Մատչելիության հղումներ

«Պարզ, հստակ հարց ենք ներկայացնում ՀՀ քաղաքացուն». Վլադիմիր Վարդանյանը՝ հանրաքվեի մասին


Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի մեկնարկի նախաշեմին «Ոչ»-ի ճամբարի ճակատագիրը դեռ անհայտ է։

Նախկին իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայացուցիչները, թեև քննադատում են հանրաքվեն, սակայն դեմ են «Ոչ»-ի ճակատ ձևավորելուն։ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, արդարադատության նախկին նախագահ Դավիթ Հարությունյանը Հիմնական օրենքում իշխանության առաջարկած փոփոխությունները հակասահմանադրական է համարում։

«Ազատության» հետ զրույցում Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը արձագանքեց Դավիթ Հարությունյանի հայտարարությանը։

Ստորև՝ հատված հարցազրույցից.

«Ազատություն». – Դավիթ Հարությունյանը բավական կոշտ գնահատականներ տվեց, նշեց, որ հակասահմանադրական է, անգամ հանցագործություն բառը նշեց, որ հանցագործություն է պետականության հանդեպ, և բավական, նաև նշեց, որ մեծ հետևանքներ կարող է ունենալ միջազգային հանրության առջև։ Ինչպե՞ս եք այս քննադատությանը վերաբերվում։

Վլադիմիր Վարդանյան. – Չեմ կիսում իր գնահատականները որևիցե եղանակով՝ այն պարզ պատճառով, որ տվյալ հարցը չափազանց սպեցիֆիկ բնույթ է կրում, մեկ։ Երկրորդը՝ ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը, ո՛չ որևիցե այլ իրավական ակտ հստակ պատասխան չի տալիս՝ ինչ անել, եթե վեճ է առաջացել վեճ լուծող սուբյեկտի և մյուս սահմանադրական մարմինների միջև։

Գործող Սահմանադրությունը նախատեսում է արտակարգ մեխանիզմ՝ հնարավորություն ընձեռելով սահմանադրական մարմիններին, այսպես կոչված, սահմանադրական լիազորությունների վեճեր ունենալու հարցով դիմել Սահմանադրական դատարան։ Արտակարգ լիազորություն է։ Ի՞նչ անել, սակայն, եթե վեճը առաջացել է սահմանադրական մարմնի՝ մի կողմից, իսկ մյուս կողմից՝ այդ վեճը լուծող սուբյեկտի միջև։

Այստեղ, գիտե՞ք, եվրոպական մայրցամաքում կարծես թե որևիցե միասնական մոտեցում այս հարցի վերաբերյալ չկա, կա հստակ պատասխան՝ չգիտես ինչ անել՝ դիմիր իշխանության անմիջական կրողին և ստացիր նրա պատասխանը։

Այն բոլոր մանիպուլյատիվ մեկնաբանությունները, որ անպայման պետք է ստանալ Սահմանադրական դատարանի կարծիքը, որ Սահմանադրական դատարանում 9 անդամներից 7-ի շահագրգռվածությունը այս հարցում չի կարող որևիցե բան փոխել, և կարծիքը պետք է լինի, և Վենետիկի հանձնաժողովը տվել է նման եզրակացություն ալբանական... Նախ ասեմ, որ Ալբանիայում վեթինգի գործընթացը ամբողջությամբ տապալվեց և շատ քննադատվել և քննադատվում է Եվրոպական միության և այլ պետությունների կողմից, սա՝ մեկ։ Երկրորդը, տվյալ պարագայում ի վերջո մենք պարզ, հստակ հարց ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն՝ դուք ցանկանում եք, որ այս անցումային դրույթների կարգավորումները մնան մինչև 2037 թվակա՞նը, թե՞, այդուհանդերձ, դուք գտնում եք, որ սահմանադրական այն կարգավորումները, որոնք նախատեսում են Սահմանադրական դատարանի ձևավորման նոր կարգ, պետք է հնարավորինս արագ կյանքի կոչվեն, վերջ։

«Ազատություն». – Հիմա Սահմանադրական դատարանի անդամները ունեն հրաժարականի հնարավորություն և եթե հրաժարական ներկայացնեն առաջիկա երկու շաբաթում, նաև սոցիալական երաշխիքներ կպահպանեն։ Եվ հայտնի է նաև, որ Ազգային ժողովի նախագահը՝ Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունենում Սահմանադրական դատարանի անդամների հետ։ Ի՞նչ հարցեր են իրենք քննարկում։ Ի՞նչ կասեք այն մարդկանց, ովքեր սա դիտարկում են որպես ճնշում Սահմանադրական դատարանի անդամների վրա։

Վարդանյան. – Ես այս հարցի քննարկումը ծավալվելուց ի վեր բարձրացնում եմ ընդամենը մեկ հարց՝ որ մեզ անհրաժեշտ է երկխոսություն, առաջինը՝ Սահմանադրական դատարանի ներսում, և երկրորդը՝ սահմանադրական այլ մարմինների միջև։ Եթե Ազգային ժողովի նախագահը որոշում է կայացրել՝ հրավիրել, խոսել, դիսկուսիա ծավալել Սահմանադրական դատարանի անդամների հետ, ապա սա միայն և միայն ողջունելի է։ Նշված, ըստ էության, առաջարկով նաև հանդես է եկել Հայաստանի Հանրապետության վարչապետը, բայց կոնտրառաջարկ, այսինքն՝ պատասխան սրան, դեռևս չի հնչել։ Եվ գիտե՞ք, շատ նորմալ է, որ Սահմանադրական դատարանի դատավորները հանդիպում են Ազգային ժողովի նախագահի հետ։ Աննորմալ է, երբ որ Սահմանադրական դատարանի և Ազգային ժողովի միջև ընդհանրապես անջրպետը այնպիսին է դառնում, որ, օրինակ, մարդիկ պարզապես չեն ուզում իրար տեսնեն կամ իրար կողք նստեն։ Որովհետև, ի վերջո, Սահմանադրական դատարանը նաև ստուգում է Ազգային ժողովի աշխատանքը սահմանադրականության տեսանկյունից, և սա ոչ միայն մենք պետք է դիտարկենք իշխանությունների բաժանման, այլ նաև փոխադարձ համագործակցության տեսանկյունից։

Սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվեն Հայաստանում նշանակված է ապրիլի 5-ին, քարոզարշավը մեկնարկում է փետրվարի 17-ին։ Փոփոխություններով առաջարկվում է դադարեցնել մինչև 2018 թվականի ապրիլի 9-ն ընտրված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ու ևս 6 անդամների լիազորությունները։ Նախագիծը չի վերաբերում միայն ՍԴ դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG