Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի ևս 22 հաստատված դեպք, վարակվածների թիվը հասավ 52-ի. Արսեն Թորոսյան


Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է: Այս մասին երկուշաբթի ժամը 22-ին գրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 45 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած, հաղորդեց նախարարը:

«Մարտի 16-ի, ժամը 22:00-ի դրությամբ Հայաստանում իրականացվել է կորոնավիրուսային հիվանդության 694 հետազոտություն, որից 45-ը՝ դրական արդյունքով։ Նրանցից ոմանք արդեն իսկ մեկուսացած անձինք են, իսկ մնացածի շփման շրջանակը պարզվում է։ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին հոսպիտալացված է 87 հիվանդ», - իր հերթին, փոխանցեց Առողջապահության նախարարությունը իր հաղորդագրությունում:

Երկու ժամ անց՝ կեսգիշերին, Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասաց. - «Մենք ևս 50 թեստ քիչ առաջ վերջացրեցինք, այսօր ընդհանուր առմամբ կատարել ենք 105 թեստ, և բացի այն թվերից, որ ես քիչ առաջ հրապարակեցի, ես ուզում եմ ասել, որ ևս 7 թեստի արդյունքներ դրական են: Բայց ուզում եմ միանգամից շտապելով ասել, որ դեպքերից 12-ը կապված են «Էջմիածնի դեպքի» հետ և որևէ ախտանշան չեն ունեցել մինչև այս պահը»:«Այսինքն՝ վիրուսը պարզապես առկա է նրանց օրգանիզմում, և նրանք արդեն հինգ օր է մոտավորապես՝ մեկուսացված են, հետևաբար՝ նաև հավանականությունը նրանց կողմից այլ անձանց փոխանցելու շատ փոքր է», - շարունակեց նախարարը:

«Եվ այս ամբողջ պատմության մեջ ամենահետաքրքիրը՝ մեր սեփական փորձով մենք տեսնում ենք, որ փաստացի բացի որոշ դեպքերում ջերմության առկայությունից և շատ հազվադեպ դեպքերում՝ թոքաբորբի ձևավորումից, որ մենք փաստացի երկու դեպք ունենք թոքաբորբով, որոնք շատ թեթև են ընթանում, նույնիսկ էդ մարդիկ կարող են ոտքի վրա տանել, մնացած բոլոր դեպքերում նույնիսկ սիմպտոմ չունենք», - ընդգծեց Թորոսյանը՝ հավելելով, որ, իհարկե, դա չի նշանակում, որ չպետք է կանխարգելիչ միջոցներ իրականացվեն:

12 անձինք, ում մոտ ընդհանրապես ախտանշաններ չկան, այժմ նույնիսկ հիվանդանոցում չեն, այլ մեկուսացման վայրում են, և «նույնիսկ չեն էլ ենթադրում, թե իրենցից ում մոտ հնարավոր է թեստը դրական լինի»: «Ամենայն հավանականությամբ՝ նրանց մասով ինդիվիդուալ որոշումներ կկայացնենք, թե արդյոք տեղափոխենք հիվանդանոցային պայմաններ, թե՝ չէ, որովհետև, նորից եմ կրկնում, իրենք բացի ժամանակից ուրիշ որևէ բանի կարիք չունեն, որպեսզի վիրուսը պարզապես դուրս գա նրանց օրգանիզմից», - ասաց նախարարը:

Թորոսյանը հայտնեց նաև, որ կան նաև նոր դեպքեր, որոնց մի մասը կապված են նախօրեին հայտնաբերված դեպքերի հետ՝ «արտադրամասում եղած դեպքերի մասին է խոսքը», և կան մի շարք նոր դեպքեր, որոնց «համաճարակաբանական հետաքննությունը հիմա ընթացքի մեջ է», և փորձում են պարզել դրանց աղբյուրը և շփման շրջանակը՝ միջոցներ կիրառելու համար:

Հիշեցնենք՝ կառավարության այսօրվա որոշմամբ մարտի 16-ից՝ 18։30-ից մինչև ապրիլի 14-ը՝ 17։00-ն, այսինքն մեկ ամիս ժամկետով Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն՝ նպատակ ունենալով հանրապետությունում խոչընդոտել նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը։

XS
SM
MD
LG