Մատչելիության հղումներ

Արման Բաբաջանյան. ՍԴ անդամները գործարքի մեջ են Քոչարյանի հետ, նրա թիմից մեծ գումար են ստացել


Սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվեն Հայաստանում նշանակված է ապրիլի 5-ին։ Փոփոխություններով առաջարկվում է դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը ընտրված Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի ու ևս 6 անդամների լիազորությունները։

Սպասվող հանրաքվեին, ՍԴ-ի շուրջ շարունակվող զարգացումներին «Ազատության» հետ զրույցում անդրադառնում է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից.

«Ազատություն». - Հակառակ խորհրդարանական ընդդիմության՝ «Լուսավոր Հայաստանի», «Բարգավաճ Հայաստանի»՝ Դուք հանրաքվեն չեք քննադատում, և հիմա Ձեզ կասեն՝ ո՞ւր մնաց օրենքը, սահմանադրականությունը, Վենետիկի հանձնաժողովը և այլն:

Արման Բաբաջանյան. - Ես միայն հանուն իշխանությունից տարբերվող դիրքորոշման երբեք չեմ ընդդիմանա այն օրակարգերին, որոնք մշտապես եղել են իմ առաջնահերթությունների թվում, իսկ երկրում սահմանադրական ճգնաժամը հանգուցալուծելու գործին ես լծվել եմ ամիսներ առաջ և հասկանում եմ, որ հասունացել էր մի պահ, երբ որ այլևս պետք էր ճեղքել և այս շրջապտույտից դուրս գալ:

«Ազատություն». - Ասում են՝ ապօրինությամբ օրինականություն չեք վերականգնի:

Արման Բաբաջանյան. - Այն, ինչ եղել է Հայաստանում, եղել է ապօրինի, հակաժողովրդավարական, և ես կարծում եմ, որ մենք առաջին հիմնական քայլերն ենք անում և դնում ենք ժողովրդավարության քայլերը հիմա, այս հանրաքվեով վերջապես մենք, կարծում եմ, սահմանադրական կարգն ենք վերականգնում Հայաստանում: Վերջին հնարավորությունը չօգտագործել, որպեսզի հիմնավորապես մերժենք Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ռեժիմները, արդյո՞ք մենք պատրաստ ենք մեր տնից մի քանի քայլ չքայլելու:

«Ազատություն». - Եթե նրանք բացահայտ մտնեն ընտրապայքար, քանի որ խորհրդարանական ընդդիմությունը, արդեն պարզ է, «Ոչ»-ի շտաբ չի ձևավորելու, մնում է դրսում, Ռոբերտ Քոչարյանը ճակատ դուրս գա, Հանրապետականը և այլն...

Արման Բաբաջանյան. - Դուք կարծո՞ւմ եք, որ այս երկրում Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը իրենց արբանյակներով՝ Արփինե Հովհաննիսյան, Աշոտյան, Դավիթ Հարությունյանը, որը հարցազրույցներ է տալիս հակապետականության մասին, կարո՞ղ են փողոց դուրս գալ: Այդ մենք էինք փողոց դուրս գալիս և իրենց հակապետական և հակաժողովրդավարական միջոցների դեմ պայքարում էինք, իրենցից որևէ մեկը կարո՞ղ է համախոհներով դուրս գալ ժողովրդի մեջ և խոսե՞լ:

«Ազատություն». - Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը Սահմանադրական դատարանի այս պատմության հետ կապ ունի՞:

Արման Բաբաջանյան. - Էապես, շատ լավ իմանալով, որ մի քանի ամսից վճռվելու է նրանց Սահմանադրական դատարանից դուրս դնելու ակտը, այդ «այո»-ն վերջնականապես ժողովրդի քվեով նրանց վախճանն է ամրագրելու, հարց՝ ինչո՞ւ նրանք չեն օգտվում մինչև փետրվարի 27-ը նախանշված վաղաժամկետ կենսաթոշակի հնարավորությունից: Որովհետև խորապես հավատացած եմ, որ նրանք գործարքի մեջ են Ռոբերտ Քոչարյանի, նրա փաստաբանական թիմի հետ, և նրանք ավելի մեծ գումար են ըստ ամենայնի ստացել այդ թիմից՝ լուծելու հօգուտ Ռոբերտ Քոչարյանի այն գործի ավարտը, որի վերաբերյալ եզրակացություն է սպավում Մարդու իրավունքների եվրոպական դատարանից և Վենետիկի հանձնաժողովից:

«Ազատություն». - Այդ դեպքում հնարավոր է մինչև հանրաքվեն:

Արման Բաբաջանյան. - Չի բացառվում, որ այդ եզրակացությունը կլինի, բայց ես ասեմ, որ ձեռնամուխ եմ եղել մի ուրիշ կարևոր աշխատանքի, որի վերաբերյալ վերջերս դիմել եմ վարչապետին և Ազգային ժողովի նախագահին, և հույս ունեմ, որ առաջիկայում իմ ձեռքին արդեն պաշտոնապես կլինի այն խոսակցության, պաշտոնական հանդիպման վերաբերյալ արձանագրությունը, որտեղ Սահմանադրական դատարանի գործող անդամները՝ նախագահի ղեկավարությամբ, Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ հստակ դիրքորոշում են հայտնում: Ես կարծում եմ, որ սա պիտի լինի հստակ ունենիշ, ազդակ, որ այս դատարանը ներկա կազմով առնվազն չի կարող որոշում կայացնել, քննել Ռոբերտ Քոչարյանի գործը:

«Ազատություն». - Կա՞ դրա ձայնագրությունը:

Արման Բաբաջանյան. - Կա Արտաքին գործերի նախարարության համապատասխան պաշտոնյայի կողմից արված արձանագրություն հանդիպման ամբողջ բովանդակությունը:

«Ազատություն». - Դրսո՞ւմ է եղել հանդիպումը:

Արման Բաբաջանյան. - Լատվիայում է եղել հանդիպումը: Եղել է Լատվիայի սահմանադրական դատարանի նախագահի հետ պաշտոնական հանդիպման ժամանակ, և դիրքորոշում է հայտնել Հրայր Թովմասյանը Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ, նաև խոսել է իշխանության կողմից Սահմանադրական դատարանի անդամների նկատմամբ հետապնդումների վերաբերյալ:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG