Մատչելիության հղումներ

Հայաստանցիների 90 տոկոսը կոռուպցիան համարում է լուրջ հիմնախնդիր. ԹԻ-ի հարցում


Մարդիկ Երևանի փողոցներից մեկում, արխիվ
Մարդիկ Երևանի փողոցներից մեկում, արխիվ

Հայաստանցիների 90 տոկոսը կոռուպցիան համարում է լուրջ հիմնախնդիր, վկայում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հարցումը, որն իրականացվել է 2019-ի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում՝ 1500 քաղաքացու շրջանում։

Հարցման նպատակն էր պարզել՝ քաղաքացիների հակակոռուպցիոն ընկալումների և վարքագծի փոփոխությունը իշխանափոխությունից հետո։

Հարցվածների մեծամասնության կարծիքով մինչև 2018-ի իշխանափոխությունը կոռուպցիան կրել է համատարած բնույթ։

Դատարաններ, ԶԼՄ-ներ, դատախազություն՝ դրանք մատնանշվել են որպես ամենակոռումպացված կառույցներ։ Ընդ որում, դատարանների մասին այսպես է մտածում հարցվածների գրեթե կեսը։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն այս պատկերը զարմանալի չի համարում՝ շեշտելով՝ իշխանափոխությունից հետո դատաիրավական համակարգում փոփոխություններ տեղի չեն ունեցել։

«Նույնիսկ եթե դատախազությունը փորձում է փոխել իր աշխատելաոճը և այդպես հարմարեցնել հետհեղափոխական պահանջներին, այդուհանդերձ կան էդ ընկալումները, որ դեռևս իրավապահները էդպես զարգացում, փոփոխություն չեն ապրել, նույնը դատարաններին է վերաբերում։ Այսինքն՝ սա շատ լուրջ ազդակ է, ըստ էության, իշխանություններին, որ այս երեք ոլորտների և ոչ միայն այս երեք, անշուշտ, սրանք մենք վերցրել ենք ոչ թե որպես ոլորտներ, բայց հիմնական ինստիտուտներ, որոնք պայմանավորում են առհասարակ երկրում օրինավորությունը, ազգային օրինավորության համակարգի հիմնական կառույցներից են», - նշեց Այվազյանը։

Հետազոտության տվյալների ներկայացմանը ներկա գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը կարևոր ազդակ համարեց դատախազության վերաբերյալ կարծիքը՝ ընդգծելով՝ փոքր-ինչ սխալ է համարում նման դիրքորոշումը։ Հարցվածների 43 տոկոսն է դատախազությունը համարում առավել կոռումպացված կառույց։

«Նկատի ունենալով այն ծավալուն, ահռելի աշխատանքը, որ հատկապես վերջին շրջանում իրականացնում է դատախազությունը, ինչպես նաև քրեական հետապնդման բոլոր մարմինները, և ես դրա վառ դրսևորումը կամ ապացույցն եմ համարում այն հանգամանքը, որ 2018 թվականից հետո քաղաքացիների կողմից հատկապես դատախազությանը հանցագործությունների կան առերևույթ հանցագործությունների մասին հաղորդումների դիմումների, ահազանգերի մասին ներկայացվող հաղորդումների քանակը չի նվազում, ընդհակառակը՝ 2017 թվականի համեմատ 4-5 անգամ ավելացել է դա, և այդ տեմպը հիմա պահպանվում է։ Սա մեզ համար ևս կարևոր ազդակ է, որ վստահության որոշակի բարձր մակարդակ այնուամենայնիվ կա», - ասաց Աբրահամյանը։

Ըստ դատախազության, 2019 թվականին նախորդ տարվա համեմատ կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառված վնասի բացահայտման ցուցանիշը ավելացել է 12 անգամ, իսկ պետական բյուջե վերադարձված գումարների վերականգնման ցուցանիշը՝ 2,5 անգամ։ Գլխավոր դատախազի խորհրդականն ասում է՝ այս ցուցանիշը իրենց աշխատանքը վերագնահատելու առիթ կդառնա, և որ այս արդյունքները վերլուծության կենթարկեն։ Դատախազության պաշտոնյան չի բացառում իրենց համակարգում կոռուպցիոն անհատական դեպքերի առկայությունը։ Համակարգային կոռուպցիա չկա, պնդում է Գոռ Աբրահամյանը։

«Վստահաբար կարող եմ ասել, որ այդ մոտեցումը, հստակ անհանդուրժողական մոտեցումը պահպանվում է, և դա գործում է հիերարխիկ ձևով, այսինքն՝ վերևից ներքև այդ ամբողջ համակարգը պահվում է։ Մենք անցած տարի ունեցանք մեկ դեպք, Գլխավոր դատախազության դատախազի հետ կապված կոռուպցիոն գործ, որը շատ արագ գլխավոր դատախազի անմիջական հսկողությամբ համապատասխան ընթացակարգ դրանով ապահովվեց և գործը ներկայումս գտնվում է դատարանում», - նշեց Աբրահամյանը։

Որպես առավել կոռումպացված ոլորտներ հարցվածները նշում են առողջապահությունն ու ճանապարհային ոստիկանությունը, վկայում են «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հարցումները։ Սոնա Այվազյանն ասում է՝ որքան էլ Առողջապահության նախարարությունը փորձում է բարեփոխումներ կատարել, այնուամենայնիվ պետք է առավել մանրամասն ուսումնասիրել, թե ինչո՞ւ են քաղաքացիներն այդպես մտածում։

Հարցված քաղաքացիները կոռուպցիայի պատճառ են մատնանշել բյուրոկրատական քաշքշուկներից խուսափելը, խնդրի լուծման օրինական տարբերակների բացակայությունը, ինչպես նաև օրենքի հետ կապված խնդիրները։ Հարցվածներին ամենաշատը հուզել են կադրային փոփոխությունները, անհաջող նշանակումները, հին կադրերի սաբոտաժը, հանրային կառավարման բացակայությունը։ Նախկինում քաղաքացիները որպես ամենակոռումպացված նշում էին նախագահի ինստիտուտը, պետական ծառայողներին, հարկային ոլորտը։ Այժմյան հարցումը վկայում է, որ բավականին մեծ վստահություն կա վարչապետի ինստիտուտի նկատմամբ։

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Արսեն Մանուկյանը որպես արդյունք մատնանշում է կոռուպցիայի ընկալման համաթիվը, որը 2019-ին նախորդ տարվա համեմատ բարելավել է իր դիրքերը 7 կետով՝ 105-ից գրավելով 77-րդ տեղը։ Պաշտոնյան նշում է, որ կառավարությունն իր տարբեր նախաձեռնություններով շարունակում է պայքարը կոռուպցիայի դեմ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարություն՝ թվարկում է Արսեն Մանուկյանը։

«Հետազոտության մեջ նշվում է, որ ընդամենը 0,2 տոկոսն է, որ վստահում է և պատրաստ է օգտվել Azdararir.am կայքից, այսինքն՝ հաղորդագրություն ուղարկել այդ համակարգին, ավելի շատ մարդիկ, ըստ հետազոտության արդյունքների, նախընտրում են դիմել ոստիկանություն և ուղղակի նամակ գրել Հայաստանի Հանրապետության վարչապետին», - նշեց Մանուկյանը։

Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթվին՝ շեշտելով՝ Նահանգները ոգևորված է Հայաստանի ջանքերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG