Մատչելիության հղումներ

«Այո»-ի նոր և 91-ի լոգոների ակնհայտ նմանությունը մեծ աղմուկ է բարձրացրել


«Այո»-ի լոգոն «Այո»-ի շտաբում, Երևան, 26-ը փետրվարի,. 2020թ.
«Այո»-ի լոգոն «Այո»-ի շտաբում, Երևան, 26-ը փետրվարի,. 2020թ.

Իշխող քաղաքական ուժը որոշել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզչական լոգոյի համար նախատեսված 3 միլիոն դրամ գումարը տրամադրել «Երեկոյան Երևան» թերթի 1991 թվականի խմբագիր Նորայր Ենգիբարյանին, գծանկարիչներ Ցոլակ Կանթեղ Ղանդիլյանին և Ստեփան Նարոյանի իրավահաջորդին։ Յուրաքանչյուրը կստանա մեկական միլիոն դրամ։

«Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը երեկ երեկոյան հանդես եկավ պարզաբանմամբ՝ շեշտելով՝ իրենց մրցույթի արդյունքում ընտրված լոգոն կմնա որպես «Այո»-ի քարոզչության խորհրդանիշը։

«Ես հաճելիորեն ուրախացած ու զարմացած եմ, թե ինչպես է տեղի ունեցել, որ մենք, չգիտեմ, գուցե ճակատագրի բերումով, դիպվածի բերումով կամ գուցե նաև ենթագիտակցորեն ընտրել ենք մի բրենդ, որը 91 թվականի մեր պետականության համար կարևոր փուլում, այն է՝ Հայաստանի երրորդ Հանրապետության ծննդյան փուլում հրապարակված այս գեղեցիկ պատկերն ունեցող նկարազարդման հետ։ Սա նաև հետաքրքրիր ու կարևոր ասոցացիա է։ Մենք հիմա երրորդ հանրապետության մի նոր կարևոր փուլում ենք, նոր վերածննդի, վերաձուլման փուլում, որտեղ մեր պետության առաջ ծառացած մարտահրավերների լուծման նոր շրջափուլ ենք թևակոխում», - ասաց Պապիկյանը։

Երեկ երեկոյան, սակայն, «Երեկոյան Երևան»-ի խմբագիր Նորայր Ենգիբարյանն «Ազատության»-ը փոխանցել էր, որ 1991-ին իրենց թերթի էջերում տպագրված անկախության հանրաքվեի «Այո»-ի լոգոյի հեղինակը որքան հիշում է՝ հայտնի նկարիչ, հանգուցյալ Հենրիկ Մամյանն է։ Սակայն հետո պարզ դարձավ, որ խմբագիրը սխալվում է, փոխանցեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վահագն Ալեքսանյանը։

Լոգոյի այս աղմկահարույց պատմությունը սկիզբ առավ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» դրամահավաքից հետո, երբ ներկայացվեց ապրիլի 5-ի հանրաքվեի «Այո»-ի քարոզչական կողմի լոգոն, որի համար մրցույթ էր հայտարարվել։ Կարճ ժամանակ անց Ֆեյսբուքի օգտատերերը հայտնաբերեցին նոր և 91-ի «Այո»-ների ակնհայտ նմանությունը։

Սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի նախընտրական շտաբի քարոզարշավի ծախսերի համար նախատեսված դրամահավաք-երեկոյի ժամանակ 3 միլիոն դրամի մրցանակ հանձնվեց «Գարուն էյջընսի» ընկերությանը՝ «Այո»-ի լոգոյի համար։

Ընկերությունը երեկ ուշ երեկոյան պարզաբանում հրապարակեց, որտեղ նշվում է. «Երեկոյան Երևան» թերթում տեղ գտած նկարազարդման գաղափարը հանդիսացել է ոգեշնչման աղբյուր, այն իր մեջ ամփոփում է շղթաներից ազատման կոչի և, իհարկե, «Այո»-ի ոգին։ «Գարուն»-ը տեղին է համարել օգտագործել պաստառի տառատեսակը և մշակելով այն վերածել է «Այո»-ի արշավի լոգոտիպի»։

Ընկերությունը նաև պնդում է՝ հեղինակային իրավունք չի խախտել։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Այո»-ի լոգոյի բաց մրցույթի հանձնաժողովի անդամներից է, ասում է՝ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության և «Այո»-ի շտաբի 21 անդամներից բաղկացած հանձնաժողովը մրցույթին ներկայացված 100 հայտերից ընտրել է «Գարուն էյջընսի»-ի տարբերակը։ «Միգուցե ենթագիտակցաբար մեր մոտ նույնպես ասոցիացիաներ են եղել, և դուր է եկել դրա պատճառով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սիմոնյանը։

Ֆեյսբուքում շրջանառվող՝ 1991-ի լոգոն հրապարակվել է «Երեկոյան Երևան» թերթի սեպտեմբերի 21-ի համարում, հենց այդ օրն էլ անցկացվել էր քվեարկությունը։ Քվեարկողների 99,5 տոկոսը «Այո» էին ասել Խորհրդային Միության կազմից դուրս գալուն։

Ալեն Սիմոնյանը չի շտապում պնդել, որ «Գարուն էյջընսի»-ն գողացել է 90-ականների լոգոն։

Վարչապետի հետ այս հարցը Սիմոնյանը չի քննարկել։

Արվեստաբան Վիգեն Գալստյանն «Ազատության» հետ զրույցում գրագողություն որակեց կատարվածը, պնդելով՝ սա չէր լինի, եթե հանձնաժողովը կազմված լիներ պրոֆեսիոնալներից։

Արվեստաբանի կարծիքով, միևնույն ժամանակ, շատ քիչ դիզայներներ կհամարձակվեն copy paste անել համացանցի այս դարում, երբ կարող են արագ բացահայտվել։

Գալստյանը զարմանում է, թե ինչու է ընտրվել անհաջողներից մեկը։ «Երևի եղել է էն անվստահությունը ընդհանուր հանրության հանդեպ՝ մտածելով, որ հանրությունը էս դժվար լուծումները չի ընկալի, ու հետևաբար՝ պետք էր ընտրել ամենատափակ, այլ կերպ չեմ կարող ձևակերպել, ամենատափակ, ճղճիմ լուծումը, ես կասեի», - հայտարարեց արվեստաբանը։

Վաղը մրցանակները կհանձնվեն մրցույթին չմասնակցած, բայց մրցանակի արժանացածներին։






XS
SM
MD
LG