Մատչելիության հղումներ

Տաթևիկ Ռևազյան. Լուրջ խնդիր է, ուղևորահոսքի այսչափ նվազում երբևէ չի եղել ամբողջ աշխարհում


Դեռևս վաղ է ասել, թե Իտալիայից բացի, որևէ այլ երկրից ևս չվերթ կկազմակերպվի Հայաստանի քաղաքացիներին ՀՀ տեղափոխող` կապված կորոնավիրուսի հետ, թե ոչ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ի պատասխան «Ազատության» հարցին` նշեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Կիրակի՝ մարտի 15-ին, հիշեցնենք, հայկական «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան:

Ռևազյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ մեկ չվերթ է կազմակերպվելու, սակայն եթե կարիքը լինի, այլ չվերթների հարցը կքննարկեն:

«Հիմնականում ավիաընկերությունները, որ որոշում են կայացնում կասեցնել, դա կորոնավիրուսի վտանգի պատճառով չէ, այլ կոմերցիոն հարց է, այսինքն` իրենք տեսնում են, որ ժողովուրդն սկսում է քիչ ճանապարհորդել, ու ձեռնտու չի արդեն իրենց համար», - նշեց նա:

Հարցին, թե չվերթների չեղարկմամբ Քաղավիացիան ի՞նչ վնասներ է կրելու, ղեկավարը պատասխանեց. - «Դեռ շուտ է ասել վերջնական` ինչ վնասներ է կրելու, բայց սա շատ լուրջ է, այսինքն` այսպիսի բան երբևէ երևի չի եղել աշխարհում, այսպիսի հոսքի նվազում երբևէ չի եղել»:

XS
SM
MD
LG