Այսօր առավոտյան կառավարությունում ընդլայնված կազմով մոտ երկու ժամ տևած խորհրդակցությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը որոշում է կայացրել մինչև մարտի 23-ը դադարեցնել կրթական հաստատությունների աշխատանքը։
Վարչապետը միաժամանակ կոչ արեց ձեռնպահ մնալ զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց և այդ միջոցառումներին մասնակցելուց։
Փաշինյանը, սակայն, չմասնավորեցրեց, թե արդյոք կասեցնում կամ դադարեցնում է ապրիլի 5-ի հանրաքվեի քարոզարշավը, թեև երեկ նշել էր, որ ընդհատում է արձակուրդը։
Կառավարությունն այսօր հավաքվել էր, ըստ էության, արտահերթ նիստի՝ քննարկելու կորոնավիրուսի վարակի տարածման դեմ աշխատանքները։
«Մենք կայացրեցինք որոշում, որ առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի, այսինքը դասեր չեն լինի, և այդ ընթացքում՝ մարտի 18-19-ին մենք ևս մեկ անգամ կանդրադառնանք այս թեմային և, եթե գտնենք անհրաժեշտություն, կրկին կերկարաձգենք։ Հաջորդ խնդիրը․ մենք էլի անհատական պատասխանատվության առումով խնդրում ենք, կոչ ենք անում հնարավորինս խուսափել զանգվածային միջոցառումների մասնակցելուց ու կազմակերպելուց, առավել ևս մեր այն հայրենակիցներին, որոնք ունեն որևէ ախտանշան, որ կարող է նրանց մոտ վարակվածության դեպք արձանագրվել», - ասաց վարչապետը:
«Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովը ամենօրյա ռեժիմով աշխատում է, և այսօր էլ նիստ տեղի կունենա։ Ընդ որում, ուզում եմ ասել, որ մենք իրավիճակի զարգացմանը հետևում ենք ամենժամյա ռեժիմով, և երբ որ մեր այ էս ժամին կայացրած որոշումը վերանայելու անհրաժեշտություն լինի, կես ժամ հետո, մեկ ժամ հետո, երկու ժամ հետո, մենք դա կանենք», - հավելեց նա։ - «Լավագույն միջոցը կանխարգելելու կորոնավիրուսի տարածումը մեզնից յուրաքանչյուրի անհատական գիտակցումն է և պատասխանատվությունը։ Մենք․․․ հիմա Հայաստանում ոչ մի պրոբլեմ չկա, որ իրար տեսնելիս ուղղակի ձեռքսեղմում չանենք, էլ չեմ ասում իրար տեսնելիս համբուրվելով չբարևենք։ Սա միջոց ա, որը վարչական որոշմամբ հնարավոր չի․․․ հո ոստիկան չենք դնելու, ասենք՝ ով որ փողոցում տեսնելիո համբուրվելով ա բարևում, իրանց բերման ենթարկեք ոստիկանություն։ Ուղղակի մենք մեր որոշմամբ պետք է մեր սովորույթը փոխենք»։
Այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներն 8-ն են, իսկ մեկուսացվածները, որոնք շփվել են վարակվածների հետ՝ ավելի քան 8 տասնյակ։
Ազգային ժողովի պատգամավորներին և աշխատակիցներին ուղղված շրջաբերականով կեսօրից հետո հանդես եկավ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը՝ կոչ անելով հնարավորինս նվազեցնել ֆիզիկական հաղորդակցությունը այլ անձանց հետ և աշխատանքային պարտականությունները կատարել առցանց։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նախագահությամբ այսօր հայտարարությամբ հանդես եկան Հայաստանի եպիսկոպոսները՝ հորդորելով «ժողովրդի զավակներին հանդես բերել առավելագույն զգոնություն ու պատասխանատվություն, հետևողականությամբ ու ամենայն լրջությամբ պահպանել մասնագիտացված կառույցների կողմից սահմանված պահանջներն ու ցուցումները»։ Սակայն հոգևոր հայրերը ընդգծում են. - «Եկեղեցին միշտ իրականացրել է իր հոգեփրկչական ծառայությունը և այսօր ևս շարունակելու է տերունապատվեր իր առաքելության բնականոն ընթացքը»։
Վարչապետի այսօրվա կոչից հետո հայաստանյան մի շարք կազմակերպություններ հայտարարեցին միջոցառումների հետաձգման կամ չեղարկման մասին։ Մասնավորապես, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշեց մինչև մարտի 23-ը դադարեցնել իր հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը: Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ժամանակավորապես սահմանափակում է իր հանրային ծրագրերը: Բազմաթիվ այլ կազմակերպություններ ևս հանդես են եկել նմանատիպ հայտարարություններով։
Վերադառանք կառավարության շենք։ Առավոտյան խորհրդակցությունից հետո, Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին հարցրեցինք՝ կառավարությունը նախատեսու՞մ է Իտալիայից զատ այլ երկրներից ևս Հայաստանի քաղաքացիներին վերադարձնել հայրենիք։
«Դեռ շուտ ա ասել», - արձագանքեց նա։
Հարցին, թե արդյոք Իտալիայից սահմանափակվելու են միայն մեկ չարթերային չվերթով, Ռևազյանը պատասխանեց․ - «Քանի որ վերջնական թիվը չունենք, դժվար է ասել։ Բայց հիմա մի հատ ենք կազմակերպում։ Ապագայում կտեսնենք, եթե կարիքը լինի, նորից կվերանայենք այդ հարցը»ի։