Մատչելիության հղումներ

ԿԲ. Ռուբլու անկումը ՀՀ-ի ֆինանսական համակարգի վրա լուրջ ազդեցություն չի թողել


Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյան, 11 մարտի, 2020թ.
Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյան, 11 մարտի, 2020թ.

Նոր կորոնավիրսուսի պատճառով նավթի համաշխարհային գների անկումը, որի հետևանքով կտրուկ էժանացել է ռուսական ռուբլին, որևէ լուրջ ազդեցություն չի թողել Հայաստանի ֆինանսական համակարգի վրա, վստահեցնում է Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։

Ռուբլին այսօր Հայաստանի բանկերում և տարադրամի փոխանակման կետերում գնահատվում է 6,60-ից 6,87 դրամի սահմաններում, մի քանի օր առաջ 7-7.3 դրամ էր։

«Մեզ մոտ համակարգը բավական իրացվելի է, կարող ենք հանգիստ լինել: Պետք չէ որևէ կերպ որևէ թեմայով ֆինանսական համակարգում խուճապի մատնվել, որովհետև խուճապ պարզապես չկա», - ասաց Գրիգորյանը:

ԿԲ պաշտոնյայի պնդմամբ՝ այս պահին Հայաստանի ֆինանսական համակարգը կայուն է. - «Մեր բանկերը բավական լավ կապիտալացված են, բավական իրացվելի են, ցանկացած արժույթով բավական իրացվելի են: Մեր ներդրողները ֆինանսական համակարգում կարող են հանգիստ լինել թե՛ իրենց ավանդների, թե՛ վերցված վարկերի սպասարկման տեսանկյունից՞ Փոխարժեքը մեզ մոտ ազատ լողացող է, և այստեղ ես որևէ արտառոց բան չեմ տեսնում»:

Ինչ վերաբերում է այլ արժույթների համեմատ հայկական դրամի հնարավոր թանկացմանը կամ էժանացմանը, Գրիգորյանն ասում է՝ Կենտրոնական բանկը տարատեսակ վերլուծություններ է իրականացնում՝ հասկանալու և՛ արժևորման, և՛ արժեզրկման պոտենցիալ ազդեցությունը. - «Երկու ուղղությամբ պոտենցիալ զարգացումների, որպեսզի հասկանանք համակարգի վրա ազդեցությունը, երկու դեպքում էլ մենք կարող ենք ասել, որ մեր համակարգը բավական իրացվելի է»:

Նոր կորոնավիրուսով պայմանավորված՝ արդեն ավելի քան 2 շաբաթ է՝ մասամբ փակ է Հայաստանի Իրանի հետ սահմանը, այն փակ կմնա մինչ մարտի 24-ը։ Մեղրիի սահմանային անցակետում բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների համար բացառություն էր արվել, նոր որոշմամբ նրանք էլ չեն կարող մուտք գործել Հայաստան:

ԿԲ պաշտոնյայի գնահատմամբ՝ փակ սահմանն էլ ֆինանսական համակարգի վրա որևէ ազդեցություն չի թողել, այդուհանդերձ ընդգծում է՝ ցանկացած ժամանակ, ցանկացած զարգացում որոշակի ռիսկ ունի, դա լինի Հայաստանում, Գերմանիայում կամ էլ Միացյալ Նահանգներում:

«Այս պահի դրությամբ դեռևս մենք այստեղ խնդիրներ չենք տեսնում, մեր ֆինանսական համակարգը չունի այն չափի ակտիվներ, որոնք Իրանի հետ փակ սահմանը բերեն նրան, որ մեր ֆինանսական համակարգն ունենա խնդիրներ», - նկատեց նա:

Ինչ վերաբերում է փակ սահմանի հնարավոր ազդեցությանը, Հայաստանի տնտեսության վրա ընդհանրապես, Էկոնոմիկայի նախարարությունից հրաժարվեցին մեկնաբանել:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը պնդում է՝ հարևան Իրանի հետ փակ սահմանը չի կարող ազդեցություն չունենալ Հայաստանի տնտեսության վրա. - «Բոլորս էլ հասկանում ենք, որ սահմանը փակ է, նշանակում է՝ խնդիր կլինի: Միանշանակ է, որ ազդեցությունը կլինի, և ազդեցությունը կարող է լինել բացասական, այստեղ ուղղակի պետք է կարողանալ գնահատել՝ ժամանակի մեջ հարցն ինչքանով լուծելի է»:

Տնտեսագետն ընդգծում է՝ ոչ ոք հունվարին չէր կարող ասել, որ այսպիսի իրավիճակ կստեղծվի, որ միջոցներ սառեցնեին, մի քանի ամսվա համար ապրանքներ պահեստավորեին: Ըստ Խաչատրյանի՝ այժմ կարևոր է խուճապի չմատնվելը, բայց ավելի կարևոր են կառավարության և համապատասխան նախարարության ակտիվ գործողությունները:

«Ուղղակի տեղեկություններ տրամադրել գործարարներին, որովհետև շատերն այդ հարցով, երևի Ձեր շրջապատում էլ կան խոսակցություններ, իմ շրջապատում կան՝ երբ կբացվի, ինչ կլինի, բայց դե ոչ ոք հիմա չի կարող այդ հարցում կանխագուշակումներով զբաղվի, թեկուզ միջազգային լրահոսին հետևելով՝ այսօր առավոտյան արդեն Չինաստանից շատ ավելի դրական տեղեկություններ կար, դրա փոխարեն եվրոպական երկրներից և հատկապես Իտալիայից ավելի բացասական», - ասաց նա:

Այդուհանդերձ Խաչատրյանը վստահ է, որ նոր կորոնավիրուսի տարածումը Հայաստանում կանխելուն միտված իշխանությունների քայլերը տնտեսության համար ավելորդ խնդիրներ չեն ստեղծի, և հաշվի առնելով նաև այն, թե ինչ եղավ Ռուսաստանում, պետք է համբերություն դրսևորել. - «Եթե իսկապես գտել են, որ այդ քայլերն են անհրաժեշտ, համոզված եմ, որ դրանք այն անհրաժեշտ քայլերն են, որ արվել են, ուղղակի հիմա պետք է իսկապես սպասենք, այդ ռեժիմի տակ ապրենք: Եթե հնարավոր է, այլ տարբերակ փնտրել, բայց ես հասկանում եմ, որ բիզնես հարաբերությունները մի օրվա մեջ չեն ստեղծվում, հիմա բոլորն այդ սպասումների մեջ են, եթե սրան էլ ավելացնենք՝ ինչ-որ եղավ Ռուսաստանի տնտեսության հետ, առավել ևս սպասել ճիշտ է, ուղղակի պետք է համբերատարություն դրսևորել»:






XS
SM
MD
LG