Մատչելիության հղումներ

ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը չի պատրաստվում հրաժարական տալ


Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն Ազգային ժողովում, 18 փետրվարի, 2020թ.
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն Ազգային ժողովում, 18 փետրվարի, 2020թ.

«Հրաժարական չեմ պատրաստվում տալ», - Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը մտադիր չէ հրաժարական տալ, բայց չբացառեց բանակում այլ պաշտոնանկությունների հնարավորությունը։ Մամուլը, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարի ու Հայաստանի ռազմական ոստիկանության պետի պաշտոնանկությունների մասին է գրում։

Այս տարվա առաջին մեկուկես ամսվա ընթացքում խաղաղ պայմաններում հայկական բանակում 13 զինծառայող է մահացել: Դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում: Հարցը երեկ քննարկվել էր վարչապետի մոտ հրավիրված խորհրդակցության ընթացքում: Այսօր Արտակ Դավթյանը խորհրդարանում էր՝ Պաշտպանության ու Մարդու իրավունքների հանձնաժողովների համատեղ փակ քննարկմանը մասնակցելու համար, որը 2 ժամից ավելի տևեց։

«Կադրային փոփոխություններ կլինեն, որի մասին պաշտոնապես կլինեն հրամանագրերը, իսկ Արցախի պաշտպանության նախարարի հրաժարականի վերաբերյալ, ես կարծում եմ, դա մեր իրավասության խնդիրը չէ, դա Արցախի նախագահի ու Արցախի պաշտպանության նախարարի խնդիրն է», - ասաց նա:

Ինչ վերաբերում է Ռազմական ոստիկանության պետի հրաժարականի հավանականությանը, Արտակ Դավթյանը նշեց. - «Ես չեմ կարող մեկնաբանել, վարչապետի իրավասության տակ են, իր ներկայացման, նախագահի հրամանագրերով լինում են: Ինչ որոշում կընդունի ղեկավարությունը, մենք պարտավոր ենք կատարել: Այո, կլինեն, դրա մասին պաշտոնապես կհայտարարվի»:

Բանակում տիրող վիճակի գլխավոր պատճառներից մեկը իրավապաշտպաններն անպատժելիությունն են համարում։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը վստահեցրեց, թե աշխատանքներ տանում են, որ բանակում չլինեն արտոնյալներ, իսկ որ «քրեական ենթամշակույթի էլեմենտներ նաև բանակում կան», հենց նրա ուղիղ ձևակերպումն է։ Բայց Դավթյանը փակագծեր չբացեց՝ ինչ են պատրաստվում փոխել, որ դեպքերը չկրկնվեն. - «13 զոհից 8-ի պատճառը մենք հստակ գիտենք և այդ ուղղությամբ զբաղվում ենք, որից 4-ը՝ հիվանդության հետ կապված, 4-ը՝ դժբախտ պատահարի հետ կապված: Մնացած ուղղությամբ, որոնք վերաբերում են ինքնասպանության հասցնելուն կամ այլ պատճառներով զոհերի հետ կապված բոլորի վերաբերյալ հարուցված քրեական գործեր են, քրեական գործերի շրջանակներում, ինձ թվում է, պատասխանները բոլորը կլինեն: Բոլոր դեպքերով ծառայողական քննություններ անցկացվում են: Ելնելով ծառայողական քննության արդյունքներից՝ մենք ունենք և կարգապահական կանոնադրությամբ օժտված, բոլոր իրավունքներով կատարված սպայական կազմի և պաշտոնից հեռացումներ, և զորացրումներ: Ասեմ, որ ունենք նաև խրախուսումներ, որոնք կանխել են ինքնասպանություններ»:

Վերջին ավելի քան կես տարվա ընթացքում, ըստ Դավթյանի, ինքնասպանության 8 դեպք է կանխվել. - «Իրենք կարողանում են արդեն և ծնողները, և իրավապահ մարմիններն արդեն իրական վիճակով ասել՝ պատճառն ինչքան է կապված ծառայության հետ, բանակի հետ կամ այլ խնդիրների հետ: Կոնկրետ պատճառները ես ներկայացրել եմ հանձնաժողովին, չէի ցանկանա կրկնել, քանի որ մանավանդ դրանց մի մասը նեղ անձնական բնույթի տվյալներ են: Այո, կան, և դա կարող է հետևություն անել այսօրվա դեպքերի հետ կապված խնդիրներով», - նկատեց նա:

Պաշտպանության ու անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ պատգամավորները ևս փակ քննարկման ընթացքում պաշտոնանկությունների հարց բարձրացրել են: Քոչարյանը տարբերություն չի դնում՝ որտեղ է ողբերգությունը տեղի ունեցել, նա Հայաստանի զինված ուժերն ու Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակն անվտանգության մեկ միասնական համակարգի մեջ է դիտարկում։

«Որ պաշտոնանկություններ կլինեն, կասկած չունենաք: Դրանք նաև սթափեցնող դրսևորումներ ունեն, ունենք նաև այսպիսի փետրվար, որտեղ կարելի է սահմանել գուցե ինքնասպանությունների կամ ինքնասպանության հասցնելու դրսևորումների առումով շատ սուր», - շեշտեց պատգամավորը:

Պետք է հասնել նրան, ըստ Քոչարյանի, որ բանակում գերիշխի եղբայրության սկզբունքը անկախ կոչումներից. - «Ախպերության սկզբունքը բանակում անելիք չունի, բայց որ կան ցանկացած զորամասում էլ անհավասարության դրսևորումներ, որը ծնում է այդպիսի դեպքեր, այդ անհավասարության դրսևորմանը հասնելու մենք մեր քննարկումների մեջ այդ հարցերն ենք քննարկել: Ո՞նց է լինում, սովորական հեռախոսը կարող է դառնալ անհավասարության գործոն կամ ինչ-որ մեկի երեխա լինելը»:

Այսօրվա փակ քննարկման մասին կարծիքները տարբեր էին. Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ իրենց բազմաթիվ մտահոգիչ հարցերը ստացել են անաչառ պատասխաններ, իսկ ահա որևէ խմբակցությունում չընդգրկված Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքում գրեց՝ չափազանց հիասթափված է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ հանդիպումից։ Պատճառը, ըստ Բաբաջանյանի, այն է, որ նա իր անմիջական մեղավորությունն ու պատասխանատվությունը չի համարում վերջին շաբաթներին բանակում տեղի ունեցող սահմռկեցուցիչ դեպքերը։

XS
SM
MD
LG