Ազգային ժողովի փոխնախագահ («Իմ քայլը» խմբակցություն) Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ իշխանությունները հանրաքվեն հետտաձգելու որևէ խնդիր չունեն` պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ: Ավելին` ասում է` իրենք վստահ են` «Այո»-ն հաղթելու է, կլինի դա ապրիլի 5-ին` նախանշված օրը, թե ավելի ուշ: Այս մասին նա նշել է Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման շրջանակներում:
Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
Ալեն Սիմոնյան. - Սահմանադրական դատարանը նույնպես այն 30 տարվա ժառանգությունն է: Հաճախ խոսում են և ասում են` այնտեղ կան դատավորներ բոլորի կողմից նշանակված` թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի, և այո, մենք պետք է միգուցե ավելի շուտ անեինք, և այս քաղաքական գնահատականը հնչեցնելը շատ կարևոր է: Կարծում եմ, որ դրա ժամանակագրություն և այս փուլում անել-չանելու խնդիր չկա: Այո, պահն է, և պետք է ասվի, որ այո, ընտրությունները չեն ներշնչել ժողովրդի վստահությունը, այո, Սահմանադրական դատարանը դրանք հաստատել է կամ մի այնպիսի որոշում է տվել, որ որևիցե մեկը չկարողանա դա բողոքարկել կամ որևէ այլ լուծում տալ, և ինչո՞ւ ոչ, վերջ ի վերջո քաղաքական պրոցեսները շարունակվում են և շարունակվելու են:
«Ազատություն». - Հետաքրքիր է` ո՞վ է հիմա ընդդիմությունը, «Ոչ»-ի ճամբար, այպես կոչված, չկա, կան «Ոչ»-ի կողմ ներկայացնող մարդիկ, որոնք հիմնականում փաստաբաններն են: Նրանք հիմնականում հանրաքվեի ու այս ամենի սահմանադրականությունն են հարցի տակ դնում:
Ալեն Սիմոնյան. - Հայաստանի Հանրապետության սահմանադիրը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, և չի կարող հանրաքվեն, որը կհավաքի ՀՀ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների մասնակցության պարագայում մեծամասնությունը, լինել ոչ սահմանադրական: Ես կարծում եմ` թե՛ «Ոչ»-ի ճամբարը, թե՛ այսպես ասած` բոյկոտի ճակատը մի նպատակ ունի` այս գործընթացը կանգնեցնել, ինչ-որ ձևով սաբոտաժի ենթարկել: Թեպետ ես ասեմ, որ մենք խոսեցինք հանրաքվե անել-չանելու հետ կապված, ես Ձեզ վստահեցնում եմ` որևիցե, նաև քաղաքական առումով մտահոգություն չկա:
«Ազատություն». - Այսինքն` հետաձգելը խնդիր չէ՞:
Ալեն Սիմոնյան. - Որևիցե խնդիր չէ ու չի կարող լինել, մենք վստահ ենք, որ «Այո»-ն հաղթելու է, դա կլինի ապրիլի 5-ին, թե մեկ ամիս ավելի ուշ, որևիցե բան չի փոխվի: Կրկնում եմ` առաջնայինը ՀՀ քաղաքացիների անվտանգությունն է:
«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի մարտի 15-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.