Փաստաբան Գևորգ Գյուզալյանի կարծիքով՝ առաջարկվող սահմանադրական փոփոխությունների հարցում «ավելի իմաստուն որոշում կլինի չհենվել օրենքների ֆորմալիստական, պոզիտիվիստական ընկալման վրա և թողնել, որպեսզի ժողովուրդը, ամեն դեպքում, իր գնահատականը տա Սահմանադրական դատարանին»։
«Մի պահ, ենթադրենք, ուղարկում են Սահմանադրական դատարանին, իսկ արդյո՞ք Սահմանադրական դատարանը կարող է քննել այդ խնդիրը, կարո՞ղ է օրենքը դիտարկել անաչառության սկզբունքին համապատասխան», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավաբանը՝ ընդգծելով, որ միանշանակ՝ օբյեկտիվ չի լինի դատարանի որոշումը. - «Որովհետև հայտնի է, դա դատավարական բոլոր իրավունքներում կա, որ դատավորը չի կարող իր վերաբերյալ գործ քննել։ Եվ եթե մի նախագծով առաջարկվում է, որ Սահմանադրական դատարանի առնվազն 7 դատավորի լիազորությունները դադարեցնեն, այդ նախագիծը ուղարկել այդ 7 անդամներին՝ պլյուս 2, ես կարծում եմ՝ այստեղ կազուս է և բախումնային վիճակ»։
Գյոզալյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ «ըստ էության մենք ունենք սահմանադրական մարմինների միջև առկա վեճ». - «Ակնհայտ է, որ գործադիրը և օրենսդիրը վեճ ունեն Սահմանադրական դատարանի հետ։ Առհասարակ սահմանադրական կարգավորումներում այս վեճերը լուծում է Սահմանադրական դատարանը, եթե սահմանադրական մարմինների միջև վեճ է լինում, բայց այս վեճի մի կողմը, ըստ էության, Սահմանադրական դատարանն է։ Ուստի այս առումով, ես կարծում եմ, անարդյունավետ է առնվազն, հիմնվելով ֆորմալիստական մոտեցման վրա, այդ նախագիծը ուղարկել Սահմանադրական դատարան, որովհետև անգամ եթե այդ որոշումը կայացվի և համարվի, որ սահմանադրական այդ նախագիծը չի համապատասխանում Սահմանադրությանը, դա չի լինի հեղինակավոր կամ չի արտահայտի օբյեկտիվ արդարության շահը»։
Հարցին էլ՝ «եթե ընդդիմադիր ուժերին հաջողվի հավաքել անհրաժեշտ ձայների քանակը և դիմել Սահմանադրական դատարան, այդ դեպքո՞ւմ փաստորեն ինչ է լինում», իրավաբանն արձագանքեց. - «Ընդդիմադիրներին կարող է հաջողվել այս փուլում դիմել, ընդդիմադիրներին կարող է հաջողվել հանրաքվեի արդյունքները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը բողոքարկել Սահմանադրական դատարանին, գիտե՞ք, կարելի է դիմել՝ հենվելով ֆորմալ օրենքների վրա։ Բայց կրկին ես այստեղ շատ կարևորում եմ արդարության շեշտադրումը՝ մենք ի՞նչ ենք ուզում, ի վերջո՝ ո՞վ է գերիշխանը այստեղ։ Ես կարծում եմ, որ գերիշխանը ժողովուրդն է»։
«Եթե ունենք ինչ-որ մի խնդիր, որը ակնհայտորեն Սահմանադրական դատարանը չի կարող լուծել, ապա այս դեպքում, ես կարծում եմ, որ այդ ծերունին՝ ալեհեր, իմաստուն, որը պետք է լուծի այս խնդիրը, դա միանշանակ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, այսինքն՝ գերիշխանը նա է», - շեշտեց Գևորգ Գյոզալյանը։
Սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվեն Հայաստանում նշանակված է ապրիլի 5-ին։ Փոփոխություններով առաջարկվում է դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը ընտրված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ու ևս 6 անդամների լիազորությունները։ Նախագիծը չի վերաբերում միայն ՍԴ դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։
Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ.