Մատչելիության հղումներ

Բունդեսթագի նախագահ. Գերմանիան աջակցում է ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին


Լուսանկարը՝ կառավարության աշխատակազմի
Լուսանկարը՝ կառավարության աշխատակազմի

Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեն Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպմանը վստահություն է հայտնել, որ այցը Բեռլին նոր ազդակ կհաղորդի հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը, հայտնում են վարչապետի աշխատակազմից:

«Ձեր երկիրը մեզ համար հետաքրքիր է որպես կայացած խորհրդարանական պետություն, քանի որ 2018 թվականից Հայաստանը կիսանախագահական կառավարման համակարգից ևս անցում է կատարել խորհրդարանական համակարգի»,- ասել է վարչապետը` կարևորելով այս ուղղությամբ գերմանական փորձի փոխանակումը` համակարգը մեր երկրում ավելի ֆունկցիոնալ դարձնելու նպատակով:

Վարչապետն անդրադարձել է Հայաստանում ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին և դրա հանգամանքներին: Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի Բունդեսթագի ներկայացուցիչներին որպես դիտորդ հրավիրել է հետևելու ինչպես հանրաքվեի ընթացքին, այնպես էլ հետագայում Սահմանադրական դատարանի համալրման գործընթացին:

Վոլֆգանգ Շոյբլեն գերմանական կողմի աջակցությունն է հայտնել ՀՀ-ում երկրում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին և ժողովրդավարական գործընթացին` ընդգծելով, որ ուշադրությամբ հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև համագործակցության զարգացմանը:

Հիշեցնենք, Հայաստանի վարչապետը Գերմանիայում է եռօրյա աշխատանքային այցով։ Կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունները նախատեսված են Երևանի ժամանակով ժամը 18-ին:

XS
SM
MD
LG