է 93-ի, այսինքն՝ մեկ օրում աճել է մեկուկես անգամ: Ռուսաստանը փակում է մուտքը օտարերկրացիների համար մինչև մայիսի 1-ը, ավելի վաղ հայտարարվել էր մի շարք երկրների, այդ թվում՝ Բելառուսի հետ սահմանները փակելու մասին: Մոսկվայում քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրամանով արգելվել են ավելի քան 50 մարդու մասնակցությամբ հավաքները, մեծ թատրոնները չեղարկել են ներկայացումները: Ռուսաստանի համալսարանները զանգվածաբար անցում են հեռավար ուսուցման, Մոսկվայում մարտի 21-ից դպրոցները կփակվեն:

XS
SM
MD
LG