Մատչելիության հղումներ

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրգործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով


Երեկ Արցախում զոհված պայմանագրային զինծառայող Հայկ Ասրյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Լեյտենանտ Ասրյանը ճակատի շրջանում ստացել էր մահացու հրազենային վնասվածք։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ այսօր ՔԿ-ի նախագահի հանձնարարությամբ՝ զինծառայողների մահվան դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով կազմված քննչական խմբերը գործուղվել են կայազորային քննչական բաժին։

Այս տարվա մեկուկես ամիսների ընթացքում բանակում խաղաղ պայմաններում արդեն տասնյակից ավելի զինծառայող է մահացել։ Այսօր իրավապաշտպանները հանրային քննարկում էին կազմակերպել։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ զինծառայողների մահացության դեպքերը խորապես չեն բացահայտվել, որի պատճառով էլ նման դեպքերը կրկնվում են։

«Մինչև մենք չունենանք պատժված մարդիկ, ովքեր պատասխանատու են այս ոլորտի համար, մենք չենք ունենալու դադար այս հարցով։ Աշխարհում չկա էդպիսի բանակ, որտեղ չկան զոհեր, չկան ինքնասպանություններ, չկան սպանություններ, չկա, պարզապես պետք է հասկանալ՝ այս թիվն արդյո՞ք նորմալ ու ադեկվատ է մեզ համար, պատերազմող պետության պայմաններում, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, որ սա նորմալ թիվ չի, ես համոզված եմ, որ բազմաթիվ գործերով կոծկումները հիմք են հանդիսանում, որ այսօր մենք ունենանք նոր զոհեր», - նշեց Կարապետյանցը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ Ազգային ժողովում անդրադարձավ բանակում գրանցված մահվան դեպքերին։ Ասաց, որ այդ խնդիրը հասկանալու համար պետք է հասկանանք, թե բակերում, դպրոցներում երեխաները միմյանց հետ ինչպես են շփվում, բանակի ողբերգական միջադեպերը համարեց նաև քրեական ենթամշակույթի դրսևորումների հետևանք։

Իրավապաշտպանը, մինչդեռ, նկատում է. «Ոչ մի բառ, ոչ մի պատասխանատվության խոսք սպայական կազմի վերաբերյալ, ոչ մի պատասխանատվության խոսք Պաշտպանության նախարարի, Գլխավոր շտաբի, Ռազմական ոստիկանության ու միայն հանրությունն է մեղավոր»։

Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր Արցախի պաշտպանության բանակի շտաբում՝ բանակի ռազմական խորհրդի անդամների և ռազմաիրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարել է ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են վերջին շրջանում Արցախի զինված ուժերում տեղ գտած մահվան ելքով դեպքերին վերաբերող հարցեր: Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ բանակի հրամանատարն առանձին-առանձին վերլուծության է ենթարկել կատարված դեպքերը, խոսել դրանց առաջացման հավանական պատճառների և հետագա անելիքների մասին:

«Յուրաքանչյուր զինվորի մահ ծանր կորուստ է մեզ համար և այդ կորստի մեղքի կրողը մեզնից ամեն մեկն է: Չնայած ամենօրյա խիստ ռեժիմով մեր կողմից իրականացվող աշխատանքներին, այդուհանդերձ, վերջին շրջանում տեղ գտած դեպքերը ցույց են տալիս, որ ինչ-որ բան ինչ-որ տեղ այնպես չենք անում», - ասել է Կարեն Աբրահամյանը:

Բանակի հրամանատարը, կարևորելով կատարված աշխատանքները, նշել է, որ չնայած զինծառայողների բարոյահոգեբանական ապահովման ոլորտի բարելավման ուղղությամբ շարունակական բնույթ կրող քայլերին, այնուամենայնիվ ակնհայտ են նաև թերացումներ, ինչի կապակցությամբ կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատու պաշտոնատար անձանց, իսկ ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներին կոչ արել, ցանկացած բնույթի իրավախախտում հայտնաբերելու դեպքում, լինել առավել հետևողական ու սկզբունքային՝ դեպքերի ծնող պատճառներն ու հանգամանքներն ի հայտ բերելու գործընթացում:

Ի դեպ, փետրվարի 18-ին Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, Պաշտպանության և Անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները անցկացնելու են համատեղ աշխատանքային փակ քննարկում՝ Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի մասնակցությամբ։

XS
SM
MD
LG